Իշխանությունները լուրջ չեն մոտենում մամուլին․ Աշոտ Մելիքյան

Իշխանությունները լուրջ չեն մոտենում մամուլին․ Աշոտ Մելիքյան
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանից Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե մամուլում պարբերաբար հրապարակվող կոռուպցիայի մասին նյութերն, ըստ իրեն, ունենո՞ւմ են իրավական հետեւանքներ։ «Ցավոք, որպես կանոն, ոչ։ Եվ դա երեւի ամենացավալի փաստն է։ Այն որակյալ ԶԼՄ-ները, որոնք հրապարակում են այդ նյութերը, դա անում են ստուգված փաստերի հիման վրա։ Խոսքը ասեկոսեների հիման վրա կառուցված նյութերի մասին չէ։



Մենք գիտենք, որ կան մի շարք ԶԼՄ-ներ, որոնք ուսումնասիրում են հենց կոռուպցիոն երեւույթները եւ նյութերը պատրաստելիս բազմաթիվ աղբյուրներից են օգտվում, տարբեր փաստեր են հավաքում։ Եվ այդպիսի հրապարակումներն անհետեւանք թողնելը իրավացի չէ, եւ ստացվում է, որ իրավապահ մարմինները լուրջ չեն մոտենում դրան։ Եվ առհասարակ՝ իշխանությունները լուրջ չեն մոտենում։ Այսօրվա միջոցառման ժամանակ լավ է, որ կարեւորվեց «Ազատություն» ռադիոկայանի գործունեությունը։ Խոսքը ընտրությունների մասին էր, սակայն նույն «Ազատությունը», hetq.am-ը լուրջ ուշադրություն են դարձնում կոռուպցիայի փաստերի վերհանմանը։ Եվ եթե իշխանությունները լուրջ մտադրություն ունեն, ապա գոնե համաձայնագրի կնքումից հետո պետք է հրապարակումներին լուրջ ուշադրություն դարձնեն»,- ասաց Աշոտ Մելիքյանը։