Վերադարձի լույսը՝ Նորայր Գրիգորյանի «Կանաչ գիր» նոր ժողովածուում

Վերադարձի լույսը՝ Նորայր Գրիգորյանի «Կանաչ գիր» նոր ժողովածուում
Լույս է տեսել բանաստեղծ, ՀԳՄ անդամ Նորայր Գրիգորյանի «Կանաչ գիր» բանաստեղծությունների ժողովածուն, որտեղ ընդգրկված են հեղինակի վերջին մեկ տարվա ստեղծագործությունները։ Գիրքը բաղկացած է 4 խորագիր- բաժիններից՝ «Առանց ժամանակի կամ Երեւանի ժամանակով», «Շաբաթվա ութերորդ օրը», «Ուշացող անձրեւի փոխարեն» եւ «Խրամատի թաց պատին»։ Ինչպես բանաստեղծն է նկատում՝ «Առանց ժամանակի կամ Երեւանի ժամանակովը» պոեմանման շարք է՝ տրամաբանորեն իրար շաղկապված բանաստեղծություններով։ «Արտագաղթի մասին շատ բանաստեղծություններ կան, բայց վերջում՝ «Հետգրության» մեջ նաեւ մի լուսավոր բան կա՝ վերադառնալու կամ մնալու հույս։ Օրինակ՝ նախորդ իմ գրքերում մի քիչ անհուսություն կար, որովհետեւ դեռ հույս կար, որ արտագաղթը կարող է կանգնել, եւ մարդիկ կսկսեն վերադառնալ, բայց հիմա, երբ արդեն դրա հույսն էլ չկա, փորձել եմ լավատեսորեն ավարտել գիրքը՝ ի տարբերություն նախորդների»։



Թերեւս հենց այդ լավատեսությամբ էլ պայմանավորված է նաեւ գրքի վերնագիրը՝ «Կանաչ գիր»։ «Եթե մի քիչ պարզունակ ասեմ, կանաչը հենց այդ վերադարձի լույսն է, այն հույսը, որ մարդիկ պետք է վերադառնան։ Բոլորս գիտենք, թե այսօր ինչ է տեղի ունենում Երեւանում ու մարզերում, ավելին՝ մարզերի երգն արդեն երգված է, մնում է Երեւանը, գոնե Երեւանը չկորցնենք։ Սա նաեւ իմ 3-րդ գիրքն է, որտեղ մի բաժին անպայման նվիրվում է բանակի, պատերազմի թեմային»,- նկատում է բանաստեղծը։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**