Որ երկրում ինչ են խոսում գարդասիլից. ծնողը երաշխիք է ուզում

Որ երկրում ինչ են խոսում գարդասիլից. ծնողը երաշխիք է ուզում
_Հարցազրույց Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, գիտական խմբի ղեկավար, ԿԳԹ Հովակիմ Զաքարյանի հետ:_



**- Մարդուն հասկանալու համար նրան ճանաչել է պետք։ Նույնը` կենդանիներին, միկրոօրգանիզմներին, վիրուսներին: Պապիլոմավիրուսից, սպասվող պատվաստումներից ծնողները վախեր ունեն. դպրոցում, վարսավիրանոցում լսել են, սոցցանցերում ինչ ասես կարդացել եւ չեն կողմնորոշվում։ Դուք մանրէաբան եք, գիտնական, ով երկար ժամանակ է անցկացրել մանրադիտակների ու գրքերի հետ, թերեւս Ձեզնից լավ ոչ ոք չի ճանաչի պապիլոմավիրուսը։ Ինչո՞վ է, այսպես ասած, «ապրում», «շնչում» այն, որտեղի՞ց է եկել ու «կպել» մարդուն:**



- Բնության մեջ կան հարյուրավոր տեսակի վիրուսներ։ Որոշ վիրուսային վարակներ անցնում են առանց լուրջ ախտանշանների, որոշներն առաջացնում են բարդություններ, օրինակ` լյարդի խանգարումներ, որոշ վիրուսներ էլ կարող են առաջացնել քաղցկեղ: Այդպիսի վիրուսներից է մարդու պապիլոմավիրուսը: Այսօրվա դրությամբ հայտնի են 170-ից ավելի մարդու պապիլոմավիրուսի տարատեսակներ, որոնք հանդիպում են նաեւ կենդանիների մոտ։ Մարդու օրգանիզմում պապիլոմավիրուսը բազմանում է մաշկի՝ էպիդերմիսի բջիջներում: Եթե մարդը վարակվում է պապիլոմավիրուսով, ապա վարակից մեկ տարի անց 90% դեպքերում օրգանիզմն իմունային համակարգի շնորհիվ ինքնուրույն ազատվում է վիրուսից: Մնացած 10%-ի մոտ կարող են առաջանալ լուրջ խնդիրներ, այդ թվում՝ քաղցկեղի տարբեր տեսակներ, մասնավորապես` արգանդի պարանոցի քաղցկեղ:



**- Ինչո՞ւ է վիրուսը «սիրում» ու ընտրում հենց կանանց, ինչպե՞ս է գործում կնոջ օրգանիզմում։ Տղամարդկանց համար այն վտանգավոր չէ՞։**



- Իրականում վիրուսը չունի որեւէ «նախապատվություն»: Ե՛վ տղամարդը, ե՛ւ կինը կարող են հավասար հավանականությամբ վարակվել պապիլոմավիրուսով: Տղամարդկանց դեպքում պապիլոմավիրուսը կարող է առաջացնել սեռական օրգանների եւ հետանցքի քաղցկեղ: Քաղցկեղի առաջացման մեխանիզմը նույնն է: Վիրուսն ունի երկու գեն, որոնց ակտիվության շնորհիվ վարակված բջիջները՝ կերատինոցիտները, սկսում են անկանոն բաժանվել։ Բջիջների նման վարքագիծը քաղցկեղի առաջացման առաջին քայլն է: Օրգանիզմում որքան շատ բջիջներ են վարակվում, այդքան շատ բջիջներ են սկսում անկանոն բաժանվել եւ շատանալ՝ հանգեցնելով քաղցկեղի:



**- Թշնամուն հաղթելու համար պետք է գտնել նրա թույլ կողմը: Բժիշկները հասկացել են, որ արգանդի պարանոցի քաղցկեղ առաջացնող պապիլոմավիրուս «թշնամու» դեմ պետք է պայքարել նախ պատվաստումով։ Սակայն պատվաստման եւ պատվաստանյութի շուրջ աղմուկ բարձրացավ։ Ինչո՞ւ գարդասիլը «չսիրվեց»։ Խոսենք պատվաստանյութի դրական ու բացասական կողմերի մասին:**



- Գրեթե բոլոր պատվաստումները տարբեր երկրներում, տարբեր դրդապատճառներով ունեցել են ընդդիմադիրներ։ Օրինակ՝ կարմրուկ, կարմրախտ, խոզուկ (ԿԿԽ) եռավալենտ պատվաստանյութի դեմ շարժումն սկսվեց Մեծ Բրիտանիայում՝ 1990-ական թվականներին, երբ մի անգլիացի բժիշկ հայտնեց, որ կա կապ աուտիզմի առաջացման եւ ԿԿԽ-ի պատվաստման միջեւ: Հետագայում պարզվեց, որ այդ բժշկի բոլոր փաստարկները կեղծ էին, իսկ նրա նպատակն էր, վարկաբեկելով եղած պատվաստանյութը, նոր՝ իբրեւ ավելի անվտանգ պատվաստանյութ վաճառել: Բոլոր հակապատվաստումային շարժումների հիմքում նման պատմություններ են՝ զուրկ որեւէ իրական գիտական փաստարկներից: Բացառություն չէ նաեւ գարդասիլը: Իրականությունն այն է, որ մի շարք երկրներում, որտեղ առաջինն սկսեցին օգտագործել այս պատվաստանյութը, օրինակ` ԱՄՆ-ում, Գերմանիայում, Դանիայում, Ավստրալիայում, Կանադայում, քաղցկեղածին պապիլոմավիրուսով վարակի դեպքերը 20 տարեկանից ցածր աղջիկների շրջանում վերջին 10 տարվա ընթացքում նվազել են շուրջ 64%-ով։ Արդեն կա նաեւ վիճակագրություն արգանդի պարանոցի քաղցկեղի վերաբերյալ: Օրինակ, Ավստրալիայի Վիկտորյա քաղաքում, որտեղ վերջին 10 տարվա ընթացքում կանանց շրջանում պատվաստման ընդգրկվածությունը հասել է շուրջ 80%-ի, արգանդի պարանոցի նորագոյացությունների առաջացման դեպքերը նվազել են 21%-ով: Ընդամենը 10 տարվա ընթացքում: Սա հիանալի արդյունք է:



**- Չբերություն, «հայու գենի» ոչնչացում… Ձեր կարծիքով, ինչո՞ւ նման ասեկոսեներ տարածվեցին։ Այս խոսակցությունները որքանո՞վ են ճշմարտությանը մոտ։**



- Չբերությունը եւ «հայու գենի» ոչնչացումը սուտ է, որը տարածվել է Հայաստանում: Այլ երկներում գարդասիլի անվան հետ կապված են այլ բնույթի ստեր, օրինակ՝ այն, որ գարդասիլն առաջացնում է քրոնիկ հոգնածության համախտանիշ կամ թրոմբոզներ: Հասկանում եք, մեր ժամանակներում շատ հեշտ է ստեղծել եւ տարածել նման սուտ: Բավական է, որ մի կայքում գրվի, որ պատվաստանյութն աղջիկների մոտ առաջացնում է չբերություն, եւ կգտնվեն մարդիկ, որոնք այդ «փաստը» շատ արագ կտարածեն սոցիալական ցանցերով։ Իհարկե, կլինեն նաեւ մարդիկ, որոնք կուրորեն կհավատան դրան:



**- Ծնողներն ուզում են երաշխիք՝ եթե մի բան այն չլինի, ո՞վ է պատասխանատու։ Ստուգվա՞ծ է արդյոք պատվաստանյութը, կա՞ն հետազոտություններ։**



- Գարդասիլի կլինիկական փորձարկումները տեւել են ավելի քան տասը տարի՝ տարբեր երկրների շուրջ 60 հազար մարդու շրջանում: Բոլոր փորձարկումները ցույց են տվել, որ այս պատվաստանյութը չափազանց անվտանգ է: Մինչ այժմ օգտագործվել է գարդասիլի ավելի քան 270 միլիոն չափաբաժին, եւ միայն պատվաստումների 0.05% մոտ են գրանցվել բարդություններ, օրինակ՝ գլխապտույտ, տեղային ցավ կամ ալերգիկ ցան եւ այլն: Նման ցածր տոկոսը պայմանավորված է նրանով, որ, ի տարբերություն այլ պատվաստանյութերի, գարդասիլն իր մեջ չի պարունակում ամբողջական վիրուս: Այն կազմված է վիրուսային սպիտակուցից, որը մեր օրգանիզմում առաջացնում է իմունային հիշողություն՝ իմունիտետ վիրուսի նկատմամբ: Այսինքն՝ պատվաստանյութի մեջ չկա վիրուս, այլ կա նրա մի բաղադրիչը, որը բավական է իմունիտետի ձեւավորման համար: Եվ այդ սպիտակուցը, առանձին վերցրած, բացարձակ վտանգավոր չէ մարդու համար:



**- Կա՞ն երկրներ, որ հրաժարվել են գարդասիլից եւ ինչո՞ւ։**



- Գարդասիլը կիրառվում է ավելի քան 120 երկրում, որոնցից 74-ում` ազգային ծրագրով: Մամուլում նշվում է, որ Ճապոնիայում արգելված է այս պատվաստանյութը: Դա հերթական սուտն է: 2013թ. ծրագիրը ժամանակավորապես կասեցվել էր՝ գրանցված բարդացումների ուսումնասիրության համար: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ լուրջ բարդացումներից եւ ոչ մեկը կապված չէր պատվաստման հետ:



**- Պատվաստանյութերը պետք է ներդնել ազգային մակարդակով, քանի որ այդ դեպքում է հնարավոր ստեղծել «կոլեկտիվ իմունիտետ»։ Ինչպե՞ս սա ավելի պարզ կբացատրեք, եթե շատ մարդ հրաժարվի, ի՞նչ վտանգներ կլինեն։**



- Որքան բարձր է պատվաստված մարդկանց տոկոսը շրջապատում, այնքան ցածր է հավանականությունը, որ չպատվաստվածը կհանդիպի վարակված մարդուն եւ կհիվանդանա: Եթե պոպուլյացիայում պատվաստված մարդկանց տոկոսը շատ բարձր է, ապա վիրուսը կամ բակտերիան չեն կարողանում տարածվել եւ վերանում են: Մինչեւ 1960-ականները բնական ծաղկից ամեն տարի շուրջ 2 միլիոն մարդ էր մահանում: 1980թ. պատվաստվածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցեց 90%-ը, եւ բնական ծաղիկը վերացավ: Այսօր այդ վիրուսը գոյություն չունի բնության մեջ, քանի որ կոլեկտիվ իմունիտետը թույլ չտվեց դրան տարածվել եւ շատանալ: Պատվաստման շնորհիվ մենք հաղթեցինք մարդկության պատմության ամենադաժան վարակներից մեկը, որը միայն 20-րդ դարում խլեց ավելի քան 100 միլիոն մարդու կյանք: Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ պատվաստման ազգային ծրագրերի նույնիսկ ժամանակավոր ընդհատումները բավական են, որպեսզի մոռացված վարակները վերադառնան: Սիրիայում, հայտնի պատճառներով, նվազել է պոլիովիրուսի դեմ պատվաստման հաճախությունը, եւ արդեն գրանցվում են պոլիոմիելիտի բազմաթիվ դեպքեր, նույնիսկ` մահեր: Հետեւաբար, յուրաքանչյուրիս շահերից է բխում, որ հասարակության բոլոր անդամները պատվաստված լինեն:



**- Ձեր կարծիքով, այս ծրագիրը կհաջողվի՞, թե՞ ոչ։ Ի՞նչ պատկեր կունենանք ներդնելուց տարիներ անց։**



- Ծրագրի հաջողությունը կախված է նրանից, թե որքան բարձր կլինի պատվաստման ընդգրկվածությունը Հայաստանում: Որքան շատ մարդ պատվաստված լինի պապիլոմավիրուսի դեմ, այդքան ավելի քիչ վարակի դեպքեր կգրանցվեն, հետեւաբար՝ կնվազեն նաեւ քաղցկեղի դեպքերը: Ծրագրի հաջողության դեպքում հիվանդացության եւ մահացության ցուցանիշներն էապես կնվազեն:



**Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ**