Մակերեսային գնահատականներ

Մակերեսային գնահատականներ
Մենք իրավիճակային լուծումների, սրընթաց ակցիաների ու սպոնտան բռնկումների ազգ ենք։ Համակարգային, կանոնավոր աշխատանքն ու համառ, հետեւողական պայքարը մերը չեն։ Այն, ինչ տարիներ առաջ հուզել ու վրդովվեցրել է մեզ, ստիպել դուրս գալ փողոց, պայքարել, ընդվզել, այսօր մոռացության է տրվել՝ անցել պատմության գիրկը։



Հիշո՞ւմ եք՝ երբ քանդում էին Երիտասարդական պալատը, ինչ աղմուկ ու ընդվզում կար։ Ե՛վ ճարտարապետները, ե՛ւ հասարակության տարբեր խավեր բողոքում էին մեր պատմությունն ու հիշողությունները ջնջելու փորձերի դեմ, մեզ համար խորհրդանշան հանդիսացող կառույցը ոչնչացնելու դեմ։ Հետո «Զվարթնոց» օդանավակայանի շենքի համար պայքարի շրջանը եկավ՝ նորից աղմուկ, ասուլիսներ, հայտարարություններ։ Հիմա ասուլիս տվողները լռել են, ասուլիսները լուսաբանողները՝ մոռացության մատնել։ Այնպես, ինչպես մոռացության մատնեցին Փակ շուկան եւ այն «հիմնանորոգելու» Սամվել Ալեքսանյան-օլիգարխի ձեռնարկները։ Ինչպես մոռացվեց Մարտի 1-ի ու Հոկտեմբերի 27-ի հանցագործությունները բացահայտելու, դրանց պատվիրատուներին ու բոլոր կատարողներին պատժելու պահանջը։ Իսկ որքա՜ն կարճ է քաղաքական գործիչների հետ կապված մեր հիշողությունը։ Մենք կարող ենք քանիցս գահընկեց անել, ապա կրկին գահ բարձրացնել նույն անձանց։



Միայն Արթուր Բաղդասարյանի քաղաքական կենսագրությունը հանրային «մոռացկոտության» լավագույն ապացույցներից է։ Բայց միեւնույն ժամանակ՝ ինչքա՜ն մակերեսային են մեր գնահատականները, եւ որոշ քաղաքական դեմքերի հանդեպ որքան դաժան կարող ենք լինել եւ մի անզգույշ բառի, մի անփույթ արտահայտության, մի վրիպումի համար խստորեն պատժել։ Միեւնույն ժամանակ չնկատելով ու մոռանալով նրանց, ովքեր էական վնաս են պատճառել հանրությանը եւ հանրային շահերին։



**Արմինե ՕՀԱՆՅԱՆ**