Կլանային համակարգում ընտանիքները ձևավորվում են կլանային սկզբունքով

Կլանային համակարգում ընտանիքները ձևավորվում են կլանային սկզբունքով

Վերջին ամիսներին հանրային տիրույթում ամենից շատ քննարկվող թեման ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի նախագիծն է։ Բնականաբար ծավալվող քննարկումները չէին կարող սահմանափակվել միայն օրենքի նախագծի առանձին դրույթներով, բանավեճի կենտրոնական թեմա դարձավ հենց ընտանիքի ինստիտուտը, ինչպես նաև դրա կարգավիճակը հայկական միջավայրում։

Թեմայի շրջանակներում չափազանց հետաքրքրական է նաև ուսումնասիրության թիրախ դարձնել քաղաքական «էլիտայի» պատկերացումները ընտանիքի և ընտանեկան արժեքների վերաբերյալ։ Նշենք, որ Հայաստանում դասական իմաստով քաղաքական համակարգ գոյություն չունի։ Կարելի է ասել, որ մենք գործ ունենք տարատեսակ կլանների հետ, որոնք բոլորը միասին կազմում են մեկ ամբողջություն, ձևավորում են ազդեցության բիզնես ոլորտներ և այդ ամեի շարունակականությունն ու կայունությունը ապահովելու համար իրենց համար կնքահայր (պախան) ընտրում։ Վերջինս բոլոր կլանների առաջնորդն է, ունի «դատավորի» գործառույթներ, այսինքն՝ պետք է կարողանա հարթել խմբավորումների միջև ի հայտ եկած կոնֆլիկտները, երաշխավորի ֆեոդալական սկզբունքով կլանների միջև բաժանված ազդեցության ոլորտների անձեռնմխելիությունը։

Բացի այդ «պախանը» ունի նաև պատժիչ ֆունկցիա, նա պարտավոր է պատժել բոլոր նրանց, ովքեր խախտել են կլանային սկզբունքներն ու ավանդույթները։ Այսինքն՝ գործ ունենք մաֆիային բնորոշ ինչ-որ համակարգի հետ։ Ինչևիցե չխորանալով մանրամասների մեջ՝ միայն նշենք, որ այդ կլանային համակարգում որպես կանոն ընտանիքներն էլ ձևավորվում են այդ նույն սկզբունքով։ Ավելացնենք, որ դա փակ հանրույթ է։ Կլանի անդամները աշխատում են ամուսնություններ կազմակերպել միայն կլանի ներսում։ Այսինքն այդպիսի ընտանիքների հիմքում ընկած են շահը, հաշվենկատությունը և իշխանատենչության մոլուցքը։

Օրինակ՝ օլիգարխները իրենց երեխաներին ամուսնացնում են նախարարների, դատավորների ու դատախազների երեխաների հետ, իսկ քաղաքական գործիչներն էլ աշխատում են խնամիական հարաբերություններ հաստատել օլիգարխների հետ, քանի որ վերջիններիս ֆինանսական միջոցները կարող են վճռական դեր խաղալ նախընտրական կամպանիաներում։ Ընդհանրապես Հայաստանի պաշտոնյաների և օլիգարխների մեծ մասը իրար հետ կապված են քավոր-խնամիական կապերով։ Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը պարբերաբար ներկա է լինում գրեթե բոլոր ներիշխանական պսակադրություններին ու մկրտության ծեսերին, այլ խոսքով ասած՝ «քեֆերին», չե՞ որ նա բոլորի «կնքահայրն» է, «պատրոնը», «պախանը» և պետք է իր «հայրական» օրհնությամբ հաստատի ներկլանային միությունը, քանի որ այդ միությամբ ոչ միայն ընտանիք է ձևավորվում, այլ նաև շահեր ու բիզնեսներ են միաձուլվում։ Ակնարկն այս գրելիս պարբերաբար վերհիշում էի «Կոզա Նոստրան» և Նյու Յորքի հայտնի 5 ընտանիքներին, քանի որ քավոր-խնամիական այս նույն համակարգը գործում է նաև իտալական մաֆիայում։

Չափազանց դրամատիկ իրավիճակ է ստեղծվում, երբ քաղաքական կամ կլանային կոնֆլիկտներ են ի հայտ գալիս այն պաշտոնյաների միջև, որոնք իրար հետ խնամիական սերտ կապերի մեջ են գտնվում։ 2014 թ․ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաններից մեկը ստիպված էր «բամփել» իր որդու աներոջը, որը Հայաստանի ամենահայտնի գործարարներից ու քաղաքական գոերծիչներից է։ Քաղաքական «էլիտայի» մաֆիոզային այս փոխհարաբերությունները թողնենք մի կողմ և ուշադրություն դարձնենք մի փոքր այլ խնդրի վրա։ Արդյո՞ք երջանիկ են փողի և շահի հիման վրա կառուցված ընտանիքները։ Կարելի է ենթադրել, որ՝ ոչ։ Մեծ մասը դժբախտ են։ Նրանք ստիպված են հանդուրժել՝ խեղդելով բոլոր զգացմունքներն ու հույզերը։

Նշենք, որ ադաթը կլանային համակարգի հիմնասյուններից մեկն է և դրանից ելնելով պաշտոնյանների կանայք ապրում են տան «զարդարանքի», «ապրանքի» կարգավիճակում։ Եվ այսքանից հետո ի՞նչ ենք մենք ուզում ժողովրդից, եթե «էլիտա» կոչվածը շատ ավելի հետադիմական է քան ժողովրդական զանգվածները։ Ընտանեկան բռնությունը Հայաստանում արմատախիլ կարվի այն ժամանակ, երբ իշխանության գան ավելի բարձր արժեքային նշաձող ունեցող մարդիկ, որոնք չեն ապրի մաֆիայի կլանային տրամաբանությամբ։