Նոր գրադարան-սրճարան՝ «Ակտուալ ակումբ»

Նոր գրադարան-սրճարան՝ «Ակտուալ ակումբ»
«Նոյյան տապան» գրախանութում շուտով գործելու է գրադարան-սրճարան: Ինչպես տեղեկացրեց գրախանութի PR եւ իվենթ մենեջեր, բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանը, գաղափարն իրենն է, որին գրախանութի տնօրինությունը սիրով աջակցել է։



Գրադարան-սրճարանը գործելու է գրախանութի ներքեւի սրահում, որտեղ, ի դեպ, այսօր, ժամը 15։00-ին տեղի է ունենալու արձակագիր Լեւոն Խեչոյանի «Սեւ գիրք, ծանր բզեզ» վերահրատարակված գրքի շնորհանդեսը, ինչպես նաեւ ցուցադրվելու են դոկումենտալ լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի լուսանկարները։



Թե ինչ ձեւաչափով եւ ռեժիմով է աշխատելու գրադարան-սրճարանը, ընթերցողները հնարավորություն կունենա՞ն գրախանութի գրքերից եւս ընթերցելու, ապա այս եւ մի շարք այլ հարցեր դեռ քննարկման փուլում են․ «Մոտ տասն օր անց կլինի բացումը, ու ամեն ինչ կլինի ավելի հստակ։ Այս պահի դրությամբ միայն կարող եմ ասել, որ համագործակցում ենք «Ակտուալ արվեստ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Մաթեւոսյանի հետ, իր բոլոր գրքերը միայն մեզ մոտ են վաճառվելու, լինելու է հատուկ անկյուն, նաեւ՝ ցուցասրահ»։ Գրադարան-սրճարանը, որը կոչվելու է «Ակտուալ ակումբ», լինելու է նաեւ քննարկումների, բանավեճերի, ընթերցումների, ֆիլմերի դիտումների վայր։