Ինչպես եւ ինչ միջոցառումներով է նշվելու Հայաստանի Հանրապետության եվ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը

Ինչպես եւ ինչ միջոցառումներով է նշվելու Հայաստանի Հանրապետության եվ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը
Դեռ ապրիլին նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց Հայաստանի Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու մասին, որի նախագահ նշանակվեց հանրապետության վարչապետը: Նախագահից եւ վարչապետից բացի, հանձնաժողովում ընդգրկված են նաեւ բոլոր նախարարները։ Ինչպես մեզ տեղեկացրեց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ինքն ընդգրկված է հանձնաժողովի աշխատանքային խմբերում, որի ուղղությամբ մշակույթի նախարարությունն անելիքներ ունի։



100-ամյակին նվիրված միջոցառումների մեծ մասն արդեն հաստատված է։ Մշակույթի նախարարությունն իրեն առնչվող մասով արդեն հայտարարել է Հայաստանի Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի խորհրդանիշի եւ կարգախոսի մրցույթ։ Պատմության թանգարանում լինելու է մեծ ցուցահանդես՝ նվիրված մայիսյան հերոսամարտերին։ Ինչ վերաբերում է մայիսի 18-ին նախատեսված միջոցառումներին, ապա բոլոր մարզկենտրոններում լինելու են տոնական համերգներ, որոնց աշխատանքները նույնպես համակարգելու է մշակույթի նախարարությունը։ «Եվ բացի դրանից՝ մանր ու մեծ բազմաթիվ միջոցառումներ, որ մեր ոլորտի ներսում են լինելու՝ թանգարաններում, համերգային կազմակերպություններում»,-ասաց Պողոսյանը։ Հանրապետության հրապարակում մայիսի 18-ին նույնպես մեծ համերգ է լինելու, որի համակարգողն ու կազմակերպիչը կառավարության աշխատակազմն է։ Թատերականացված մեծ համերգ-միջոցառում է լինելու նաեւ Սարդարապատում, որի աշխատանքներն էլ համակարգելու է պաշտպանության նախարարությունը։



Թե ընդհանուր ինչքան գումար է հատկացված տոնակատարությունների համար, Արթուր Պողոսյանը նշեց, որ յուրաքանչյուր ծրագիր առանձին իր բյուջեն ունի, ինքը կարող է միայն մշակույթի նախարարության մասով պատասխանել, ըստ այդմ՝ պատմության թանգարանում նախատեսված ցուցահանդեսի համար հատկացված է մոտ 15 մլն․ դրամ, 100-ամյակի խորհրդանիշի եւ կարգախոսի մրցույթի միայն մրցանակների համար՝ մոտ 3 մլն․ դրամ (գլխավոր մրցանակ՝ 1 մլն․ 500 հազար դրամ, երկրորդ՝ 800 հազար, խրախուսական՝ 500 հազար դրամ), իսկ մարզային համերգների դեպքում յուրաքանչյուր մարզ պետք է ներկայացնի նախ կազմակերպվող համերգների նախահաշիվը, որպեսզի հետո կառավարությունը դրանք հաստատի։ «Մնացած փոքր միջոցառումները մեր ենթակայության ներքո գտնվող կազմակերպություններում մենք անում ենք մեր ընթացիկ տարվա բյուջեի շրջանակներում՝ սուբսիդիայի պայմանագրերով, լրացուցիչ գումարներ չեն ծախսվելու դրանց համար»։



Նշենք նաեւ, որ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանի շրջանակներում՝ 2018 թ․ մայիսի 28-ին, Հանրապետության հրապարակում (Արամի եւ Նալբանդյան փողոցների հատույթում) կտեղադրվի Առաջին հանրապետության հիմնադիր, հայ ազգային հասարակական-քաղաքական, ռազմական ականավոր գործիչ Արամ Մանուկյանի հուշարձան-կոթողը։ Նման որոշում ամիսներ առաջ կայացրեց Երեւանի քաղաքապետարանը եւ հայտարարեց մրցույթ, համաձայն որի՝ հուշարձանը պետք է մարմնավորի «հայոց նորագույն պետականության հիմնադրի, պետական եւ հասարակական գործչի կերպարը, արտահայտի նրա ազգային-գաղափարական արժեքը»: Մրցույթի մրցանակային ֆոնդը նույնպես տպավորիչ է, հաղթողն իրավունք կստանա իրականացնել Արամ Մանուկյանի հուշարձանը՝ 100 հազար դոլարին համարժեք մրցանակային ֆոնդով, երկրորդ մրցանակի հեղինակը (հեղինակային խումբը) կպարգեւատրվի 1500, իսկ երրորդ մրցանակի հեղինակը (հեղինակային խումբը)՝ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Ի դեպ, քանի որ մրցույթի արդյունքները գոհացուցիչ չէին, որոշվեց մրցույթի ժամկետը երկարաձգել՝ հնարավորություն տալով ավելի մեծ թվով մասնակիցների դիմել։ Թեեւ մրցութային երկրորդ փուլն էլ չէր գոհացրել հանձնաժողովի անդամներին, բայց վերջիններս, այնուամենայնիվ, կանգ էին առել Դավիթ Մինասյանի առաջարկած նախագծի վրա, համաձայն որի՝ հեղինակն Արամ Մանուկյանին պատկերել է եռագույնն ուսերին գցած՝ իբրեւ պատմուճան, ավելին՝ վերջնական արդյունքում արձանը քանդակելիս եռագույնի գույները պետք է արտացոլվեն քարերի միջոցով։ Բայց այս տարբերակը վերջնականապես դեռ չի հաստատվել, քանի որ կատարողական, տեխնիկական իրականացման առումով խնդիրներ ունի։ Ընդ որում՝ գունավոր քարերը պետք է բերվեն արտերկրից, այդ թվում՝ հեռավոր Հարավային Ամերիկայից, ինչը լրացուցիչ դժվարություններ կարող է առաջացնել։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**