10 ամսում ընտանեկան բռնության 1744 ահազանգ մարզերում, 1222՝ Երեւանում

10 ամսում ընտանեկան բռնության 1744 ահազանգ մարզերում, 1222՝ Երեւանում
Մինչ խորհրդարանը շիկացած մթնոլորտում քննարկում է «ընտանեկան բռնությանը» վերաբերող օրենքի նախագիծը՝ նոր-նոր փորձելով առանձին օրենքով ստանձնել բռնության ենթարկվածների պաշտպանությունը, կանանց իրավունքներով զբաղվող մի շարք ՀԿ-ներ պետությունից առաջ են ընկել եւ վաղուց արդեն հմտացել «ընտանեկան բռնության» հարցում: Ավելին՝ ուղեցույցներ, վարքականոն են մշակել բռնության ենթարկված անձանց հետ աշխատելու վերաբերյալ, նրանցից մեկն էլ ընտանեկան բռնության մասին ուսումնական ձեռնարկ է մշակել ոստիկանների համար: Օրենքի բազմաչարչար նախագիծը, որպես բռնության ենթարկված անձանց պաշտպանելու, նրանց աջակցություն տրամադրելու միջոց, նախատեսում է համապատասխան աջակցության կենտրոնների եւ ապաստարանների ստեղծումը, որոնք էլ, թերեւս, ամենակարեւոր կառույցները պետք է լինեն պաշտպանության գործը կազմակերպելու հարցում: Այդ մասին մենք արդեն իսկ անդրադարձել ենք նախորդիվ: Նշենք, որ նման կենտրոնները պետք է լինեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող կոմունալ, սանիտարահիգիենիկ եւ հակահրդեհային անվտանգության, երեխաների համար խնամքի եւ կրթության պայմաններով ու համապատասխանեն կառավարության սահմանած այլ չափանիշներին:



«Կանանց իրավունքների կենտրոնը» մեկն է այն ՀԿ-ներից, որը բռնության ենթարկված կանանց հետ աշխատելու շուրջ 20 տարվա փորձ ունի: Կազմակերպությունն ունի  6 ճգնաժամային կենտրոնից կազմված ցանց ( մեկը Երեւանում է, իսկ մյուս 5-ը` Գյումրիում, Վանաձորում, Եղեգնաձորում, Գավառում, Իջեւանում): ԿԻԿ-ը ճգնաժամային կենտրոններում հոգեբանական եւ այլ աջակցություն է ցուցաբերում իրեն դիմած անձանց եւ, ելնելով դեպքի գնահատումից, ուղղորդում համապատասխան ճգնաժամային ապաստարան եւ ժամանակավոր կացարան: ԿԻԿ տնօրենի օգնական **Քրիստինա Պետրոսյանը** մեզ բացատրեց մեխանիզմը, թե երբ եւ ինչպես կարող է կինն ապաստարանում հայտնվել: «Կինը, երբ դիմում է մեր թեժ գծով եւ հրավիրվում է մեր ճգնաժամային կենտրոն, տեղի է ունենում դեպքի գնահատում: Դեպքի գնահատումից հետո, եթե իր առողջությանը կամ կյանքին անմիջական վտանգ է սպառնում, ապա ինքն ուղղորդվում է ժամանակավոր ապաստարան, որոնք 3-ն են: Կինն այդ ապաստարանում ոչ միայն հնարավորություն ունի ժամանակավորապես ապաստան գտնելու եւ հաղթահարելու հոգեբանական ճգնաժամը, այլ նաեւ դուրս գալ, աշխատել, որոշակի գումար կուտակել, միառժամանակ անց իր գումարով բնակարան վարձակալել եւ տեղափոխվել այդտեղ կամ էլ իր որոշմամբ՝ այլ վայր, քանի որ մենք երկար ժամանակով չենք կարող կնոջն այդ ապաստարանում պահել»,- ասաց Պետրոսյանը: Բայց որոշ կանայք կարող են, շահադիտական նպատակներից ելնելով, բեմադրել ընտանեկան բռնություն եւ կեղծ զոհի կարգավիճակով դիմել ԿԻԿ՝ լուծելու իրենց ապաստարանի խնդիրը: Պետրոսյանը բացառեց այդ տարբերակը՝ նշելով, որ իրենց մոտ աշխատում են փորձառու մասնագետներ, ովքեր հատուկ թրեյնինգներ են անցել եւ ունեն իրավիճակի գնահատման համակարգ:



«Այսինքն՝ եթե կինը զանգում է թեժ գիծ, գործում է առաջնային գնահատման համակարգը: Երբ նա հրավիրվում է ճգնաժամային կենտրոն, իր դեպքը նույնպես գնահատվում է, եւ այստեղ բեմադրության մասին խոսք գնալ չի կարող: Փողոցից հենց այնպես կինը չի կարող տեղափոխվել ապաստարան, քանի որ գործում են հստակ չափանիշներ, թե երբ կարող է տեղափոխվել ապաստարան, երբ՝ ոչ: Մենք 20 տարի է՝ աշխատում ենք ոլորտում, եւ չի եղել դեպք, երբ բեմադրված ընտանեկան բռնության հիման վրա կինը տեղափոխվի ապաստարան»: Որքա՞ն ժամանակ կարող է կինը մնալ ապաստարանում: Ըստ Քրիստինա Պետրոսյանի՝ դա կախված է կնոջ դեպքից, թե ինչ ընթացքով է այն զարգանում: «Կանայք կան, ովքեր սոցիալապես վատ վիճակում են, մնում են այնքան, մինչեւ կարողանան իրենց համար կեցավայր գտնել, կան կանայք, որոնց ծնողներն արտերկրում են, եւ մինչեւ նրանց տուն տեղափոխվելը մնում են ապաստարանում»: ԿԻԿ-ը կապ չի պահպանում, այսպես կոչված՝ բռնարարների հետ, փոխարենն ակտիվ համագործակցում է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների հետ, սակայն չի ուղղորդում կամ պարտադրում բռնության ենթարկված կանանց՝ բողոք ներկայացնել ոստիկանությանը: «Դա կնոջ որոշումն է՝ բողոքել, թե ոչ, անհրաժեշտության դեպքում մենք ապահովում ենք փաստաբանի ծառայությամբ: Մենք չունենք նաեւ կնոջը տուն վերադառնալու խորհուրդ տալու, ուղղորդելու իրավասություն եւ հարգում ենք կնոջ ցանկացած որոշում: Կինն ինքն է որոշում, թե իր համար որ ելքն է ճիշտը: Այո, շատերը վերադառնում են ընտանիք՝ ելնելով նաեւ իրենց ամուսիններից տնտեսական կախումից: Դեպքեր ունենք, որ ապաստարանում մնալուց հետո կինն այնքան է հզորացել, որ լրիվ ուրիշ կին է վերադարձել, եւ ամուսինն այլեւս չի կարողացել բռնանալ իր վրա»,- ասում է Պետրոսյանը: Նա հավաստիացրեց, որ թեժ գիծ դիմելու, ճգնաժամային կենտրոնի եւ ապաստարանի ծառայությունները՝ սնունդ, հագուստ, բժշկական օգնություն եւ այլն, անվճար են: Կենտրոնն իր աշխատակիցների եւ կամավորների ուժերով տրամադրում է նաեւ սոցիալական օգնություն: ԿԻԿ կարող են տեղափոխվել կանայք ինչպես մենակ, այնպես էլ երեխաների հետ: Կենտրոնի աշխատակիցն ընդգծեց նաեւ, որ թերի իրազեկվածության հետեւանքով շատ կանայք չգիտեն, որ համապատասխան կառույցների կարող են դիմել ընտանիքի անդամի կողմից բռնության ենթարկվելուց հետո: «Նույնիսկ կանայք կան, ովքեր չգիտեն, թե ինչ է ընտանեկան բռնությունը: Օրինակ, երբ արգելում են տնից դուրս գալ, աշխատել, շփվել հարազատների հետ, դա նույնպես բռնություն է: Ճիշտ է՝ ՀԿ-ներն են այս ընթացքում աշխատել այս ուղղությամբ, ծառայություններ տրամադրել, բայց շատ կարեւոր է, որ պետությունն էլ իր վրա պատասխանատվություն վերցնի քաղաքացիների համար, քանի որ ՀԿ-ների հնարավորությունները շատ սահմանափակ են, եւ բոլորին օգնել մենք չենք կարող»:



ԿԻԿ-ը, ինչպես պարզեցինք, չունի համապատասխան ժամանակավոր ապաստարան եւ իր շահառուներին ուղղորդում է դեպի այն կազմակերպություն, որը, այսպես ասած՝ աշխատեցնում է այդ ապաստարանները: Խոսքը տվյալ դեպքում «Կանանց աջակցման կենտրոնի» մասին է (բռնության ենթարկված կանանց ապաստարաններով ապահովող կառույց է նաեւ 2006-ից գործող «Արմենիան Լայթհաուսը»): ԿԻԿ-ը, ըստ Պետրոսյանի, 2015 թվականի մայիսի 1-ից մինչ օրս «Կանանց աջակցման կենտրոնի» ապաստարան է ուղղորդել 102 կնոջ եւ 139 երեխայի, իսկ այս տարվա հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը մարզերում ստացել է ընտանեկան բռնության վերաբերյալ 1744, Երեւանում՝ 1222 զանգ:



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**