Գերմանիա, Պոտսդամ, Sanssouci պալատ

Գերմանիա, Պոտսդամ, Sanssouci պալատ
Սեպտեմբերին երկու շաբաթ Գերմանիայում էի։ Առաջին անգամ չէի, բայց Գերմանիան այն երկրներից է, որտեղ քանի անգամ էլ լինես, ամեն նոր քաղաք այցելելիս անվերջ տպավորություններ, հիշողություններ ու գրելու թեմաներ կգտնվեն: Նախկինում եղել էի Արեւմտյան Գերմանիայի մայրաքաղաքում` Բոննում, իսկ այժմ այցելեցի Պրուսիայի թագավորության, հետագայում` Գերմանական կայսրության, այժմ` Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք` Բեռլին: Եղա նաեւ Լայպցիգում եւ, իհարկե, հենց առաջին օրը` Բեռլին հասնելուց հետո, մեկնեցի Պոտսդամ` Պրուսիայի նախկին մայրաքաղաք:



**Լայպցիգի համալսարան, Միջազգային աշնանային ակադեմիա**



Գերմանիա մեկնել էի Գերմանիայի ԱԳՆ-ի հովանավորած ծրագրով, որ կոչվում էր «Միջազգային աշնանային ակադեմիա` նվիրված Գերմանիայի խորհրդարանի ընտրություններին եւ դրանց լրատվական լուսաբանմանը»: Այդ ծրագրի մտահղացման համար պետք էր շնորհակալ լինել գեղեցկատես եւ սիրալիր մի կնոջ Մոլդովայից` Մարինա Դումբրավային: 90-ականների վերջին Մարինան եւ ամուսինը, որպես երիտասարդ պատմաբաններ, ընդգրկվել են Լայպցիգի համալսարանի կողմից Մոլդովայում իրականացվող գիտական մի հետազոտությունում եւ հաջողություններ արձանագրելով՝ տեղափոխվել են աշխատելու Լայպցիգի համալսարանում: Իսկ դա աշխարհի ամենահին եւ հեղինակավոր համալսարաններից է, որի պատմությունն սկսվում է 1409-ից, եւ ուր տարբեր դարերում ուսանել կամ դասավանդել են Լայբնիցը, Գյոթեն, Վագները, Նիցշեն, Մոմզենը, նաեւ Հանս-Դիտրիխ Գենշերը, Անգելա Մերկելը եւ այլք:



Մարինայի եւ ամուսնու ներկայությունը Լայպցիգի համալսարանում, մասնավորապես ամուսնու` Վասիլի Դումբրավայի հաջող գիտական կարիերան, այն դերակատարությունն է ունեցել, որ 2005-ին Լայպցիգի համալսարանում «Մոլդովա ինստիտուտ» կոչվող մի կառույց է ստեղծվել, որը, բնականաբար, աշխատանքներ է ծավալել Մոլդովայի գիտակրթական հաստատությունների եւ Լայպցիգի համալսարանի միջեւ համագործակցություն հաստատելու ուղղությամբ: Գործունեությունը հաջողվել է, ժամանակի ընթացքում ընդլայնվել` ներառելով արդեն ոչ միայն գիտական, այլեւ հանրային ուղղվածության ծրագրեր եւ Մոլդովայի սահմաններից դուրս` ԵՄ Արեւելյան գործընկերության այլ երկրներ: 2014-ից նախագծեր են սկսում իրականացվել նաեւ լրագրողների համար, եւ այդ շրջանակում էլ Գերմանիայի ԱԳՆ-ն այս տարի հովանավորել էր «Մոլդովա ինստիտուտ Լայպցիգի» նախագիծը, որով ԱլԳ երկրներից եւ Ռուսաստանից 14 լրագրողներ էին հրավիրվել Գերմանիա` Բունդեսթագի ընտրություններին ծանոթանալու:



Քանի որ ծրագիրը «Մոլդովա ինստիտուտի» կազմածն էր, բնականաբար, գիտական շփումների բաղադրիչ ուներ: Երեւի Երեւանի պետական համալսարանն ավարտելուց ի վեր առաջին անգամ էի ժուռնալիստիկայի դասախոսների հանդիպում եւ, առհասարակ՝ առաջին անգամ էի հանդիպում պրոֆեսորների, ովքեր գիտականորեն ժուռնալիստիկայով էին զբաղվում: Ազնվորեն՝ ես լրագրության եւ գիտության միջեւ կապ չեմ կարողանում երեւակայել, բայց եթե քաղաքականության մասին կարող է «գիտություն» լինել, լրագրության մասին ինչո՞ւ չի կարող: Իսկ առանց կատակի` Լայպցիգի համալսարանի Ժուռնալիստիկայի դեպարտամենտի ղեկավարի` դոկտ. Մարսել Մակիլի, գիտաշխատողների` Յոհաննես Գերստների, Ուվե Կրյուգերի, մյուսների հետ հանդիպումները հաճելի էին եւ հետաքրքիր: Անսպասելի հետաքրքիր ուսումնասիրություններ եւ եզրահանգումներ ունեին, ափսոս՝ ո՛չ նյութի ծավալը, ո՛չ ռակուրսը թույլ չեն տա դրանց մասին պատմել:



**ARD-ի տարեկան բյուջեն` 1,6 միլիարդ եվրո**



Չեմ անդրադառնա նաեւ գերմանական լրատվամիջոցներ ունեցած այցերին, զրույցներին, քննարկումներին, որքան էլ դրանք հետաքրքիր էին: Եղանք, ի թիվս այլնի, Գերմանիայի երկու հիմնական, գերհզոր հեռուստառադիոընկերություններում` ARD-ում եւ ZDF-ում, որոնք BBC-ի մոդելով ստեղծված, հեռուստադիտողների վճարներով կամ, այսպես ասած, հեռուստատուրքով ֆինանսավորվող կառույցներ են (հեռուստատուրքը Գերմանիայում կազմում է ամսական շուրջ 17 եվրո, որ գանձվում է յուրաքանչյուր բնակարանից. եթե երկու բնակարան ունես` երկուսի համար էլ վճարում ես: Աղմկելը, թե երկու բնակարանում միաժամանակ չես ապրում եւ հեռուստացույց էլ առհասարակ չես դիտում` չի օգնում): Արդյունքում ARD-ի տարեկան բյուջեն կազմում է 1,6 միլիարդ եվրո:



Իսկ, ահա, Գերմանիայի հիմնական միջազգային լրատվամիջոցի` Deutsche Welle-ի բյուջեն, պարզվեց, ավելի համեստ է` մեկ միլիարդից փոքր-ինչ պակաս` մոտ 900 միլիոն եվրո: Բայց DW-ում տպավորություն գործողն ութանիշ բյուջեն չէր. Գերմանիայում արագ ընկալում ես, որ այնտեղ ութ-ինը նիշով բյուջեները հեռուստաընկերությունների համար նորմ են: Անգամ երբ ARD-ի, ZDF-ի բյուջեների մասին դեռ չէի լսել, Deutsche Welle-ում հարցրեցի՝ գիտեք, մեզ մասնավոր հեռուստաընկերություններից մեկում` RTL-ում ասացին, որ RTL 2 News-ի տարեկան 200 միլիոն եվրո է. դա միջի՞ն գումար է գերմանական հեռուստադաշտում, թե՞ փոքր կամ մեծ: Պատասխանը եղավ. «Դե՝ ոչ, RTL-ը… նրանք միշտ էլ աղքատ հեռուստաընկերություն են եղել…»: Վատ աղքատություն չէ:



Իսկ ամենախորը տպավորությունը Deutsche Welle-ի բեռլինյան ստուդիայի գլխավոր խմբագրից էր, ով Անգելա Մերկելի հետ հարցազրույցից էր եկել մեզ հետ հանդիպման եւ անկեղծորեն զարմացավ, երբ մեր խմբից հարցրին` Դուք չե՞ք փորձում հարցազրույց վերցնելիս դժվարին կամ դիսկոմֆորտի դրության մեջ դնել Ձեր զրուցակցին: Պատասխանը եղավ. «Ես` ոչ, որովհետեւ մարդիկ շատ ավելի բարեհաճ են տրամադրվում եւ խոսում են, երբ լարված չեն: Սուր հարցեր` այո, բայց ոչ միտումնավոր դիմակայություն եւ լարում»:



Ինչեւէ, գիտական եւ լրատվական շրջանակների հետ շփումները բաց թողնելով՝ մտադիր եմ պատմել երկու այլ թեմաների մասին` Գերմանիայի քաղաքական-կուսակցական-ընտրական համակարգի եւ կառավարություն-լրատվադաշտ հարաբերությունների դրվածքի:



Որքան էլ Բունդեսթագի ընտրությունը սեպտեմբերին էր, եւ «Ջամայկա կոալիցիայի» հնարավորության մասին սկսեցին խոսել ընտրության օրը դեռ չավարտված, ի վերջո՝ այդ կոալիցիայի բանակցությունները տապալվեցին: Նոյեմբերին մի պահի հաղորդումներ եղան, թե Անգելա Մերկելը հակվում է դեպի նոր ընտրություններ, սակայն Գերմանիայի նախագահին` Վալտեր Շտայնմայերին կարծես հաջողվեց բոլորին համոզել, որ նոր ընտրություններից ուժերի դասավորությունը խորհրդարանում շատ չի փոխվի, հետեւաբար՝ ճիշտը դարձյալ, ինչպեսեւ նախորդ տարիներին, CDU-SPD գրանդ կոալիցիա կազմելն է:



Իսկ սեպտեմբերյան ընտրությունից հետո «Ջամայկա կոալիցիա» ասելով՝ Գերմանիայում նկատի ունեին Անգելա Մերկելի ղեկավարած Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU), Ազատ դեմոկրատների (FDP) եւ Կանաչների (Green) կոալիցիան, որ չկազմվեց, եւ դժվար էլ էր պատկերացնել, թե ինչպես պիտի կազմվեր, երբ FDP-ն կատարելապես աջ է, Կանաչները` կատարելապես ձախ: Ենթադրվող կոալիցիան կնքվել էր «Ջամայկա» անունով, քանի որ այդ երեք կուսակցությունների դրոշների համադրումից ստացվում է Ջամայկա պետության դրոշը: CDU-ի գույնը սեւն է, Ազատ դեմոկրատներինը` դեղինը, Կանաչներինը` կանաչը:



Բունդեսթագի ընտրական համակարգի, ընտրությունների, դրանց հաջորդած կուսակցական հանդես-հավաքույթների (party) մասին, ինչպեսեւ կառավարություն-լրատվադաշտ հարաբերություններում Bundespressekonferenz-ի եւ ամեն օր կազմվող «Մերկելի թղթապանակի», նաեւ Լայպցիգի մասին կպատմեմ հոդվածաշարի հաջորդ հոդվածներում: Սակայն մինչ այդ՝ Պոտսդամի եւ Բեռլինի մասին:



**Պոտսդամ, Sanssouci պալատ**



Երեւի շատ մարդկանց դեպքում է այդպես, երբ մեկնում ես երկիր, որի պատմությանը, մշակույթին, ժառանգությանն ինչ-որ չափով ծանոթ ես դեռ երկիր չայցելած, մտքումդ դրոշմված են լինում հաստատություններ, վայրեր, որոնք անպատճառ պետք է տեսնես, առաջին իսկ հնարավորությամբ այդտեղ այցելես: Գերմանիայի դեպքում ինձ համար նման վայրերից մեկը, որքան ինձ հիշում եմ, եղել է Sanssouci պալատ-ը Պոտսդամում:



Ընդ որում՝ Sanssouci-ն կառուցած Ֆրեդերիկ II արքայի կամ, ինչպես Գերմանիայում են նրան կոչել` Ֆրեդերիկ Մեծի մասին այնքան էլ շատ բան չգիտեմ, բացի նրանից, որ Պրուսիայի գահակալն է եղել շուրջ կես դար` 1740-90-ականներին, ինքն է զգալիորեն ընդարձակել Պրուսիայի տարածքները եւ այն վերածել հզոր երկրի, որի հիմքի վրա մեկ դար անց ավարտին հասցվեց Գերմանական կայսրության կազմավորումը: Իր գահակալության ընթացքում Ֆրեդերիկ Մեծն այնքան է արտոնություններ տվել պրուսական բանակին ու այն հզորացրել, որ թեւավոր խոսք է ծնվել. «Ոչ թե պրուսական պետությունը բանակ ունի, այլ պրուսական բանակը պետություն ունի»:



Ֆրեդերիկ II-ին առնչվող մյուս թեւավոր խոսքը «երեք կիսաշրջազգեստների հետ պատերազմելու» հայտնի ասույթն է: Նա «կիսաշրջազգեստ» էր կոչում Ռուսաստանի գահակալ Ելիզավետա Պետրովնային` Պյոտր Մեծի դստերը, Ավստրիայի կայսրուհի Մարիա-Թերեզային եւ Ֆրանսիայի Լյուդովիկոս XV-ի սիրուհուն` մադամ Պամպադուրին, որոնք դաշինք էին կազմել իր դեմ: Ֆրեդերիկը նրանց հետ պատերմում էր` գանգատվելով Աստծուց եւ ճակատագրից կանանց հետ մրցակցելու «անպատվության» համար, թեեւ բուն խնդիրը, կռահելի է` հակառակորդների հզորությունն էր:



Վերջնահաշվում Ֆրեդերիկ II-ը հաղթում է մրցակիցներին եւ նույնիսկ ավելի երկար է ապրում, քան իր ատած կայսրուհիները` ապագա սերունդներին ժառանգություն թողնելով ոչ միայն սրամտություններ, ազդեցիկ պետություն, առաջնորդի կերպար, որին ձգտել են մոտենալ կամ նմանվել Գերմանիայի հետագա ղեկավարները, այլեւ արվեստների ու գիտությունների հովանավորման ավանդույթ եւ բարոկկո ոճին պատկանող գեղեցկագույն պալատներ` Sanssouci-ն, Neues Palais-ը, Charlottenburg-ը եւ այլն:



Բեռլին ժամանելով, Պոտսդամին այդքան մոտ հայտնվելով, եթե այնտեղ չմեկնեի եւ գոնե Sanssouci պալատը` իր աստիճանավանդակներով գահավիժող պարտեզով չտեսնեի, ինձ չէի ների: Դրա համար էլ դեռ մասնակիցների ժամանման օրը, ծրագրի պաշտոնական մեկնարկից էլ առաջ մեկնեցի Պոտսդամ: Եթե անկեղծ լինեմ, Պոտսդամը ես սիրեցի ավելի, քան Բեռլինը, որովհետեւ այն զգալիորեն մնացել է բարոկկոյի, ավելի ճիշտ` «Ֆրեդերիկյան ռոկոկոյի» դարաշրջանում` նրբաճաշակ պալատներով, չվերջացող ոսկեձույլ-ոսկեզօծ-ոսկեջրած դեկորներով, անծայր պարտեզներով, ճեմուղիներով, օրանժերիայով, Sanssouci-ի կախովի պարտեզով, որ իրականում էլ այնքան գեղեցիկ էր, որքան նկարներում: Եվ ընդհանրապես՝ Sanssouci անունը, որ ֆրանսերենից թարգմանվում է՝ «առանց հոգսերի», բնութագրական է թվում ամբողջ քաղաքի համար:



**Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ**