Հարկային վճարումներն աճել են, բայց ինչի՞ եվ ո՞ւմ հաշվին

Հարկային վճարումներն աճել են, բայց ինչի՞ եվ ո՞ւմ հաշվին
Պետեկամուտների կոմիտեի կողմից պարբերաբար հրապարակվող հազար խոշոր հարկատուների ցանկում խաղացողների վերադասավորումը շարունակվում է: Ընդ որում՝ ոչ միայն առաջին հարյուր խոշոր հարկ վճարողների ցանկում կան էական փոփոխություններ, այլեւ անգամ՝ առաջին տասնյակում: Բացառությամբ առաջին երկու տեղերն զբաղեցրած «Գազպրոմ Արմենիա» եւ «Գրանդ Տոբակո» ընկերությունների՝ խոշոր հարկատուների առաջին տասնյակն ամբողջությամբ վերադասավորվել է: Ի դեպ, ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ն, ե՛ւ «Գրանդ Տոբակո»-ն այս տարվա 9 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի  համեմատությամբ, զգալիորեն ավելացրել են իրենց հարկային պարտավորությունները: «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից վճարված հարկերն աճել են 2,4 մլրդ․ դրամով՝ կազմելով 32,2 մլրդ․ դրամ, իսկ «Գրանդ Տոբակո»-ի դեպքում աճը կազմել է ավելի քան 6 մլրդ․ դրամ՝ կազմելով շուրջ 22,2 մլրդ․ դրամ: 4,8 մլրդ․ դրամով էլ աճել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հարկերը, որը 9 ամիսների ընթացքում պետբյուջե վճարել է 18,8 մլրդ․ դրամ:



Իրականում, եթե անկեղծ, ապա ոչ թե «Գազպրոմ Արմենիա»-ն եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն են լցնում պետբյուջեն, այլ Հայաստանի բնակչությունը, որն իր գրպանի վերջին կոպեկներն է տալիս՝ անլույս եւ անգազ չմնալու համար: Գուցե նաեւ դառնանք-փառաբանենք «Ալեքս հոլդինգ»-ին, որը նույն «Ալեքս Գրիգ»-ն է, քանի որ նա նույնպես ընթացիկ տարում ավելացրել է իր հարկերը 4 մլրդ․ դրամով՝ հասցնելով մոտ 16,2 մլրդ․ դրամի: Տիրապետելով առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների ներմուծման բացարձակ մենաշնորհին՝ նա եւս հաստատուն քայլերով ունեզրկում է հասարակությանը՝ դառնալով երկրի ամենախոշոր հարկատուներից մեկը:



Իսկ եթե դառնանք թոփ տասնյակում պատվավոր 5-րդ եւ 6-րդ տեղերն զբաղեցնող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին եւ «Գեոպրոմայնինգ»-ին, ապաեւ 8-րդ տեղն զբաղեցնող «Թեղուտ»-ին, ապա հասկանալի կդառնա, թե հատկապես ում եւ ինչի հաշվին են աճում մեր հարկային եկամուտները՝ «ստվերի» դեմ պայքարի՞, ինչպես խոստացել էին իշխանությունները, հարկային վարչարարությա՞ն, թե՞ այլ հանգամանքներով պայմանավորված:  Ի դեպ, վերոնշյալ երկու ընկերությունները նախորդ տարի այս նույն ժամանակահատվածում շատ ավելի ցածր հորիզոնականներ էին զբաղեցնում: Մասնավորապես, «Զանգեզուրի կոմբինատ»-ի վճարած հարկերը նախորդ տարի կազմում էին հազիվ 5,2, իսկ այժմ՝ 13,1 մլրդ․ դրամ, իսկ «Գեոպրոմայնինգի»  վճարած հարկերն աճել են ավելի քան 2,7 մլրդ․ դրամով՝ կազմելով 10,2 մլրդ․ դրամ: Հիմա այստեղ ո՞րն է կառավարության դերը, որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել: Պարզապես մեր հանքերն անխնա շահագործում ենք, եւ միջազգային շուկայում էլ պահանջարկն աճել է: Ի դեպ, նկատելիորեն նվազել են միայն «Թեղուտ»-ի վճարած հարկերը՝ կազմելով 9,1 մլրդ․ դրամ՝ 1,7 մլրդ․ դրամով պակաս նախորդ տարվանից:



Խոշոր հարկատուների առաջին տասնյակում կամ գոնե հաջորդ տասնյակի առաջին շարքերում, բնականաբար, իրենց մշտակա տեղն ունեն բենզին եւ վառելիքներ ներմուծող ընկերությունները, որոնք ձայները մեկ արած՝ նազեցրել են հարկերը: Եթե «ՍիՓիԷս քորփորեյշն»-ի դեպքում նվազումը կազմել է ընդամենը 0,6 մլրդ․ դրամ, ապա Ֆլեշի Բարսեղն ընթացիկ տարվա 9 ամիսների հաշվարկով պետբյուջե է վճարել 7,9 մլրդ․ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պակաս է 1,3 մլրդ․ դրամով։



Խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակում օրինաչափորեն տեղ գրավող հեռահաղորդակցության ոլորտի մեր օպերատորների  գործերն էլ, մեղմ ասած, լավ չեն: Ե՛վ «ՄՏՍ-Հայաստան»-ը, որը նույն ինքը՝ «Ղ-Տելեկոմ»-ն է, ե՛ւ «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»-ն ընդամենը մեկ տարվա կտրվածքով մեծ չափով նվազեցրել են հարկերը, ինչը կարող է կապված լինել կա՛մ արտագաղթի, կա՛մ ծառայությունների սակագների նվազման հետ: Նախորդ տարվա 9 ամիսներին «ՄՏՍ-Արմենիա»-ն պետբյուջե է մուծել ավելի քան 10,7 մլրդ․ դրամ, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին հարկային վճարումները կազմել են 7,5 մլրդ․ դրամ, 30%-ով պակաս: Ինչ վերաբերում է «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»-ին, ապա նրա հարկային վճարումները կազմել են հազիվ 6,8 մլրդ․ դրամ: Նվազումը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի  համեմատությամբ կազմել է 2,3 մլրդ․ դրամ, շուրջ 25%: Ինչ վերաբերում է «Յուքոմ»-ին եւ Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի  անվան հետ կապվող  մյուս բիզնեսներին, ապա սա առանձին թեմա է: Միայն նշենք, որ պաշտոնազուրկ Գագիկ Խաչատրյանի բիզնեսները շատ լավ ծաղկում-բարգավաճում են, ինչը երեւում է նրա անվան հետ կապվող ընկերությունների վճարած հարկերից: Մասնավորապես՝ «Յուքոմ»-ն ընդամենը մեկ տարվա ընթացքում իր հարկային պարտավորություններն ավելացրել է 1,6 մլրդ․ դրամով: Եվ դժվար թե սա հարկային վարչարարության խստացման արդյունք լինի կամ էլ, առավել եւս՝ «ստվերի» դեմ պայքարի, քանզի անզեն աչքով էլ նկատելի է հեռահաղորդակցության շուկայում «Յուքոմ»-ի գրեթե մենաշնորհային դիրքը: Ի դեպ, 3,4 մլրդ․ դրամի հարկային պարտավորություն էլ իրականացրել է նրա հետ սերտ աղերսներ ունեցող «Ադամիում» ընկերությունը, որը նախորդ տարվա համեմատ 1 մլրդ․ դրամով ավելի է վճարել: Փաստորեն, բյուջեի համար պաշտոնյայի նախկինն է լավ: Ինչու ոչ՝ նաեւ պաշտոնյայի համար, երբ գալիս է պարզապես «աշխատածը» վայելելու ժամանակը:



Մինչդեռ խոշոր հարկ վճարողների թոփ տասնյակից զատ՝ ոչ պակաս հետաքրքիր տեղաշարժեր կան առաջին հարյուրյակում, որին եւս առաջիկայում կանդրադառնանք:



 



**Նարինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ**