Հայաստանում որքա՞ն մարդ է խոսում ճապոներեն

Հայաստանում որքա՞ն մարդ է խոսում ճապոներեն
Դեկտեմբերի 4-ին Արմենիա Մարիոթի Տիգրան Մեծ դահլիճում Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան ընդունելությունն էր` Ճապոնիայի Ազգային տոնի` Կայսր Ակիհիտոյի ծննդյան օրվա առիթով: «Տիգրան Մեծը», որն ամենաընդարձակ հյուրանոցային դահլիճներից է Երեւանում, լեփ-լեցուն էր հյուրերով: Հաճելիորեն զարմանալի է, թե մեր տարածաշրջանից այդքան հեռու գտնվող եւ պատմականորեն էլ Հայաստանի հետ շփումներ չունեցած Ճապոնիան ինչպես է ընդամենը երկու տարում (Ճապոնիայի դեսպանատունը Հայաստանում բացվել է 2015-ին) գործակցության ու գործընկերների այդպիսի լայն շրջանակ ձեւավորել Երեւանում։ ՀՀ ԱԳ նախարարը` Էդուարդ Նալբանդյանին դեսպան Էյջի Տագուչին շնորհակալության հայտնեց աջակցության, վստահելիության եւ արդյունավետ համագործակցության համար:



Դեսպանի խոսքից հիշարժան էր նաեւ տեղեկությունը, որ հաջորդ տարի փոխադարձ ներդրումների մասին համաձայանգիր է ստորագրվելու Ճապոնիայի եւ Հայաստանի միջեւ: Եթե նման համաձայնագիր է բանակցվել, նշանակում է Ճապոնիայից Հայաստան ներդրումների եւ տնտեսական գործունեություն ծավալման ակնկալություններ կան: Եթե անգամ Մեծ Բրիտանիան է ջանում ճապոնական ներդրումային կապիտալը տանել լոնդոնյան Սիթի, պատկերացնել կարելի է, թե Հայաստանի համար այն որքան ցանկալի կլինի: Իր պատասխան խոսքում պրն. Նալբանդյանը նշեց, որ այս տարի նշվում է երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին, գոհունակություն հայտնեց հատկապես 2015-ին, Երեւանում եւ Տոկիոյում Ճապոնիայի եւ Հայաստանի դեսպանատների փոխադարձ բացումից ի վեր երկկողմ հարաբերությունների վերընթաց զարգացման համար, երկկողմ փոխհարաբերություններին մաղթեց նորանոր հաջողություններ, իսկ կայսր Ակիհիտոյին` երկարակեցություն եւ քաջառողջություն:



Ընդունելությանը ներկա էին նաեւ մշակույթի նախարարը` Արմեն Ամիրյանը, Սփյուռքի նախարարը, պատգամավորներից Նիկոլ Փաշինյանը, Մարգարիտ Եսայանը: Ներկա էին նաեւ դեսպաններ` Գերմանիայի, Չեխիայի, Լիտվայի, Ռուսաստանի եւ այլն: Ամենից ուշագրավը սակայն, ինչպես եւ անցյալ տարի, զինվորական համազգեստով սպաների մեծ ներկայությունն էր: Չգիտեմ բացատրությունը որն է, գուցե ճապոնական մարտարվեստներին, բուսիդոյի ուսմունքին, նյանձաներին, սամուրայներին հարգանքի տուրք մատուցելու մղումը, բայց այնպիսի տպավորություն է, որ Երեւանում հավատարմագրված բոլոր դեսպանատների ռազմական կցորդները ներկա են լինում Ճապոնիայի Ազգային տոնի ընդունելությանը: Փոխարենը հյուրերի թվում նկատելի էին Երեւանի Սլավոնական համալսարանի ուսանողուհիները, որ իհարկե գեղեցկուհիներ էին:



Պարզվում է, Սլավոնական համալսարանում արդեն շուրջ մեկ տասնամյակ գոյություն ունի Տարածաշրջանագիտության ամբիոն, որտեղ դասավանդվում է ճապոներեն: Ճապոնիայի դեսպանատան քաղաքական, տնտեսական մշակութային հարցերով քարտուղարը ինձ ծանոթացրեց մեր ուսանողուհիների հետ՝ հավատացնելով, որ նրանք հրաշալի ճապոներեն են խոսում: Պարզվում է, Տարածաշրջանագիտ ության ամբիոնում ճապոնագիտության քննություն են հանձնել արդեն մի քանի հարյուր ուսանող, ինչն էլ նշանակում է, որ ճապոներեն խոսող մի քանի հարյուր երիտասարդ կա Հայաստանում: Որքան հասկացա, ճապոներենի ամենաբարձր մակարդակի քննությունը հանձնելու համար պահանջվում է մոտ հազար բառի իմացություն, ինչը առօրյա շփումների համար փոքր բառապաշար չէ: Հայաստանում էլ մի քանի հարյուր ճանպոներենի տիրապետող անձը ամենեւին փոքր թիվ չէ եւ փոխհարաբերությունների հուսալիորեն կառուցվող կամուրջ է:



**Լուսինե Պետրոսյան**