Ցավալի պատմություն

Ցավալի պատմություն
Առաջին հայացքից զրուցակիցս գրագետ, գիտակից կնոջ տպավորություն թողեց։ Բիզնես են ունեցել․ ինքն ու որդիները տքնաջան աշխատելով՝ բավականին եկամուտ են ստացել։ Բիզնեսը ծաղկել է, ոչ միայն իրենք են լավ ապրել, այլեւ բավականին թվով մարդկանց են աշխատանքով ապահովել։ Ամեն ինչ սկսվել է 20 հազար դոլարի պարտքից, որով Իրանից հաստոցներ են բերել՝ իրանցի մասնագետներին էլ՝ հետը, որ գան-գործարկեն, սովորեցնեն ու հետ դառնան։ Սակայն իրանցիները 30 օր կերել-խմել-չարչարվել են, բայց հաստոցները չեն կարողացել աշխատեցնել՝ անսարք են եղել։ 20 հազարը ջուրն է ընկել՝ ընտանիքի կործանման սկիզբը նախանշելով։ Պատմության շարունակությունն արդեն զայրացնող է՝ անգրագիտության ու միամտության արդյունքում պարտքերն օրեցօր աճել են, մի պարտքը փակելու համար հաջորդն են արել, բանկից վարկ վերցրել։ Խարդախ փաստաբանի ձեռքն են ընկել։



Մի խոսքով, ով կարողացել՝ օգտվել է այս ընտանիքի ծանր վիճակից եւ անգղների նման ողջ ունեցվածքը մեջ-մեջ են արել, փախցրել, գողացել, խաբել։ Ի վերջո, որդիները հոգնել են պայքարից ու արտագաղթել, տարեց մորը թողնելով մենակ՝ պարտատերերի ու խաբեբաների առաջ։ Տունը, որն առնվազն մի քանի անգամ գերազանցել է պարտքին, բանկն է բռնագրավել՝ իբր չկայացած աճուրդների արդյունքում դրա գինը հավասարեցնելով պարտքի գումարին եւ աճուրդների մասին տան տերերին տեղյակ չպահելով։ Բիզնեսի մի մասը խլել են, մյուս մասը՝ սնանկ ճանաչել։ Եվ բանը հասել է այնտեղ, որ ժամանակին շեն տուն-տեղ ունեցող կինը հիմա 20 մետրանոց մի խուց է վարձում, կար անելով՝ օրվա հաց է վաստակում, իսկ բանկը թույլ չի տալիս, որ տնից գոնե իր անձնական իրերը վերցնի։ Փող չունի նոր փաստաբան վարձելու համար եւ այնքան հուսահատված է, որ հրաժարվում է անգամ մամուլի օգնությունից։



**Արմինե Օհանյան**