Մեր ձեռքով ՀՀԿ-ին ընտրել` Պուտինին ենք մեղադրում

Մեր ձեռքով ՀՀԿ-ին ընտրել` Պուտինին ենք մեղադրում
ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունից մոտ մեկ տարի անց էլ դեռ չեն լռել խոսակցություններն այն մասին, որ Ռուսաստանն է միջամտել այդ ընտրությանը: Հասկանալի է, որ այդ վարկածը շարունակում է շրջանառել պարտված թեկնածուի թիմը` առաջին հերթին նպատակ ունենալով արդարացնել իր պարտությունը: Հավանաբար, քիչ չեն այն ամերիկացիները, որոնք ռուսական միջամտության այս վարկածին հավատում են ինչպես սեփական աչքով տեսած բանի, սակայն քիչ չեն նաեւ այն ամերիկացիները, որոնց կարծիքով՝ Ռուսաստանի աջակցությունը միլիարդատեր Թրամփին կողմնակիության մակարդակից այն կողմ չի անցնել: Ռուսաստանը չէր կարող ընտրակաշառք բաժանել, սպառնալ, վախեցնել, այսինքն` ուղղակի միջամտել ընտրություններին: Միանգամայն այլ հարց է, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավի օրերին Ռուսաստանն իրոք ակտիվ մասնակցություն է ունեցել Քլինթոնի (Օբամայի թեկնածու) հակաքարոզչությանը` չքաշվելով բացահայտ ցուցադրել իր վերաբերմունքն ԱՄՆ վարած վերջին տարիների քաղաքականությանը: Եթե սա, այնուամենայնիվ, միջամտություն է, ապա ավելի խայտառակ միջամտություն պետք է համարել աշխարհի եւ եվրոպական բազմաթիվ երկրների ղեկավարների անձնավորված քննադատություններն ու գնահատականները Թրամփի հասցեին: Շատերը, Օբամայի հանգույն, Թրամփին ներկայացնում էին որպես մի մարդու, որին չէր կարելի մոտ թողնել իշխանության լծակներին եւ, մանավանդ՝ միջուկային զենքի կոճակներին:



2018 թվականին նախագահական ընտրություններ են տեղի ունենալու արդեն Ռուսաստանում: Դրանք, բնականաբար, կլինեն մյուս գերտերությունների, դաշնակից ու գործընկեր պետությունների ուշադրության կենտրոնում, եւ սպասելի է, որ «միջամտության» նույն չափաբաժինը, որ կար ԱՄՆ նախագահի ընտրություններում, կդիտվի նաեւ Ռուսաստանի պարագայում: Չի բացառվում, որ պարտվելու դեպքում Պուտինն էլ դիմի նույն հնարքին եւ հայտարարի, որ դրսի միջամտությունն է եղել պատճառը, թեեւ համապետական ընտրություններում թեկնածուի պարտության բուն պատճառը միշտ էլ ձախողումն է` ձախողումը կյանքի ամենատարբեր ոլորտներում` քաղաքականությունից մինչեւ տնտեսություն ու կենցաղ:



Համեմատաբար փոքր, տարատեսակ կախվածություններ ունեցող երկրներում իշխանության ձեւավորման հարցում գերտերությունների ու հզոր երկրների ազդեցությունը չի կարելի անտեսել: Վերջինները ջանում են տվյալ երկրին ամեն կերպ պահել իրենց գծի մեջ եւ միշտ հակված են այդ երկրներում տեսնել իրենց հավատարիմ իշխանությունների: Մեզ` հայերիս, կարիք չկա բացատրել, թե ինչ է նշանակում «դաբրո տալ» կամ «դաբրո ստանալ» արտահայտությունը: Մեր ապագա նախագահների նախընտրական վերջին այցերը, սովորաբար, լինում էին դեպի Մոսկվա, ինչին մենք արձագանքում էինք` «գնաց դաբրո ստանալու»:



Չի կարելի ասել, որ ՀՀ Սահմանադրության փոփոխումից եւ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուց հետո «դաբրո»-ի թնջուկը միանգամից վերացավ, եւ Հայաստանում պայմաններ ստեղծվեցին առանց արտաքին  «միջամտության» իշխանություն ձեւավորելու համար: Բայցեւ ակնհայտ է, որ Մոսկվան, Վաշինգտոնը կամ Բրյուսելն այսուհետ չեն կարող ձեռքը դնել մի մարդու ուսի եւ ասել` գնա, ես տալիս եմ իմ «դաբրոն», որ վաղվանից դու ես լինելու Հայաստանի առաջնորդը: Ըստ էության, դժվարացել է ոչ թե «դաբրոյի» համար տարբեր մայրաքաղաքներ մեկնելը, այլ «դաբրո» տալը: Այլ կերպ ասած` մեկ մարդու անհատապես ճանաչելը եւ «դաբրո» տալը մի բան է, մի ամբողջ կուսակցության ճանաչելն ու «դաբրո» տալը՝ միանգամայն այլ բան:



Կարծիք կա, որ 2018-ի ներիշխանական հանգուցալուծման հարցում Ռուսաստանի դերակատարության կամ վերաբերմունքի վճռորոշությունը Հայաստանում գրեթե 100 տոկոսանոց է: Այս անգամ, ինչպես գրում է հայ վերլուծաբանը, «քննարկումների ավանդական կրակին զգալի «յուղ» է ավելացրել նաեւ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակման հանգամանքը, հաշվի առնելով թե՛ նրա գազպրոմյան կենսագրությունը, թե՛ առավել եւս հենց Ռուսաստանից Հայաստան տեղափոխված լինելը: Իսկ քանի որ Կարեն Կարապետյանը հանդիսանում է 2018 թվականի վարչապետի պաշտոնի հավակնորդ կամ հավակնորդներից մեկը, ապա այդ հանգամանքն էլ ավելի է սրում Ռուսաստանի դերակատարության ինտրիգը, որն առանց այդ էլ միշտ եղել է բարձր»: Մյուս կողմից էլ առանձին շրջանակներ պնդում են, որ 2018 թ. իշխանության ձեւավորման հարցը հանգուցալուծված է արդեն, ի մասնավորի հայտնի են ապագա վարչապետն ու փոխվարչապետը` ի դեմս Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի:



Եթե մենք միանշանակ ընդունում ենք, որ Ռուսաստանն է Հայաստանում իշխանություն ձեւավորողը, ապա պետք է ընդունենք նաեւ, որ այս անգամ նրա համար բավականին բարդ է եղել «դաբրո» տալը, մանավանդ, որ Սերժ Սարգսյանը ԵՄ-ի հետ համաձայնագիր է ստորագրում, իսկ ՀՀԿ-ն էլ Եվրոպայի ամենամեծ կուսակցության` ԵԺԿ-ի անդամ է: Մի տեսակ ճապաղ բան է ստացվում, այնպես չէ՞:



Որպեսզի չընկնենք բարդ իրավիճակների մեջ եւ հերթական անգամ ողջ աշխարհին չցուցանենք մեր` անկախությունը գնահատել չկարողանալը, առաջարկում եմ վերհիշել վերջին խորհրդարանական ընտրությունները եւ լրջության այն պակասը, որ կար այդ ընտրություններում: Այսօր մենք վայելում ենք այդ ընտրությունների արդյունքը եւ ոչ մի բարոյական իրավունք չունենք մեղադրելու ո՛չ Մոսկվային, ո՛չ էլ որեւէ այլ մայրաքաղաքի: Պուտի՞նն էր Երեւանի քուչեքում իր լիմուզինի բեռնախցիկից 10 հազար բաժանում: Պուտի՞նը ընդդիմությանն ստիպեց ընդունել արդյունքներն ու մտնել ԱԺ: Չէ: Ուրեմն լռեք, ու երբ ձեզ ասում են, որ չի կարելի ընտրակաշառք վերցնել, արգումենտներ մի բերեք, թե, միեւնույն է` իրենք էին հաղթելու: Եթե այդպես է՝ իրենք էին հաղթելու, կամ Պուտինն էր նշանակելու, ապա ինչո՞ւ էին փող բաժանում, հո ապուշ չե՞ն:



Խոսելով այն մասին, թե ինչ է լինելու 2018թ. ապրիլին, մենք, ըստ էության, խոսում ենք մի ֆիլմի մասին, որ մեկ տարի առաջ նկարահանվել է ու ցուցադրվելու է 2018թ. ապրիլին: Ամենամեծ ցանկության դեպքում էլ մենք չենք կարող փոփոխել դրա ո՛չ սցենարը, ո՛չ հերոսների հագուկապը, ո՛չ էլ ֆինալը: 2017թ. ապրիլին տեղի ունեցած ԱԺ ընտրություններով մենք իշխանափոխության «օրինագիծը» փոխանցել ենք հաջորդ խորհրդարանին: Ավաղ, դա հասկանում ենք միայն այսօր եւ տենդագին քավության նոխազներ ենք փնտրում դրսում:



 



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**