Հումորով ու լռելյայն

Հումորով ու լռելյայն
Եթե անգամ կարելի է ռուսական հեռուստաընկերությունների վերջին հակահայկական հաղորդումները դիտել որպես երկրի կամ առնվազն իշխանությունների վերաբերմունքի առհավատչյա, դրան պիտի հաջորդեր բոլորովին այլ արձագանք, քան ունեցանք մենք։ Նախ, դրա մեջ ուրախացնող բան կա՝ ուրեմն մեր արտաքին քաղաքական ուղղվածությունը դադարել է կրտսեր եղբոր, ստրուկի, հարճի քաղաքականություն լինելուց, եւ ռուսական կողմի խանդը հենց դրանով է բացատրվում։ Կնշանակի՝ մեզ հաջողվել է քիչ թե շատ արժանապատիվ կեցվածք որդեգրել, ինքնուրույն քայլեր անել, որոնք մեր անմնացորդ նվիրումը պահանջող «մեծ եղբորը» դուր չեն եկել։



Այս պարագայում արժեր ընդամենը ժպիտով ու հումորով վերաբերվել այդ կսմիթներին ու նեղացած հարեւանի կեցվածքին։ Իսկ եթե անգամ այդ կեցվածքի մեջ վիրավորական պահ կա, եւ ռուս հանրային դեմքերը չափն անցել են, ապա անտակտությանն անտակտությամբ, գռեհկությանը գռեհկությամբ պատասխանելը մեզ սազական չէ։ Առավել եւս՝ եթե պատասխանողը ոչ թե մի շարքային քաղաքագետ է կամ ՀՀԿ-ի հրահանգով հարցազրույց տվող անհայտ հասարակական գործիչ, այլ ԱԺ փոխնախագահի պաշտոնն զբաղեցնող անձ, որը չի գիտակցում իր կարգավիճակի լրջությունը եւ տարին 10 անգամ Սանկտ Պետերբուրգ եւ Մոսկվա այցելելու արանքներում զբաղված է հակառուսական մտավարժանքներով։ Խոսքը, երեւի հասկացաք, անբարո կնոջ, սիրուհու եւ սիրեկանի թեմայով ցածրակարգ հումորի մասին է, որով օրերս «փայլել» է Շարմազանովը։



Եվ քանի որ վատ օրինակը, որպես կանոն, վարակիչ է, երեկ էլ թեման շարունակել է Ֆելիքս Ցոլակյանը՝ հիշելով, որ «հարսնացուն միշտ հյուսիսից է լինում, փեսացուն՝ հարավից»։ Ի՞նչ ասենք՝ գուցե վարվելակերպի, խոսքի ու պահվածքի դասընթացներ կազմակերպելու կարի՞ք կա մեր քաղաքական գործիչների համար։



**Արմինե ՕՀԱՆՅԱՆ**