Թրամփի շուրջ օղակը սեղմվեց, Ֆլինը խոստովանել է հանցանքները

Թրամփի շուրջ օղակը սեղմվեց, Ֆլինը խոստովանել է հանցանքները
Դոնալդ Թրամփի` ԱՄՆ նախագահ ընտրվելուց ի վեր breaking news տողով հաղորդվող իրադարձությունները դարձել են առօրյա դրվածք: Նվազագույնը Թրամփի մի տխմար tweet-ով բոլորի ուշադրությունը իր վրա կսեւեռի, առավելագույնը` Հյուսիսային Կորեան հերթական բալիստիկ հրթիռի փորձարկումով Հեռավոր Արեւելքից մինչեւ Սպիտակ տուն ու ՄԱԿ իրարանցում կստեղծի: Սակայն ամենօրյա սկանդալներից երբեմն ստվերվող երկու գործընթաց իրականում շատ ավելի են զբաղեցնում Թրամփի միտքը, քանի որ դրանք կարող են ճակատագրական ու անլուծելի խնդրի առջեւ կանգնեցնել կյանքի յոթերորդ տասնամյակը ազատության մեջ բոլորած Թրամփին:



Երկու գործընթացի արդյունքում էլ Թրամփը կարող է իմփիչմենթի ենթարկվել, գուցե առհասարակ կյանքը անազատության մեջ ավարտել: Թրամփի համար առաջին մահախոսականը կլինի դեմոկրատների հաղթանակը ԱՄՆ Կոնգրեսի` միջանկյալ ընտրություններում, որ կայանալու են 2018-ի աշնանը: Ոչ ոք չի կասկածում, որ դեմոկրատների մեծամասնություն ստանալու դեպքում ինչպես Huffington Post-ն էր գրել` Թրամփի իմփիչմենթի գործընթաց սկսելու համար մեկ րոպեից էլ քիչ ժամանակ կպահանջվի: Սակայն Թրամփը երեկվա բեկումնային զարգացումից հետո կարող է ուղղակի 2018-ի աշնանը չհասնել, շատ ավելի վաղ իմփիչմենթի ենթարկվել, իսկ գուցե որդու եւ փեսայի հետ առհասարակ արդարադատության առաջ կանգնել:



Երեկ կատարվել է իրոք բեկումնային իրադարձություն: Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը, ով հունվարին պաշտոնը ստանձնելուց մեկ ամիս անց հարկադրված էր հեռանալ Ռուսաստանի հետ գաղտնի շփումների որոշ դրվագներ բացահայտվելուց հետո, երեկ դատարանում իրեն մեղավոր է ճանաչել, ընդունելով որ ստել է ԿՀՎ-ին տված ցուցմունքներում եւ խոստովանելով, որ համագործակցել է ՌԴ իշխանությունների հետ:



Ֆլինի հունվարյան հրաժարականից քիչ անց պարզվել էր, որ նա ոչ միայն Ռուսաստանի եւ Թրամփի թիմի միջեւ է կապավորի դեր կատարել, այլեւ Թուրքիայի կառավարության օրինական գործակալն է եղել եւ միլիոնավոր դոլարների վճարներ կամ վճարի խոստումներ է ստացել, դիցուք քրդերին չզինելու կամ Գլուլենին հանձնելու հարցում Թուրքիայի դիրքորոշումները Սպիտակ տանը առաջ մղելու համար, ինչը չլսված վարք էր: Սակայն էլ ավելի մեծ խնդիրն այն էր, որ Ֆլինի հրաժարականից հետո, Թրամփը ԿՀՎ-ի ղեկավարին` Ջեյմս Քոմիին հորդորել էր Ֆլինի հանդեպ հետաքննություննը դադարեցնել, ենթադրելի, որովհետեւ որ Ֆլինը տեղյակ է Թրամփին Ռուսատանի հետ կապող գործարքներին: Քոմիի կողմից ընդառաջում չտեսնելով Թրամփը աշխատանքից ազատել էր Քոմիին շառիթ ստեղծելով, որ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը Հատուկ դատախազ նշանակի 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամատության ենթադրությունները հետաքննելու համար: Այդ աշխատանքը վստահվել էր ԿՀՎ նախկին ղեկավար Ռոբերտ Մյուլերին:



Շուրջ մեկ ամիս առաջ Մյուլերը արդեն դատական կարգով մեղադրանքներ ներկայացրեց եւ կալանքի տակ վերցրեց Թրամփի ընտրարշավի նախկին ղեկավարին, իսկ երեկ արդեն Մայքլ Ֆլինն դատարանում ընդունեց ընդունեց, որ հանցագործ է քանի որ ստել էր Ռուսաստանի առնչությամբ ԿՀՎ-ին տված իր ցուցմունքներում: Ֆլինը նաեւ հայտարարել է, թե դա արելի է Թրամփի թիմի թելադրանքով եւ այժմ իր գործած մեղքերը քավելու համար պատրաստ է համագործակցել Մյուլերի կողմից իրականացվող հետաքննության հետ: Բոլոր թելերը տանում են դեպի Թրամփը եւ հնարավոր է պետական հանցագործության մեջ նրան մեղադրելու սցենար, քանի որ ներկա պահին այլեւս Ֆլինի եւ Թրամփի միջեւ մնում են միայն Թրամփի փեսան` «ամեն ինչի քարտուղար» Ջարեդ Քուշները եւ Թրամփի ավագ ոդին` Դոնալդ կրտսերը, որ ի սեր Քլինթոնին սեւացնող տեղեկություններ ստանալու հանդիպում էր ՌԴ գործակալներին: Հետաքրքիր է Ֆլինը ինչեր կպատմի եւ որքան կտեւի մինչեւ Թրամփի ընտանիքի անդամներին կհասնի մեղադրանքների եւ ձերբակալությունների հերթը:



**Լուսինե Պետրոսյան**