Եվրոպական բարեկեցությունը ծնել է բազմաթիվ արատավոր բարքեր, սակայն դրանք չնչին են նրա հսկայածավալ ներդրման առջև․ Արամ Մայիլյան

Եվրոպական բարեկեցությունը ծնել է բազմաթիվ արատավոր բարքեր, սակայն դրանք չնչին են նրա հսկայածավալ ներդրման առջև․ Արամ Մայիլյան
Hraparak.am-ի հարցերին պատասխանում է Գերագույն խորհրդի պատգամավոր **Արամ Մայիլյանը**։



-**Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագիրը։ Կարո՞ղ ենք պնդել, որ Սերժ Սարգսյանին հաջողվեց իրականացնել դեռ տարիներ առաջ որդեգրած «եւ՛, եւ՛»-ի քաղաքականությունը եւ Հայաստանի համար երաշխավորել աշխարհաքաղաքական տեսանկյունից հավասարակշռված իրավիճակ**։



-Նախ, ես կարծում եմ, որ Հայաստանի ներկա իշխանությունները երբեք էլ չեն փայլել իրենց անկախ քաղաքականությամբ ու այդ «և՛, և՛»-ը տեղին չէ նկարագրելու համար նրանց քաղաքական կողմորոշումը: Նրանք վարել են հստակ ռուսական կողմնորոշման քաղաքականություն՝ ընդունելով վասալի կարգավիճակ: Նրանք ընտրել են քաղաքական, կառավարման, հասարակական հարաբերությունների ռուսական մոդելը կամ համակարգը: Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները ինքնուրույն որոշել են փոխել, ինչը խիստ կասկածելի է: Ինչպե՞ս կարող է տերը թույլ տալ, որ վասալն ինքնուրույն վարք ցուցաբերի: Պայմանագրի ստորագրումն, այս տեսակետից, զարմանալի ու անսպասելի էր: Դա նշանակում է՝ կա՛մ Ռուսաստանն է ծայրահեղ թուլացած վիճակում, կա՛մ էլ՝ հայերի միջոցով ինչ-որ խաղ է խաղում: Կա նաև երրորդ տարբերակը. Ս. Սարգսյանը խաբս է տվել երկու կողմին էլ, ինչպես մինչև հիմա վարվել է բոլորի հետ, նույն թվում նաև հայ ժողովրդի հետ: Հարցն այստեղ վերաբերում է համակարգի ընտրությանը: Հայերը պետք է ընտրեն կա՛մ եվրոպական ռացիոնալ համակարգը, կա՛մ մնան իռացիոնալ ռուսական ցարիզմի կամ էլ մերձավորարևելյան համակարգում: Ըստ էության, դա աշխարհայացքային որոշում է: Ինքնին հասկանալի է, որ նման որոշումները հեռահար ազդեցության գործոններ են, որոնց արդյունքը զգացվում է նույնիսկ դարեր շարունակ: Կա մեկ այլ գործոն ևս, ինչի հետ պետք է հաշվի նստել: Բանն այն է, որ եվրոպական քաղաքակրթությունը ևս, ինչպես ամեն մի օրգանիզմ, փոփոխություններ է ապրում՝ մոնոտոն և թռիչքաձև: Այստեղ ևս հայերի բախտը, կարելի է ասել, չի բերել. Եվրոպան տրանսֆորմացիոն շրջանի սկզբնակետում է: Բանն այն է, որ այն հսկայածավալ մահմեդական էմիգրացիան և մահմեդական միգրանտների ահագնացող ազդեցությունը ոչ միայն Եվրոպայի փողոցներում, այլ նաև պետական մարմիններում և հասարակական կազմակերպություններում, սկսել է իր ազդեցության տակ առնել աշխարհամասը: Հիշենք, օրինակ, որ այսօր Ֆրանսիայում ավելի շատ մզկիթներ կան, քան՝ եկեղեցիներ: Բնական է, որ քանակի և ուժերի նման զարգացման արդյունքում եվրոպական քաղաքակրթությունը տրանսֆորմացվելու է և դժվարացնելու է հայերի ինտեգրման խնդիրը:



-**ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին ասել է, որ ԵՄ-ն Հայաստանի ամենամեծ դոնորն է, եւ, եթե այլ դոնորներ կրճատում են Հայաստանին տրամադրվող աջակցությունը, ապա իրենք հայտարարում են 20-25 տոկոսով ավելացման մասին։ Ըստ այդմ էլ՝ մինչեւ 2020թ․ ԵՄ միասնական աջակցության շրջանակում ՀՀ-ում կտրամադրվի 170 միլիոն եվրո։ Ըստ Ձեզ՝ այդ գումարները կուղղվեն իսկապես արեւմտյան արժեքները մեր երկրում տարածելո՞ւն, թե՞ դրանք կշարունակեն ծառայել միայն որոշակի խմբերի։ Վերահսկման ի՞նչ մեխանիզմներ պետք է գործեն**։



-Այստեղ կարևոր է՝ արդյոք հայ հասարակությունը ընդունու՞մ է, կամ պատրա՞ստ է ընդունելու եվրոպական արժեքները: Դա վերաբերում է նաև եկամուտների մասին հասարակությանը տեղյակ պահելու մշակույթին: Կարող եմ պնդել, որ հայ հասարակության գերակշիռ մասը եվրոպական հիմնարար արժեքներից կա՛մ տեղյակ չէ, կա՛մ չի ընդունում: Տարիներ շարունակ քարոզչամիջոցները եվրոպական արժեքներից մատուցել են միայն բացասականները: Այո, իհարկե, եվրոպական բարեկեցությունը ծնել է բազմաթիվ արատավոր բարքեր, սակայն դրանք չնչին են այն հսկայածավալ ներդրման առջև, որ կատարել է Եվրոպան մարդկային քաղաքակարթության մեջ: Այդ մարդիկ մոռանում են, որ սովորական կենցաղային սարքերից սկսած միչև հասարակական, գիտական աշխարհայացքային ուսմունքները եվրոպական ծագում ունեն:



-**Հրապարակվել է տեղեկություն այն մասին, որ ԵՄ ֆինանսների նախարարները պետք է քննարկեն ֆինանսական թափանցիկության ուսումնասիրություններ կատարող աշխատանքային խմբի աշխատանքները, եւ զեկույցում արտացոլված կլինի, թե որ երկրում կան ֆինանսական թափանցիկության, հարկային արտոնությունների հետ կապված խնդիրներ։ Bloomberg-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրել էր, որ Եվրամիությունը կարող է դեկտեմբերին ՀՀ-ն ընդգրկել հարկային ապաստարան համարվող, այսինքն՝ եկամուտները թաքցնելու հարմար երկրների «սեւ ցուցակ»-ում։ Եթե դա իրականություն է, ապա ի՞նչ հեռանկար է սպասվում Հայաստանին**։



-Դե, իհարկե, եթե միանում ես որևէ քաղաքական միավորման, ապա պետք է ընդունես այնտեղ տիրող խաղի կանոնները: Բայց հիշենք, որ ներկա իշխանությունները եվրոպացիների հետ աշխատանքի հարուստ փորձ ունեն: Ամեն ընտրության եվրոպացիները գալիս են, կեղծված ընտրությունները դրական գնահատում ու գնում: Այնպես որ ով էլ գա ստուգելու, փաստաթղթային առումով հարկային քաղաքականությունը դրական գնահատական կստանա: Իսկ հայերը սիրում են կաշառք տալ և առնել, թաքցնել եկամուտները և այդպիսին էլ, հավանական է, կմնան:



-**Հայաստանցիները ՀՀ-ԵՄ համաձայնագրից ավելի շատ ակնկալում են վիզաների ազատականացում, ինչը Եվրոպա մեկնելու, շրջագայելու հնարավորություն կընձեռի։ Պյոտր Սվիտալսկին ասել է, որ դա հեշտ գործընթաց չէ, նախատեսում է մի շարք վարչական եւ իրավական կարգավորումներ։ Ըստ Ձեզ՝ որոշակի խմբերի, օրինակ՝ ուսանողների, գիտաշխատողների, արտերկրի կրթական եւ գիտական կենտրոնների հետ կապ ունեցող անձանց համար այդ կարգավորումները կլինեն ավելի սե՞ղմ ժամկետներում։ Առհասարակ՝ մինչեւ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը ի՞նչ խնդիրների էին բախվում այդ խմբերը**։



-Նա, ուղղակի, ասում է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է հոգեբանորեն և օրենսդրորեն ինտեգրվեն եվրոպական կառույցների հետ, հետո միայն ստանան Եվրոպայում ազատ շրջագայելու իրավունք: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը, ի տարբերություն մյուս դեսպանների, լավ է պատկերացնում Հայաստանի հասարակության մեջ տիրող տրամադրությունները և այդ պատճառով էլ զգուշավոր մոտեցում է ցուցաբերում: Եթե այս պահին Հայաստանի քաղաքացիները ազատ ելումուտի իրավունք ստանան, պատկերացնու՞մ եք ինչ կլինի: Այքա՜ն մարդիկ են սպասում այդ թույտվությանը: Իսկ այն խմբերի համար, որոնք աշխատանքի բերումով հաճախ են այցելում Եվրոպա, պայմանագրի ստորագրումը անպայման դրական կլինի: Նման խմբերի մարդկանց համար հիմնական խոչընդոտը վիզաների տրամադրման կարգի երկար տևությունն է: Իսկ, որպես կանոն, որևէ միջոցառման մասնակցելու որոշումը նրանք՝ իրենցից անկախ պատճառով, ընդունում են այցի օրվան մոտ ժամանակահատվածում:



**Թագուհի Հակոբյան**