Վստահության դեֆիցիտ

Վստահության դեֆիցիտ
Տարբեր սոցիոլոգիական հարցումներին ու հետազոտություններին հավատ ընծայելը, իհարկե, անշնորհակալ գործ է, քանի որ դրանց արդյունքները հաճախ խեղաթյուրված են ներկայացվում հանրությանը, իսկ եթե չեն խեղաթյուրվում, ապա ի սկզբանե մտածվում են տարբեր քաղաքական խնդիրների լուծմանը ծառայեցվելու կոնտեքստում։



Բայց երեկ հրապարակված հանրային կարծիքի ցուցանիշները հուսահատության աստիճանի մոտ էին իրականությանը։ Հասարակությունը չի վստահում պետական ինստիտուտներին եւ ամենից շատ չի վստահում դատարաններին եւ, առհասարակ՝ իրավապահներին։



Հարցվողների մոտ 69,7 տոկոսը, պարզվում է, դատարան դիմելու հակված է միայն այն դեպքում, եթե խնդրի լուծման «այլ տարբերակ» չկա։ Այլ տարբերակի տակ պետք է հասկանալ բոլոր օրինական եւ անօրինական ճանապարհները, այդ թվում՝ գողականներին դիմելու, իշխանավորների կողմից միջամտելու, ծանոթ-բարեկամով, ուժող-փողով հարցը լուծելու տարբերակները։



Պարզվում է՝ արտադատական կարգով խնդիրների կամ վեճերի լուծման ճանապարհներից մեկն էլ մարդիկ համարում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին եւ փաստաբաններին դիմելը։



Փաստորեն, ՄԻՊ-ը մեր երկրում ամենամեծ վստահության ռեսուրսն ունի՝ հարցվածների 24,0 տոկոսն օմբուդսմենին է վստահում, փաստաբաններին վստահում է 20,8 տոկոսը, ոստիկանությանը՝ 15,7, դատարանին՝ 9,6, դատախազությանը՝ 1,9 տոկոսը։



Աղետալի պատկեր, որը ցուցադրում է հայկական իրականության ողջ ողբերգությունը։ Չկա արդարադատություն, չկա վստահություն արդարադատության համակարգի նկատմամբ։



Բնականաբար՝ արդարության դեֆիցիտն է մեր դժբախտությունների հիմնական պատճառը եւ արտագաղթի հիմնական շարժառիթը։ Եվ այս հարցումների արդյունքները պետք է սթափեցնեին ոմանց, ստիպեին հետեւություններ անել։



**Արմինե ՕՀԱՆՅԱՆ**