Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ գինեգործության ոլորտում ներդրումային ծրագրեր նախաձեռնած շվեյցարացի գործարարին

Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ գինեգործության ոլորտում ներդրումային ծրագրեր նախաձեռնած շվեյցարացի գործարարին
Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է շվեյցարացի գործարար Ջեյքբ Շուլերին, ով ներկայացնում է Շվեյցարիայի ամենահայտնի գինու տներից մեկը՝ Schuler St. Jakobs Kellerei-ը: Ընկերությունը նախատեսում է գործունեություն ծավալել Վայոց ձորի մարզի Ռինդ համայնքում:



Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից։



«ՀՀ կառավարությունը կարևորում է, որպեսզի յուրաքանչյուր ներդրող մեր երկրում իրեն լավ զգա: Մենք պատրաստ ենք կանգնել Ձեր կողքին և աջակցել Հայաստանում Ձեր բիզնեսի զարգացմանը», - նշել է Կարեն Կարապետյանը՝ գործարարի հետ հանդիպման ժամանակ:



Ջեյքբ Շուլերը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և գոհունակություն հայտնել Հայաստանում օտարերկրյա ներդրողների համար ստեղծված պայմաններից:



Գործարարը նշել է, որ իր ներկայացրած ընկերությունը շահագրգռված է ներդրումային ծրագրեր իրականացնել գինեգործության հարուստ ավանդույթներ ունեցող Հայաստանում և նպաստել ոլորտի հետագա զարգացմանը:



Հիշեցնենք, որ Շուլեր ընտանիքը գինեգործությամբ է զբաղվում ավելի քան 300 տարի: Schuler St Jakobs Kellerei-ը պատկանում է գինեգործական ձեռնարկությունների թվին, որոնք ունեն սեփական գինու արտադրություն և վաճառքի ցանցեր: Ընկերությունն ունի 12 գինու խանութ, երկու գինեգործական տարածք Շվեյցարիայում և առաջարկում է ավելի քան 250 բացառիկ գինիներ՝ ամբողջ աշխարհից և արդեն Հայաստանից: