Մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 7.053.300 դրամի վնաս

Մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 7.053.300 դրամի վնաս
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից նոյեմբերի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 47 իրավախախտում, 13 դեպքի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 810.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:



Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության նախարարությունից։



Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 7.053.300 ՀՀ դրամ:



**Բուսական աշխարհի պահպանության ոլորտ**



Արձանագրվել է իրավախախտման 33 դեպք:

Վերոնշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել 7.047.100 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝

**Լոռի՝** հայտնաբերված ապօրինի ծառահատման 3 դեպքի (8 ուռենի, տարբեր տեսակի 59 ծառ) վերաբերյալ հաշվարկվել է 5.524.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի (2.5 խմ փայտանյութ) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։ 

**Տավուշ՝** հայտնաբերված ապօրինի ծառահատման 15 դեպքի (1 բարդի, տարբեր տեսակի 69 ծառ) վերաբերյալ հաշվարկվել է 150.000 ՀՀ դրամի և վառելափայտի ապօրինի տեղափոխման 4 դեպքի (13.9 խմ փայտանյութ) վերաբերյալ 309.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

**Արարատ՝ **հայտնաբերված վառելափայտի տեղափոխման 3 դեպքի (3 խմ փայտանյութ)  վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթները գտնվում են քննության ընթացքում։

**Արմավիր**՝ հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքի (1 փշատենի, 1 թթենի) և վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքի (3.7 խմ փայտանյութ) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթները գտնվում են քննության ընթացքում։

**Երևան՝** հայտնաբերված ապօրինի ծառահատման 2 դեպքի (1 թեղի, 1 հացենի, 4 թխկի) վերաբերյալ հաշվարկվել է 915.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին:

**Գեղարքունիք**՝ հայտնաբերված խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման 2 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 100.000 ՀՀ դրամ և հաշվարկել է 148.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։



**Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ**



Արձանագրվել է իրավախախտման 6 դեպք:

Վերոնշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով նշանակվել է 280.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել 6.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝

**Գեղարքունիք**՝ հայտնաբերվել է ձկան ապօրինի որսի 2 դեպք (առգրավվել է 134 հատ սիգ տեսակի ձուկ՝ 52.6 կգ, որը հանձնվել է «Վարդենիսի նյարդահոգեբանական» տուն ինտերնատ):

**Վայոց ձոր՝** հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի 1 դեպքի (առգրավվել է 1.2 կգ կողակ տեսակի ձուկ և 1 ձկնորսական կարթ) վերաբերյալ հաշվարկվել է 1.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

**Կոտայք՝ **հայտնաբերվել է ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 14 կգ սիգ տեսակի ձուկ, որը հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց):

**Արարատ**՝ հայտնաբերված որսահանդակի տարածքից դուրս որսի իրականացման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

**Սյունիք**՝ հայտնաբերված ապօրինի որսի կատարման փորձի 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 140.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:



**Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝**



**Արարատ**՝ որսի կանոնների խախտման (որսահանդակի տարածքից դուրս որսի իրականացման) 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք և հաշվարկել է 5.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ 



**Մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ**



Արձանագրվել է իրավախախտման 5 դեպք:

Վերոնշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով կայացվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 230.000 ՀՀ դրամի չափով՝

**Երևան՝** հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 1 դեպք, որի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։

**Արմավիր՝** հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի ավազի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

**Արագածոտն՝** հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 2 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 100.000 ՀՀ դրամ։

Շիրակ՝ հայտնաբերված հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 30.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:



**Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝**



**Արարատ՝** թափոնները ոչ հատուկ հատկացված տեղում տեղաբաշխելու խախտման 1 դեպքի  վերաբերյալ վարչական վարույթի քննության արդյունքում նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:



**Ընդերքի պահպանության ոլորտ**



Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք:

Վերոնշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով կայացվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 150.000 ՀՀ դրամի չափով՝

**Գեղարքունիք՝** հայտնաբերված ավազի ապօրինի արդյունահանման 1 դեպք, որի վերաբերյալ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք և բազալտի ապօրինի արդյունահանման 1 դեպք, որի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:



**Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար.**

**Արմավիր՝** 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։



**Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 666.200 ՀՀ դրամ:**