ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության վնասակար ազդեցությունը գնալով աճում է․ քաղաքագետ

ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության վնասակար ազդեցությունը գնալով աճում է․ քաղաքագետ
Քաղաքագետ **Արմեն Գրիգորյանից** Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե ինչով է տարբերվում նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագիրը 2013թ․ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրից։



«Ակնհայտորեն, նախևառաջ բացակայում է ազատ առևտրի բաղադրիչը, ինչի հետևանքով արդեն իսկ հօդս է ցնդում այն ոգևորությունը, որ իբրև թե Հայաստանի իշխանությանը հաջողվեց հասնել «եւ՛, եւ՛» բաղձալի բանաձևի իրականացմանը: Մինչդեռ, ինչպես այլ առիթներով նշվել է, անհնար էր միաժամանակ մտնել ազատ առևտրի գոտի՝ ԵՄ-ի Ասոցացման և ազատ առևտրի պայմանագրերի համապատասխան, և մաքսատուրքերի ավելացում պահանջող Եվրասիական միություն, և գործնականում հենց Ասոցացման պայմանագիրն էր «եւ՛,եւ՛» տարբերակ: Այն հնարավորություն կտար նաև Ռուսաստանի կամ ցանկացած այլ երկրի հետ ազատ առևտուր ունենալ: Այժմ նման հնարավորություն չկա, իսկ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության վնասակար ազդեցությունը գնալով աճում է. վերջերս տեղի ունեցող թանկացումները հենց դրա վկայությունն են, չնայած դա դեռ վերջը չէ, հունվարին նոր թանկացումներ են սպասվում»,- ասաց քաղաքագետը:



Հարցին, թե որքանով այդ համաձայնագիրը կարող է թուլացնել կախվածությունը ՌԴ-ից եւ պահպանել հավասարակշռություն աշխարհաքաղաքական բեւեռների միջեւ, Արմեն Գրիգորյանն արձագանքեց․



«Դա կախված է քաղաքական կամքից, ու նաև այն պայմանավորող հասարակական պահանջից: Բայց առայժմ նման բան չի նշմարվում. պարզապես անհնար է լրջորեն քննարկել ՌԴ-ից կախվածության թուլացման հնարավորությունը, քանի դեռ Հայաստանի կառավարությունը որոշումներ է կայացնում «ելնելով «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կայուն տնտեսական վիճակի պահպանման շահերից» (սա ուղղակի մեջբերում է կառավարության նիստին ներկայացված որոշման նախագծից)»:



**Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ**