Գորիսի համայնքապետը Կարապետյանին է վաճառում համայնքի հողերը

Գորիսի համայնքապետը Կարապետյանին է վաճառում համայնքի հողերը
Երեկ Գորիսի ավագանին հերթական նիստն է գումարել, որը վարել է նորաթուխ քաղաքապետ Առուշ Առուշանյանը: Օրակարգում եղել է 5 հարց: Նիստն ընթացել է կոնսենսուսի պայմաններում, վարչական աշխատանքի փորձ չունեցող Առուշանյանին ավագանու անդամները «խնայել» են՝ նեղը չեն գցել, ու ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ են քվեարկել օրակարգում ընդգրկված բոլոր հարցերին:



Հարցերից մեկին ավագանու անդամներից մեկը՝ դեմ, մյուսը ձեռնպահ է քվեարկել,  հարցը վերաբերել է Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի (բնակավայրի) գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելուն եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելուն, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին այդ հողամասերն օտարելուն: Նպատակային նշանակությունը փոխած 0.0942 հա հողամասերն ուղղակի վաճառքի կարգով կօտարվեն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին՝ մեկ քառակուսի մետրը 810 դրամ արժեքով: Կատեգորիան փոխադրված եւ օտարված 9 միավոր հողատարածքներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսվում է «Գորիս» 110 կՎ օդային գծի (հենասյուներ) շինարարություն սկսել:



Նշենք, որ կառավարության որոշմամբ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ 100 տոկոս պետական բաժնեմասով հավաստված իրավունքները հանձնվել են «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ին, որի սեփականատերը ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանն է: Նկատենք, որ ավագանին հարցը քննարկել է՝ «հիմք ընդունելով ՀՀ համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 12.09.2017թ. N 106 եզրակացությունը եւ Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը»: Տարօրինակ զուգադիպությամբ, նույն՝ 12.09.2017-ին են վաղաժամկետ ավարտվել Գորիսի նախկին համայնքապետ Վաչագան Ադունցի լիազորությունները:



Ավագանին հավանություն է տվել նաեւ Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի վարչական շենքերից մեկի 1-ին եւ 2-րդ հարկերից 550 քմ ընդհանուր մակերեսով տարածք տրամադրել  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ անժամկետ եւ անհատույց օգտագործման համար:  Ավագանու երեկվա նիստի ժամանակ նաեւ համայնքային բյուջեի պահուստային ֆոնդից, որպես սուբսիդիա, 2 միլիոն դրամ է փոխանցել մարզի  Քարահունջի մանկապարտեզին: Ավագանին ի գիտություն է ընդունել համայնքի 2017 թ. բյուջեի կատարման երրորդ եռամսյակի ընթացքի մասին Առուշանյանի հաղորդումը: Նշենք նաեւ, որ վերջինիս կենսագրությունը դեռեւս չի զետեղվել համայնքապետարանի պաշտոնական կայքում:



 



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**