Առաջին դասարան ընդունելության կարգը խնդիրներ է առաջացրել

Առաջին դասարան ընդունելության կարգը խնդիրներ է առաջացրել

Ինչպես գիտենք, երկու տարի է՝ ՀՀ պետական բոլոր հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է առցանց համակարգի միջոցով։ Այս տարվա հայտագրումն սկսվել էր հունիսի 1-ից, ժամը 9։00-ից՝ hayt.emis.am կայքում։ Ինչպես բուհական ընդունելության դեպքում, այստեղ էլ այս տարի սահմանվել է առաջնահերթություն․ հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում կարող էին հերթագրվել նախեւառաջ այն հայտատուները, որոնց 1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, եւ եթե 1-ին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր: Ըստ ԿԳՄՍ նախարարության, հայտագրումն ընթացել է հարթ, տեխնիկական խնդիրներ չեն առաջացել: Սակայն բոլորովին հակառակ կարծիքն ունեն շատ դպրոցների աշխատակիցներն ու ադմինիստրատիվ կազմը: 

«Հրապարակը» ստանում է բազմաթիվ հեռախոսազանգեր, որոնց հեղինակները բարձրաձայնում են նոր խնդիրների մասին, որոնք ծնողների համար բարդություններ են ստեղծել: Առաջնահերթություններ սահմանելիս ԿԳՄՍՆ-ն չի նախատեսել, որ շատ դպրոցներ ունեն նախադպրոցական խումբ կամ, ինչպես ասում են, զրո դասարան, իսկ այդ սաներն արդեն համարվում են տվյալ դպրոցների աշակերտներ, եւ միայն հավելյալ ազատ տեղերի դեպքում դպրոցը կարող էր նոր աշակերտներ ընդունել: Նախորդ տարիներին նախակրթարանի սաներն արդեն համարվել են տվյալ դպրոցի առաջին դասարանի աշակերտներ: Դա էլ ծնողներին այս տարի գցել է թյուրիմացության մեջ, եւ նրանցից շատերը կարծել են, որ հայտագրման գործընթացն իրենց չի վերաբերում, քանի որ իրենց երեխան արդեն իսկ տվյալ դպրոցի սան է, ուստի չի մասնակցել առցանց հայտագրմանը: Միայն հայտագրումից հետո են իմացել, որ իրենց երեխան դուրս է մնացել տվյալ դպրոցից: 

Օրինակ, Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչներից ոմանք կանգնել են այդ խնդրի առաջ․ մեզ դիմած Վ. Սարգսյանն ասում է. «Իմ երեխան սովորել է Այնթապի թիվ մեկ դպրոցի նախակրթարանում: Ես նախապես իմացել եմ, որ նախակրթարանի այդ խումբը դառնալու է դպրոցի առաջին դասարան: Ու քանի որ մեր տունը գտնվում է գյուղի ծայրամասի թաղամասում, մենք էլ, համավարակով պայմանավորված, առանձնապես շփումներ չենք ունեցել մարդկանց հետ, մեր այգեգործությամբ զբաղված՝ չենք տեղեկացվել, որ պետք էր օնլայն հերթագրվել: Իսկ երբ իմացանք, արդեն դպրոցում տեղերը լրացված էին: Հիմա մեզ մնում է մեկ տարբերակ՝ երեխային տանել Այնթապի թիվ երկու դպրոց: Իսկ դա գտնվում է մեր մեծ գյուղի մյուս ծայրում: Այսինքն՝ 6 տարեկան երեխաս առավոտյան մոտ երկու-երեք կիլոմետր պետք է գնա, որ հասնի դպրոց: Հետո էլ նույն ճանապարհով պետք է տուն վերադառնա։ Իսկ դա անհնար է աշնան անձրեւներին, ձմռան ցրտին, ամռան շոգին: Դա պարզապես չի կարող լինել: Սա շատ սխալ կազմակերպված գործընթաց էր: Չէ՞ որ օնլայն հայտագրվելու դեպքում համակարգչի մոտ նստած նախարարության աշխատակիցը չգիտի մեր գյուղի կառուցվածքը, չգիտի, թե որ երեխան որտեղից է գալիս, որ համայնքի, որ գյուղի կամ որ թաղամասի բնակիչ է: Հիմա ստացվում է, որ գյուղի կենտրոնում ապրողները, որոնց համար երկու դպրոցն էլ մոտ են, ընտրել են իրենց ուզած դպրոցը եւ մեր փոխարեն լրացրել մեր տեղը: Մի խոսքով՝ խառնաշփոթ ու անելանելի իրավիճակ է: Ես չգիտեմ, թե իմ երեխային ինչ եմ անելու: Ինձ նման էլի ծնողներ կան»: 

Դժգոհություններ կան նաեւ Վանաձորի երրորդ թաղամասի բնակիչներից: Թաղամասում գործող՝ Ակսել Բակունցի անվան թիվ 7 միջնակարգ նորակառույց դպրոցը բավականին հարմարավետ է՝ իր բոլոր կոմունիկացիաներով, դասասենյակներով, կահավորանքով: Ուստի քաղաքում շատերն են ցանկանում, որ իրենց երեխան հաճախի այս դպրոց: Այդ պատճառով էլ հայտագրման «մարաթոնի» մասնակիցները բավականին շատ են եղել։ Ու ստացվել է այնպես, որ այդ «մրցավազքում» հաղթել են քաղաքի ամենատարբեր թաղամասերի բնակիչների երեխաները: Իսկ դպրոցի հարակից շենքերի ու տների երեխաները մնացել են դուրս, ու հիմա ստիված են գնալ այլ՝ հեռավոր թողամասերի դպրոցներ: Իսկ դա խնդիրներ է առաջացրել ծնողների ու երեխաների համար: 

Մեզ դիմած ծնողները մամուլի միջոցով ուզում են բարձաձայնել իրենց խնդիրների մասին՝ հույս ունենալով, որ նախարարությունը հավելյալ տեղեր կհատկացնի իրենց դպրոցներին կամ կսահմանի առաջին դասարանի ընդունելության նոր կարգ, քանի որ առջեւում դեռ ժամանակ կա: