Նոր էլեկտրագնացքը վերադարձնում են Ռուսաստանին

Նոր էլեկտրագնացքը վերադարձնում են Ռուսաստանին
Ռուսաստանից Հայաստան բերված նոր էլեկտրագնացքը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն պատրաստվում է վերադարձնել Ռուսաստանին: Ավելի վաղ անդրադարձել էինք, որ ժամանակակից ու բարձրակարգ տեխնիկական հնարավորություններով հագեցած ուղևորատար էլեկտրագնացքը նախատեսվում էր շահագործել Երևան-Գյումրի- Երևան ուղղությամբ: Այդ նպատակով օրերս էլեկտրագնացքը ուղևորների փոխարեն 16 տոննա երկաթյա ծանրոցներով բեռնված պետք է երթուղի դուրս գար: Այսօր արդեն երկաթուղայիններից տեղեկացանք, որ գնացքը բեռնաթափվել է, քանի որ ընկերությունը պատրաստվում է այն ուղարկել Ռուսաստան: Աշխատակիցների խոսքերով՝ ամբողջ Հայաստանով պտտվելուց հետո տնօրինությունը որոշել է այն փոխարինել մեկ ուրիշով՝ հնարավոր է ավելի ցածր դասի գնացքով:



«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ մամուլի ծառայության պետ Վարդան Ալոյանից hraparak.am- ը հետաքրքրվեց՝ ինչու են էլեկտրագնացքը ուղարկում այնտեղ, որտեղից բերել են, մի՞թե փորձարկումն անհաջողության է մատնվել: «Փորձարկումն անցել է արտակարգ: Բայց էլեկտրագնացքը, որը բերվել էր, վրան անգամ գովազդը կա, որ վկայում է, այն տեստային է՝ փորձարկում անելու համար: Հիմա՝ փորձարկումից հետո այն ուղարկվում է ՌԴ, որպեսզի փոխարինվի մեր ռելիեֆին, կլիմայական պայմաններին առավել համապատասխանող գնացքով: Ստույգ այս պահին չեմ կարող ասել հենց նույն գնացքից կբերվի, թե որոշ դետալներ փոխված մեկ ուրիշը»,-ասաց ընկերության մամուլի պատասխանատուն:



Մեզ հետաքրքրեց նաև՝ մինչև եկող տարվա փետրվար, ինչպես նախատեսված էր, նոր գնացքը շահագործման հանձնվելո՞ւ է, թե ո՞չ: «Հստակ չգիտեմ, տնօրենը գործուղման է, այստեղ չէ, որպեսզի կարողանայի ճշտել»,-փոխանցեց Վարդան Ալոյանը: Իսկ ահա ընկերության աշխատակիցների շրջանում տարատեսակ խոսակցություններ են պտտվում: Ոմանց խոսքերով՝ նոր էլեկտրագնացքը շահագործելիս մի շարք խոչընդոտների է հանդիպել, շարքից հաճախ են դուրս եկել որոշ դետալներ: «Հարավկովկասյան երկաթուղիների» դիտարկումների արդյունքում նոր էլեկտրագնացքն այնքան էլ չի համապատասխանել հայաստանյան երկաթգծին: Ոմանք էլ այն կարծիքին են, որ այլևս նոր էլեկտրագնացք Հայաստան չի բերվելու:



Ի դեպ, մեր տեղեկություններով՝ էլեկտրագնացքի արժեքը 2մլն 700հզր դոլար է: Էլեկտրագնացքը Հայաստան է բերվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲ ընկերության ղեկավարության միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:Այն կահավորված է հարմարավետ աթոռներով։ Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային համակարգեր, վթարային ելքի պատուհաններ, տեղեկատվություն ներկայացնող էկրաններ, ինչպես նաև հարմար է հենաշարժական խնդիրներ ունեցող ուղևորների համար: Երևան-Գյումրի գնացքի տևողությունը 3 ժամ 10 րոպե է: Նորի շահագործման դեպքում նախատեսվում էր կրճատել ժամանակահատվածը՝ հասցնելով 2 ժամի:



**Արևիկ Հակոբյան**