Ուզենք-չուզենք Խորհրդային անցյալը մերն է

Ուզենք-չուզենք Խորհրդային անցյալը մերն է
Այսօր՝ Նոյեմբերի 28-ին, «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում վերաբացվեց Նարինե Թուխիկյանի «Խավարում» ցուցահանդեսը, որը նվիրված է խորհրդային տիրապետության անմեղ զոհերին: Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 24-ը։ Հիշեցնենք, որ այն առաջին անգամ բացվել էր այս տարվա օգոստոսի 4-ին՝ Հովհաննես Թումանյանի թանգարանում, բայց իշխանությունների միջամտության արդյունքում փակվեց 22 օր անց։ Գրաքննության այդ ակտը հասարակական բողոքի մեծ ալիք բարձրացրեց։



Բացի այդ Նոյեմբերի 29-ին, «Խավարումը» վերաբացվելու է «Լոռի» հեռուստաընկերության շենքում։ Ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Իսկ դեկտեմբերի 9-ին այն կվերաբացվի Գյումրիում՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում: Շուտով այն կցուցադրվի՝ նաեւ ԱՄՆ-ում` Ֆրեզնոյում:



Ցուցահանդեսը յուրօրինակ է այնքանով, որ հասարակության սեփականությունն է դարձնում արխիվային բացառիկ նյութեր, որոնց միջոցով մարդիկ առերեսվում են ստալինիզմի և դրա գազանային, մարդակեր էության հետ։ Ես նույնպես մասնակցում էի ցուցահանդեսին, իհարկե չեմ կարող չհամաձայնել դրա բովանդակության և հիմնական դրույթների հետ․ հայ հանրությունը պետք է վճռական կերպով դատապարտի և մերժի ստալինիզմը՝ բացառելով դրա արդի վերադրսևրման ամեն մի հեռանկար։



Բայց այս ամենի հետ զուգընթաց ցուցահանդեսը այնպիսի տպավորություն է ձևավորում, թե ուղղված է ոչ միայն ստալինիզմի, այլ նաև՝ առհասարակ Խորհրդային անցյալի դեմ։ Տպավորությունն այս իհարկե տարակուսանք է առաջացնում և ստվեր գցում բուն գործի էության վրա, որն ինչպես նշեցինք բավականին լուրջ արժեք է իրենից ներկայացնում։ Ուզենք, թե չուզենք Խորհրդային Հայաստանը մերն է, այն ներկա է մեր մեջ և չի կարող հենց այնպես ջնջվել: Ավելին՝ ՀՀ-ն օրգանապես կապված է դրա հետ, քանի որ ստեղծվել է դրա հիմքի վրա: Սրանից 50 տարի առաջ ամբողջ աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդի համար Խորհրդային Հայաստանը դիտարկվում էր որպես հոգևոր հայրնեիք, տարածք, որտեղ ազգը ապահովագրված է եղել ցեղասպանության սպառնալիքից (Ստալինյան ռեպրեսիաները չշփոթել ցեղասպանության հետ):



Եվ հիմա, եթե Նարինե Թուխիկյանը ստալինիզմի համատեքստում քննադատության թիրախ է դարձնում ընդհանրապես խորհրդային անցյալը ապա պատճառ է դառնում մի նոր կոնֆլիկտի սաղմնավորման համար, որի արմատները պատմական են։ Ընհանրապես մերժումի, հերքումի ճանապարհով ընթացքը մշտապես հանգեցնում է լրջագույն խնդիրների՝ հատկապես, երբ այդ հերքումն ու մերժումը վերաբերում են պատմությանը: Այսինքն այդ ընկալումների համաձայն պետք է կտրել, ոչնչացնել, ինչու չէ նաև դեմոնիզացնել Հայոց պատմության բաղկացուցիչ մասնիկներից մեկը: Ընդհանուրից առանցնացնել և ռետինով ջնջել խճանկարի մի հատվածը, որը հավաքվել է ընդհանուր տրամաբանությամբ: Արհեստական միջամտությամբ ընդհատել պատմական ընթացքի օրինաչափությունը և այդպես շարունակ: Նարինե Թուխիկյանը ճիշտ կանի ցուցահանդեսի արժեբանական և բովանդակային սլաքները ուղղի բացառապես ստալինիզմի դեմ։ Այդպես դրա էությունը իսկապես կընկալվի և կարժևորվի նաև ժողովրդի կողմից։ Հակառակ դեպքում Հայաստանում ապրող մարդիկ չեն հասկանա, թե իսկապես ինչի մասին է խոսքը։