Yerevan book fest-ի հաղթողները

Yerevan book fest-ի հաղթողները
Երեւանում նոյեմբերի 24-26-ը անցկացվեց Գրքի երեւանյան առաջին փառատոնը, որի կազմակերպիչը «Միհր» ստեղծագործողների միությունն էր, աջակիցը՝ մշակույթի նախարարությունը: Փառատոնի 3 օրերի ընթացքում ընթերցասերները հնարավորություն ունեցան մասնակցելու մի շարք միջոցառումների՝ շնորհանդեսներ, գրքերի ցուցահանդես-վաճառք, ընթերցումներ, տարաբնույթ հանդիպումներ, որոնք անցկացվեցին Հանրապետության հրապարակի ԱԳՆ նախկին շենքում։



Փառատոնի կարեւոր բաղադրիչը նաեւ ժամանակակից հայ գրականության մրցանակաբաշխությունն էր՝ 4 ուղղություններով։ Մասնավորապես՝ արձակ անվանակարգում հաղթողներ ճանաչվեցին Համբարձում Համբարձումյանը (1-ին մրցանակ) եւ Հովհաննես Երանյանը (2-րդ մրցանակ)։ Չափածոյում՝ Ներսես Աթաբեկյանը (1-ին մրցանակ) եւ Հուսիկ Արան (2-րդ մրցանակ)։ Դրամատուրգիայում՝ Գուրգեն Խանջյանը (1-ին մրցանակ) եւ Անուշ Ասլիբեկյանը ( 2-րդ մրցանակ)։ «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում՝ Սիլվա Հովհաննիսյանը (1-ին մրցանակ) եւ Էլֆիք Զոհրաբյանը (2-րդ մրցանակ)։



1-ին հորիզոնականում հաղթողների դրամական պարգեւը 500 հազարական դրամ է, 2-ինը՝ 300 հազարական դրամ։ Գումարը կփոխանցվի հեղինակի ընտրած հրատարակչին, իսկ նա կպարտավորվի մեկ տարում հրատարակել գրողի ժողովածուն կամ վեպը։



Հաղթողներին ձայների 60 եւ 40 հարաբերակցությամբ որոշել են մասնագիտական եւ հանրային հանձնախմբերը։ Մասնագիտական հանձնախմբի նախագահը ԵՊՀ պրոֆեսոր, գրականագետ Վազգեն Գաբրիելյանն է, անդամները՝ գրաքննադատ, արձակագիր Ալեքսանդր Թոփչյանը, ռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանը, գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը, Հասմիկ Հակոբյանը եւ Քրիստինե Հովհաննիսյանը։



133 հայտերի թվից 19 հայտատուների, որոնք գնահատող հանձնախմբերից ստացել են 30 եւ ավելի միավոր, հավաստագրեր են շնորհվել, մասնավորապես, Արմեն Հայաստանցուն («Դրամատուրգիա» անվանակարգում), Կարինե Խոդիկյանին (դրամատուրգիա), Էլֆիք Զոհրաբյանին (դրամատուրգիա), Անուշ Մարգարյանին (մանկապատանեկան գրականություն), Մանուշակ Հովհաննիսյանին (մանկապ. գր.), Սոնա Պողոսյանին (մանկապ. գր), Արփի Ոսկանյանին (արձակ), Ռոբերտ Միրզոյանին (արձակ), Լեւոն Շահնուրին (արձակ), Նարեկ Թոփուզյանին (արձակ), Լուսինե Խառատյանին (արձակ), Անուշ Սարգսյանին (արձակ), Արամ Թարվերդյանին (չափածո), Ռուզաննա Ոսկանյանին (չափածո),Վահե Արսենին (չափածո), Արփի Ոսկանյանին (չափածո), Գեւորգ Համբարձումյանին (չափածո), Մանե Գրիգորյանին (չափածո), Սուսաննա Ղազոյանին (չափածո)։



Եթե 2018-ի ընթացքում նրանք կարողանան գտնել հրատարակիչների, որոնք պատրաստ լինեն սեփական ներդրումով հրատարակել այդ հեղինակների գործերը, Գրքի երեւանյան փառատոնը կաջակցի այդ գործընթացին՝ գրքի հանրահռչակման եւ գովազի համար փոխանցելով 100 հազարական դրամ։