Ուշանում ենք

Ուշանում ենք
Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանն իր սիրելի լրատվամիջոցներից մեկին հարցազրույց է տվել։ Խոսել է բավականին անկեղծ, ինչպես սովորաբար է խոսում, պատասխանել է բոլոր հարցերին, հուշերի գիրկն է ընկել, տեսական դատողություններ արել, պատմել իր նախասիրությունների մասին։ Մի խոսքով՝ նման հարցազրույց կարելի էր տալ վարչապետ, անգամ քաղաքապետ նշանակվելու առաջին շրջանում, երբ հանրությունը ծանոթ չէր Կարեն Կարապետյան գործչին եւ կարող էր հետաքրքրվել, թե նորանշանակն ինչ է մտածում հայկական մաթեմատիկական դպրոցի կամ շատ փող ունենալու մասին, ինչ կյանքի ուղի է անցել, ինչպես է հարստացել, ինչու է խուսափում անձնական թեմաներով խոսելուց եւ այլն։



Ընդհանրապես, մենք՝ հայերս, հաճախ ենք դեպքերից ու ժամանակից հետ ընկնում, ուշանում։ Երբ 2013-ին Հայաստանն անդամագրվում էր ԵԱՏՄ կառույցին, հատուկենտ ընդվզումից բացի լուրջ քննարկումներ, կլոր սեղաններ ու հայտարարություններ կարծես չեղան։ Հիմա, երբ գնացքն արդեն գնացել է, ավելին՝ անգամ Եվրամիության հետ համաձայնագիր է ստորագրվել, եվրոպամետ հանրությունը կարծես արթնացել է լեթարգիական քնից ու բուռն բողոքի, ընդվզումի քայլեր է անում ընդդեմ ԵԱՏՄ անդամության։ Մինչդեռ այսօր ժամանակն այլ պահանջներ է դնում՝ հետեւել Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործակցության համաձայնագրի իրականացմանը, ստիպել, որ իշխանությունը դրա իրականացմանն ուղղված ռեալ քայլեր անի, որ փաստաթուղթը չմնա թղթի վրա։ Հակառակ պարագայում մի չորս տարի անց մենք կրկին կարթնանանք խորը քնից ու կարձանագրենք, որ ԵԱՏՄ-ն մեռելածին էր, ԵՄ համաձայնագիրը՝ դեկլարացիոն, իսկ մենք նորից նույն կոտրած տաշտակի առաջ ենք կանգնած՝ անմասն բոլոր համաշխարհային գործընթացներից եւ պարփակված մեր լեռներում։



**Արմինե Օհանյան**