ՀՀ-ԵՄ համաձայնագիրն ստորագրվում է

ՀՀ-ԵՄ համաձայնագիրն ստորագրվում է
Սեպտեմբերին երկու շաբաթ Գերմանիայում էի՝ Բունդեսթագի ընտրություններին հետեւելու նպատակով։ Իսկ Գերմանիայից էլ վաղ երկու շաբաթ Ուկրաինայում էի` Կիեւում եւ Իվանովո-Ֆրանկիվսկում` ծանոթանալու 2013-ի Արժանապատվության հեղափոխությունից հետո Ուկրաինայում ընթացող տնտեսական-վարչական բարեփոխումներին: Ուկրաինայի պետական կառույցների եւ բարեփոխումների համեմատությամբ, որքան էլ անհավատալի հնչի, Հայաստանն աչքիս Միացյալ Թագավորություն երեւաց, ինչի մասին արժեր գրել, ինչպեսեւ շատ այլ իրադարձությունների մասին, սակայն զբաղված էի։ Եվ միայն երկու իրադարձություն կար, որոնց դեպքում, անկախ զբաղվածությունից, անպատճառ գրելու էի: Առաջինը. ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ ռազմական բախման դեպքում, քանի որ նման բախումը, որքան էլ անցանկալի, միեւնույն է, դարակազմիկ իրադարձություն կլինի: Փառք Աստծո, որ առայժմ բախումը չի եղել, սակայն դրա հավանականությունը չի նվազել: Երկրորդ իրադարձությունը Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումն է, որ, բարեբախտաբար, տեղի է ունենում այսօր եւ Հայաստանի համար է դարակազմիկ իրադարձություն:



Ամենքն էլ թերեւս հիշում են 2013թ. սեպտեմբերին Սերժ Սարգսյանի շրջադարձը եւ հայտարարությունը Պուտինի ԵԱՏՄ ակումբին միանալու մասին, ինչն անհնար դարձրեց Ասոցացման համաձայնագրի ստորագրումը Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ: Դրանից հետո հարկավոր եղավ երկու տարի, մինչեւ 2015-ի դեկտեմբերին նոր փաստաթղթի շուրջ բանակցությունները մեկնարկեին: Բարեբախտաբար, նոր բանակցություններն ընթացան արագ, տեւեցին մեկ տարի եւ մեկ-երկու ամիս, եւ այս տարի փետրվարին Բրյուսել մեկնած Սերժ Սարգսյանը ԵՄ նախագահ Դոնալդ Տուսկի հետ հայտարարեց նոր փաստաթղթի շուրջ բանակցությունների բարեհաջող ավարտի մասին: Մարտին Երեւանում համաձայնագիրը նախաստորագրվեց: Հոկտեմբերի կեսերին համաձայնագրի պաշտոնական անգլերեն տեքստը` 359 էջ ծավալով, նաեւ ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը հրապարակվեցին EEAS-ի եւ ՀՀ ԱԳՆ-ի կողմից:



Եվ, ահա, չորս տարվա ոդիսականից հետո, այսօր Բրյուսելում Արեւելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի շրջանակում «ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր» (CEPA) կոչվող փաստաթուղթը կստորագրվի: Ենթադրելի է՝ Սերժ Սարգսյանը խնդիրներ ունի Ռուսաստանի հետ այս փաստաթուղթն ստորագրելու առնչությամբ, այլապես ռուսական լրատվամիջոցներին հեքիաթներ չէր պատմի, թե CEPA-ն տնտեսական հարցերի չի անդրադառնում։ Իհարկե, անդրադառնում է, այն էլ՝ մի քանի տասնյակ հոդվածներով եւ հիմնականում Հայաստանի վրա պարտավորություն դնելով, որ ՀՀ օրենսդրությունը եւ գործունեությունը հարկային, մաքսային, ֆինանսական, վիճակագրական եւ այլ դաշտերում, նաեւ առանձին ոլորտներում, համապատասխանեցվի ԵՄ օրենսդրությանը, պահանջներին եւ չափանիշներին: Չկան միայն պահանջվող փոփոխությունների վերջնաժամկետները: CEPA-ն նախատեսում է ինստիտուցիոնալ մարմինների` ԵՄ-ՀՀ խորհրդի, կոմիտեի եւ այլնի կազմավորում, որոնք հետեւելու են համաձայնագրի իրագործմանը, սահմանելու են գործողությունների ժամկետներ եւ գնահատելու են դրանց կատարումը:



Ամեն պարագայում՝ Սերժ Սարգսյանի խնդիրներն իր եւ ՀՀԿ-ի խնդիրներն են. կարող են՝ թող լուծեն, չեն կարող` թող հետեւանքները կրեն: Իսկ Հայաստանի համար հիմնականն ու էականը ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումն է՝ որպես Հայաստանի ապագայի առհավատչյա եւ ուղեցույց, քանի որ Եվրոպայից դուրս մնացյալ բարբարոսական ուղեծրերում (լինի դա թուրքական, իրանական, ռուսական թե չինական) Հայաստանի ապագա դժվար է պատկերացնել:



**Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ**