Բաղրամյանի հարթակը մի՛ դարձրեք թատերաբեմ

Բաղրամյանի հարթակը մի՛ դարձրեք թատերաբեմ

Իսկ հիմա եկեք սթափ դատենք, քանի լույսը նոր է բացվել

Կարո՞ղ եք ասել, հարգելի ընդդիմություն, դուք ի՞նչ այլընտրանք եք առաջարկում Հրապարակից հնչող ելույթներին։ Նույն ճղճղան ոճով էմոցիոնալ, տեղ-տեղ՝ հիստերիկ ելույթնե՞րը։ Դա ներքևում լսում ենք, բովանդակությունը, իհարկե, նույնը չէ, բայց ոճը նույնն է։ 

Դուք Բաղրամյանի հարթակը դարձրել եք թատերաբեմ, որտեղ ով հասցնում՝ բարձրանում է բեմ ու Stand up ժանրում ելույթ ունենում՝ ակնկալելով արժանանալ հանդիսատեսի համակրանքին ու ծափահարություններին։ Դուք մի քանի ամիս է՝ չեք կարողանում հստակ օրակարգ ձևավորել ու հստակ քայլեր ձեռնարկել, ձեր «ձևավորած» միակ օրակարգը դեռևս ԳՇ պետի ու մյուս սպաների տարածած հայտարարությունն է։ Իսկ դուք ի՞նչ եք անելու։ Ո՞րն է ձեր քայլը։ Հավատացեք, ձեզանից ոմանց գերէմոցիոնալ ու բարձրագոչ ելույթները՝ նույն բառամթերքով, նույն վանկարկումներով, արդեն էլ հետաքրքիր չեն թե՛ այստեղի, թե՛ այնտեղի ժողովրդին։ Չե՞ք տեսնում, որ դրանք չեն ազդում Հրապարակում հավաքվածների ու նրանց առջև ելույթ ունեցողի վրա, ով ամեն անգամ մի կեղծ թեմա է հարթակից նետում դաշտ ու մանիպուլացնում ձեզ, մեզ, բոլորիս։ Չե՞ք զգում, որ նույնիսկ ամենաբարձր ամպլիտուդներով գոռաք հարթակից ԴԱՎԱՃԱՆ, մեկ է՝ դրանից որևէ բան չի փոխվում, այդ բառն ու շատ այլ բառեր մաշվել են արդեն, ու մաշեցրել եք դուք։ Դուք ներքևում հավաքվածներին մեղադրում եք շոու անելու, զոհերի հիշատակը չհարգելու, որոշ էմոցիոնալ թեմաներ խաղարկելու մեջ, մինչդեռ նույնը նաև դուք եք անում արդեն այս հարթակից։ Չե՞ք նկատել։ Հետ տվեք և դիտեք ձեր ելույթները, քննադատի աչքերով նայեք ու կնկատեք։ Հարգե՛ք մեր զոհերի հարազատների վիշտը, դա դեռ երկար ժամանակ չի ամոքվելու։

Եվ, վերջապես, չնայած նրան, որ նախկինների մեջ կան բազմաթիվ պարկեշտ ու արժանի մարդիկ, միևնույն է, նախկին իշխանությունների հետ ասոցացվող դեմքեր կան, որոնք չպետք է բարձրանան հարթակ, քանզի շատ դեպքերում նրանք ուղղակի վանում են՝ գրավելու փոխարեն։ Էլ չեմ ասում, որ երբեմնի ընդդիմադիր կամ կիսաընդդիմադիր, սակայն վարկաբեկված ու իրենցից որևէ արժեք չներկայացնող կերպարներ կան, որոնց առհասարակ պետք է արգելել բարձրախոսին մոտենալ, տեսախցիկների առջև երևալ, ելույթ ունենալ։ Հասկացեք, խնդիրը մեկ հոգու գնալու մեջ է, ոչ թե ձեր՝ իշխանության գալու։ Մինչև դա դուք ինքներդ ձեր մեջ չգիտակցեք ու չխոստովանեք, որ վաղը կարող է հարթակում գտնվողներիցդ և ոչ մեկը իշխանության չգա՝ չնայած գործադրած անդուլ ջանքերին, դուք դա ժողովրդին չեք կարողանա համոզել։ Իսկ դուք, վստահ չեմ, որ այդ ազնիվ գիտակցումն ունեք։

Հ․Գ․ Այս ամենով հանդերձ՝ Բաղրամյան պողոտայում իրապես ջերմ ու դրական մթնոլորտ է։ Ես այնտեղ բազմաթիվ ընկերներ, հարազատ մարդիկ ունեմ, ու ես Բաղրամյան պողոտա գնում եմ նաև հենց նրանց տեսնելու, նրանց հետ շփվելու համար։ Բաղրամյանում իրապես ինտլեկտուալ ու մտավոր ներուժով լի էլիտա է հավաքված՝ անկախ նրանից, թե ով ինչ արժեքի մուշտակով ու մեքենայով է ժամանել։