Օգնում էի, էդ ընթացքում լրագրողի հետ մի քիչ սիրուն բան չստացվեց․ Ճամբարակի քաղաքապետ

Օգնում էի, էդ ընթացքում լրագրողի հետ մի քիչ սիրուն բան չստացվեց․ Ճամբարակի քաղաքապետ
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի նորընտիր ղեկավար Վազգեն Ադամյանը մեկ շաբաթից ավելի է, ինչ ստանձել է համայնքի ղեկավարի պաշտոնը։ «Ամեն ինչ, ինչ նախատեսել ենք, համայնքը զարգացնելու ենք: Ունենք ծրագիր, եւ մեր խոսքով առաջ ենք շարժվելու: Առաջին քայլն արդեն անում ենք՝ քաղաքը աղբից մաքրում ենք եւ ճանապարհները բարեկարգում»,-վստահեցնում է նորընտիր ղեկավարը: Ներկայացնում ենք նրա հետ մեր զրույցը։ **-Գյուղական համայնքների ղեկավարները կկրճատվե՞ն, թե̉՞ կմնան որպես ներկայացուցիչ:**



Որեւէ մեկի հետ անձնական խնդիր չունեմ: Բոլորն իրենց տեղերում են: Երբ որ նկատեմ՝ իրենց աշխատանքում թերանում են, այն ժամանակ իրենք իրենց տեղերում չեն լինի:



**-Քաղաքապետարանում կրճատումներ կլինե՞ն:**



Այո, կկրճատվեն տարիքային՝ 74, 72, 66 տարեկան եւ ոչ համապատասխան մասնագիտություն ունեցող անձինք: Տարիքով աշխատողների տեղերը կհամալրվեն երիտասարդներով:



**-Ձեր մարդկանցով կհամալրե՞ք այդ տեղերը:**



Իհարկե ոչ: Հայտարարություն ենք տալիս: Իմ մոտ ծանոթ, բարեկամ, ընկեր հասկացություն չկա: Մենք սահմանամերձ գոտի ենք: Զոհված ազատամարտիկների շիրիմները ուզում ենք վառ պահել եւ ինչ-որ ձեւով օգնել նրանց ընտանիքներին, ուստի առաջնահերթություն ենք տալիս զոհվածների երեխաներին աշխատանքի ընդունելով:



**- Ձեր եւ գյուղապետերի աշխատավարձի բարձրացում կլինի՞։**



Իմ աշխատավարձը նույն է մնալու՝ 359 հազար դրամ, իսկ մնացած համայնքների ղեկավարներին կբարձրանա:



**-Ինչի՞ հաշվին:**



Օպտիմալացման: Մյուս համայնքներում արդեն կրճատումներ եղել են:



**- ԱԺ ընտրությունների ժամանակ դուք մեղավոր եք ճանաչվել քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով (Քվեարկության գաղտնիությունը խախտելը): Ի՞նչ կասեք այս մասին:**



Նորմալ ա, ուղղակի իմ բարեկամին էի օգնում, թոշակառու է, ու ի վիճակի չէր ընտրություն կատարելու: Օգնում էի, էդ ընթացքում լրագրողի հետ մի քիչ սիրուն բան չստացվեց, թե չէ ուրիշ բան չկա:



Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ մինչ քաղաքապետ դառնալը Վազգեն Ադամյանը հասցրել է 2 անգամ դատապարտվել: ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ 2013թ.-ին Վազգեն Ադամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝ խուլիգանական դրդումներով) և դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով: 2017թ.-ին հունիսի 13-ին էլ մեղավոր է ճանաչվել քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի /500.000 ՀՀ դրամի/ չափով:



**Նելլի Կարապետյան**