Սրտանց կպել եմ գործի

Սրտանց կպել եմ գործի
Պետական կամերային երաժշտական թատրոնի նախկին տնօրեն **Վարդան Գրիգորյանի** պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո, մոտ մեկ ամիս առաջ, թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց **Եղիշե Խերանյանը**, ով մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենն էր, որը, համաձայն կառավարության որոշման, նախորդ տարվա նոյեմբերին լուծարվեց, իսկ Խերանյանն ազատվեց աշխատանքից: 



Ինչպես տեղեկացանք մշակույթի նախարարությունից, կամերային երաժշտական թատրոնի տնօրենի պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի առաջիկա վեց ամսվա ընթացքում։    



Եղիշե Խերանյանը Կամերային երաժշտական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի գործառույթներն իրականացնելու առաջարկն ստացել է շատ անսպասելի՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից։ «Ընդհանուր քննարկման արդյունքում էր, ես համաձայնեցի, քանի որ ինքս նաեւ թատրոնի, հեռուստատեսության ռեժիսոր եմ, դա իմ աշխարհն է, որպես ռեժիսոր՝ ունեմ նաեւ որոշակի աշխատանքներ եւ շատ սրտանց կպել եմ գործի»,- ասում է Խերանյանն ու հավելում, որ կոլեկտիվը շատ ջերմ է ընդունել իրեն, ինքն էլ իր հերթին հիացած է կոլեկտիվով․ «Շշմելու լավ կոլեկտիվ է, եռանդուն, նվիրված գործին, թատրոնին, սա ասում եմ առանց չափազանցության, անընդհատ ուզում են թատերական սխրանքների գնալ, ես դա գնահատում եմ, եւ մենք նոյեմբեր ամսից ռադիկալ փոխել ենք մեր խաղացանկային քաղաքականությունը։ Եթե մինչեւ այդ 15 ներկայացում էր, հիմա նոյեմբերից խաղում են 34 ներկայացում։ Հոկտեմբերից մենք սկսել ենք 4 նոր ներկայացումների բեմադրություններ, մեր դերասանները ծանրաբեռնված են ե՛ւ ներկայացումներով, ե՛ւ այդ նոր 4 բեմադրությունների փորձերով, դրան գումարած առանձին պարային փորձ, վոկալ․ շշմելու լավ վիճակ է»։ Թատրոնում նոր ներկայացումները բեմադրում են հրավիրյալ ռեժիսորները, որոնց թվում են Վիգեն Ստեփանյանը, Արսեն Ղազարյանը, Գառնիկ Սեյրանյանը, Գոհար Փոքրիկյանը։



Դերասանները թատրոնի հիմնական խնդիրներից մեկը համարում են գլխավոր ռեժիսորի բացակայությունը, ինչպե՞ս է դրա լուծումը պատկերացնում։ Խերանյանն ասաց․ «Իմ կարծիքով՝ թատրոնն անպայման իր ռեժիսորը կամ գեղարվեստական ղեկավարը պետք է ունենա, բայց քանի որ այս տարի շտկելու շատ հարցեր կան, կարծում եմ՝ հաջորդ տարի այդ բոլոր հարցերը ռադիկալ կլուծվեն։ Դա շատ կարեւոր է։ Հիմա իրավիճակը մի փոքր այլ է, քանի որ ես, բացի իմ տնօրինության փորձից, նաեւ ռեժիսոր եմ եւ ինչ-որ տեղ կարողանում եմ այդ երկուսը մեկտեղել, բայց համոզված եմ, որ ճիշտը՝ թատրոնն ունենա իր առանձին գեղարվեստական ղեկավարը, որը պետք է որոշի թատրոնի գեղարվեստական քաղաքականությունը։ Դա  կարեւորագույն խնդիր է, եւ կարծում եմ՝ հաջորդ տարվա սկզբներին այդ հարցն էլ կկարգավորվի»։



Կարելի՞ է ենթադրել, որ այդ հարցն արդեն նախարարի հետ որոշակիորեն համաձայնեցրել են։ «Ոչ, նման խոսակցություն չկա, ես հաջորդ տարի ասելով՝ կարծում եմ, որ նախարարությունը հաստատակամ է բոլոր տեղերում խնդիրները շտկելու, կարգավորելու հարցում, հիմա իրենք այս ուղղությամբ գնում են, եւ դրա համար եմ համոզված, որ եկող տարի այս հարցն էլ կլուծվի, որովհետեւ բոլոր թատրոններում զգացվում է այդ դրական կարգավորումների տենդենցը։ Կարծում եմ՝ մեր հերթն էլ հասավ արդեն, եւ շուտով մեզ մոտ էլ կլինի, բայց կոնկրետ խոսակցություն իր հետ չեմ ունեցել այս հարցի կապակցությամբ»։



Եղիշե Խերանյանը կիսվեց նաեւ նախարարի հետ աշխատելու իր փորձառությամբ, մասնավորապես նշելով, որ Հանրային ռադիոյում Արմեն Ամիրյանի առաջին տեղակալն էր․ «Բայց մենք նաեւ շատ լավ ընկերներ ենք, նույնիսկ մինչեւ Հանրային ռադիոյի այդ նշանակումները, մենք վաղուցվա ընկերներ ենք, որովհետեւ երկուսս էլ մեր առաջին քայլերն սկսել ենք ռադիոհեռուստատեսությունից։ Մենք էլի շարունակում ենք մնալ շատ լավ ընկերներ, բայց դա ինձ ավելի է պարտավորեցնում, որ ես իմ աշխատանքով երբեւիցե հուսախաբ չանեմ իմ ընկերոջը եւ իմ նախարարին՝ այսպես ասեմ»։



Այն, որ նախկին տնօրեն Վարդան Գրիգորյանի պաշտոնավարման 2 տարիների ընթացքում թատրոնում, մեղմ ասած, անառողջ մթնոլորտ էր տիրում, ներկայիս տնօրենի ԺՊ-ն կարծում է, որ դա միայն Վարդան Գրիգորյանով պայմանավորված չէր։ «Ես չեմ ուզում անձնավորել, կար կոնֆլիկտային իրավիճակ, ու այս թատրոնում վերջին տարիներին, ինչ հիշում եմ, անընդհատ եղել են նմանատիպ իրավիճակներ, բայց, փառք Աստծո, այս մեկ ամսվա մեջ համոզվեցի, որ կոլեկտիվը կարծես թե հաղթահարեց դա»,- նկատում է Խերանյանն ու հավելում, որ բոլոր փորձերին կոլեկտիվը սիրով է գալիս, եւ կարելի է մեծ արդյունքներ գրանցել։



Ինչ վերաբերում է հարցին, թե կառաջադրի՞ թեկնածությունը տնօրենի պաշտոնի համար, թե ոչ, Խերանյանը դեռ չի որոշել։ «Հիմա մի քիչ հակված եմ ավելի շատ ստեղծագործական գործեր անելու, ես հիմա Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրություններ եմ անում, հետո միգուցե հեռուստատեսությունում ինչ-որ մի բան անեմ, դրա համար չգիտեմ, չեմ որոշել»,- ասաց նա ու հավելեց, որ տարիքային խնդրի հետ կապված՝ անհամապատասխանություն չունի․ «Տարիքային խնդիր բացարձակապես չունեմ, որովհետեւ մինչեւ 65 տարեկանը ներառյալ թույլատրվում է, իսկ ես դեռ 60 եմ, այսինքն՝ նման խնդիր չունեմ առնվազն առաջիկա 5-6 տարիներին։ Դա չէ խնդիրը, ուղղակի մի փոքր հակված եմ ստեղծագործական աշխատանքի, ուզում եմ նաեւ բեմադրություններ անել, վերջապես իմ գործով զբաղվեմ, եթե կարողանամ դա համատեղել, եւ տնօրինությունը չտուժի դրանից՝ միգուցե, բայց դեռ չեմ որոշել»։ Խերանյանն ընդգծում է․ գործի մեջ խստապահանջ է՝ սկսած իրենից․ «Բայց երբեք հենց այնպես պահանջող չեմ եղել ու հիմա էլ չեմ, ես նախ ուզում եմ իրենց պայմանները բարելավենք, ստեղծենք մինիմալ նորմալ պայմաններ, որ իրենք իրենց լավ զգան, ինչպես շատ թատրոններում է։ Նշեմ միայն, որ մեր թատրոնը վերջապես արդեն վարագույր ունի, այո, առաջ չունեինք, բավականին հետաքրքիր ձեւով փոխել ենք մեր բաներային մշակույթը․ հին, նոյի թվի բաները փոխել ենք նոր ոճով, դրական բաներ շատ կան, ուղղակի չթվարկեմ»։



 



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**