Փոխզիջո՞ւմ, թե՞ կապիտուլյացիա

Փոխզիջո՞ւմ, թե՞ կապիտուլյացիա
Երբ իշխանությունն ապրիլյան պատերազմի մասին սկսեց հայտարարել, որ այն «հաղթանակ» էր, քանզի ադրբեջանցիների մտադրություններն ավելին էին, քան մեզնից 100 անմեղ կյանք խլելն ու 800 հեկտար հող գրավելը, հասկանալի դարձավ, որ ցանկացած կորուստ ու պարտություն այսուհետ մեզ ներկայացվելու է որպես հաղթանակ։ Ընդ որում՝ ոչ միայն Արցախի շուրջ ձեւավորված պաշտպանության գոտին եւ 5 շրջաններն են շուտով հանձնվելու հակառակորդին, այլեւ բազում այլ նահանջներ ենք արձանագրելու։ Եվ այդ բոլոր նահանջներն իշխանությունը փարիսեցիաբար ներկայացնելու է որպես «հաղթանակ», «կոնֆլիկտի կարգավորում», «փոխզիջում»։ Այն պահին, երբ հայտարարվեց, որ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին հայկական կողմը համաձայն է, դրան միայն Ադրբեջանն է դիմադրում, հասկանալի դարձավ, որ ՀՀ իշխանությունը հաշտվել է «փոխզիջումների» մտքի հետ, անգամ եթե դրանք ոչ թե փոխզիջում են, այլ միակողմանի կապիտուլյացիա։ Իսկ երբ ռուսական էմիսարները եւ թուրք-ադրբեջանական դիվանագետներն ու պաշտոնյաները սկսեցին ավելի հաճախ փոխադարձ այցեր կատարել, երբեմն էլ մեզ «երջանկացնելով» իրենց ներկայությամբ, եւ իրար հետ մրցել միմյանց հաճոյանալու ասպարեզում, փարատվեցին մեր վերջին կասկածները, որ կոնֆլիկտի կարգավորումը ոչ հօգուտ հայկական կողմի է լինելու, եթե, իհարկե, Հանրապետականի իշխանության հարատեւումը եւ պետականության փշրանքների պահպանումը չհամարենք «օգուտ»։ Այժմ մի հարց է բաց մնում՝ ինչ-որ բան, այնուամենայնիվ, մենք շահելո՞ւ ենք այդ կարգավորումից, թե՞ հայտնվելու ենք մինչ 88 թիվը իրավիճակում։ Գուցե մեր շահածը խաղաղությո՞ւնն է լինելու կամ Արցախի ու Հայաստանի բարգավաճո՞ւմը։ Կամ էլ հեռավոր ապագայում Արցախի ճանաչման կամ Հայաստանի հետ վերամիավորման հեռանկա՞րը։



**Արմինե ՕՀԱՆՅԱՆ**