Գուգո, դու Գուգո

Գուգո, դու Գուգո
Հայաստանից 90-ականներին Միացյալ Նահանգներ արտագաղթած Հայկի ընտանիքը բարեկեցիկ կյանքով էր ապրում: Հայկի երկու դուստրերը՝ Աննան եւ Լիլիթը, ավարտել էին հեղինակավոր համալսարան, արդեն իսկ սեփական բիզնեսը հիմնել, իսկ փոքրը՝ Գուրգենը, որին կրճատ Գուգո էին ասում, ծնվել ու մեծացել էր Ամերիկայում եւ տեղական քոլեջի պարծանքն էր: Սեփական քրտինքով զրոյից սկսած Հայկը մշտապես հպարտանում էր իր երեխաների աշխատասիրությամբ, որ նրանք օտար ափերում շատ կարճ ժամանակամիջոցում մեծ հաջողությունների են հասել: Օրերից մի օր ընտանիքում մի չնչին հարցի շուրջ թեթեւակի վեճ է ծագում: Մեզնից ո՞ւմ հետ չի պատահում: Հայրերի ու երեխաների սովորական վեճ: Էս Հայկս բորբոքվում, ավանդապաշտությունը հիշում ու տանը հայավարի ձայնը բարձրացնում է, նախատինքի խոսք ուղղում դուստրերից մեկի հասցեին: Գուրգենը, որ քրոջն էր պաշտպանում, մի տեսակ շատ է ակտիվանում: Հայրն էլ հանդիմանում է որդուն, թե դու ի՞նչ ես խառնվում, ախր, դու ո՞վ ես, Գուգո, դու դասերդ սերտիր…



Գուգո, դու Գուգո, բջջայինով պատրաստի համարի մի կոճակ է սեղմում, եւ, ակնթարթներ չանցած, փոլիսը (ոստիկանությունը) գալիս է: Կարճ ասած՝ Հայկիս բերման են ենթարկում: Էլ դատ ու դատաստան, ադվակատ, երեխաների աղաչանք ու պաղատանք, թե՝ խնդրում ենք, մեր հորն ազատեք, ոչինչ մի օգնում․․․ Մեռնեմ օրենքին, ի՜նչ ազատել, ի՜նչ բան, այդ դեպքում էլ մյուս կողմն է մեղավոր՝ քույրն ու եղբայրը: Մի խոսքով, Հայկը, որպես օրինախախտ քաղաքացի, պատժվում է: Ամիսներ տեւած հոգեբանական ճնշումից ու տառապանքից հետո Հայկը տուն է վերադառնում փոխված, խոսում է ամեն խոսքը կշռադատած, ձայնի տոնայնությունն իջեցրած: Նա մի 5-6 ամիս համբերությամբ զինված, երբ արդեն ամեն ինչ գրեթե մոռացվում էր, մի օր էլ ասում է, որ իր ծանոթներից մեկը Երեւանում շուկայականից շատ ցածր գնով մի ամբողջ շենք է վաճառում՝ իր ամեն ինչով, բիզնեսով, եւ ուզում է Ամերիկա տեղափոխվել: Եվ իր ընտանիքի անդամներին, կնոջն ու երեխաներին առաջարկում է տեղափոխվել Հայաստան: Նաեւ ասում է, որ այդ բոլորը գնելուց հետո, դեռ ավելին, մի կլոր գումար էլ մնում է իրենց: Սկզբում նրանք անակնկալի են գալիս, սակայն աղջիկների կարոտն ու Երեւանում թողած առաջին սերը հաղթող են դուրս գալիս: Գաղափարի ամբողջ քննարկման ընթացքում ընտանիքի հայրը՝ Հայկը, ոչ մի ծպտուն չի հանում: Ամենասրտնեղվածը քոլեջը նոր-նոր գերազանց դիպլոմով ավարտած Գուրգենն է լինում: Սակայն վերջում նա էլ է համոզվում:



Արեւի ճառագայթներով ոսկեզօծ ինքնաթիռը, Արարատի ու Զվարթնոցի դեռեւս կանգուն համալիրի ուղեկցությամբ, երկու տասնամյակից ավելի Երեւանի երեսը չտեսած Հայկի ընտանիքին տուն է բերում: Անձնագրերի ստուգում, մաքսատուն, պաշտոնական մի քանի փոքր ու մեծ արարողությունից հետո հենց որ օդանավակայանից ոտքները դուրս են դնում հայրենի հողի վրա, էս Հայկս ասես կտրիճ է դառնում, ճիշտ եւ ճիշտ Շապուհի ու Արշակ Երկրորդի պատմության նման, երբ հայոց թագավորը պարսից հողի վրա խեղճանում ու անզոր էր դառնում, իսկ հայոց հողի վրա հերոս կտրում, կտրիճանում: Նման ձեւով էլ Հայկս տանում-բերում է ու էս Գուգոյի վզակոթին հո մի ապտակ չի տալիս, աչքերից պեծեր են թռնում: Կողքից մարդիկ շվարած Հայկին են նայում, թե ի՞նչ պատահեց, ա՛յ մարդ: Հայկը ձեռքը երկրորդ անգամ է վեր բարձրացնում ու գոռում է՝ դե կանչի, դե հիմի փոլիս կանչի: Գուգոն, որ դեռ ուշքի չէր եկել կատարվածը հասկանալու համար, բջջայինը հանում է ու նորից էն հատուկ կոճակն է սեղմում… Բայց դե ինչքան ուզում ես սեղմի, սա էլ հո Երեւանն է…



Սա ոչ թե հեքիաթի ժանրից էր, այլ՝ իրականություն: Միայն անուններն են փոխված: Անկեղծ ասած՝ հիմա մտահոգ եմ, թե այնպես չանենք, որ մեր էս վերջին՝ ընտանիքի մասին օրենքի ընդունումով ապագա գուգոներ սարքենք: Ամերիկան՝ Ամերիկա, Եվրոպան՝ Եվրոպա, բայց հազարամյակների ավանդապաշտ Հայաստանն էլ՝ Հայաստան:



**Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ**