Լավրովից՝ Ալիեւին

Լավրովից՝ Ալիեւին
Նոյեմբերի 19-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հյուրընկալվել է Բաքվում: Նրան առաջինն ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:



Այդ մասին պաշտոնական հաղորդագրության մեջ աչքի է զարնում ԼՂ կարգավորման հարցով նրանց երկխոսությունը: Իլհամ Ալիեւն այդ առթիվ ասել է հետեւյալը. «Միեւնույն ժամանակ այսօր կխոսենք հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի մասին: Ադրբեջանը խիստ շահագրգռված է այդ հարցի շուտափույթ կարգավորմամբ», ինչին հետեւել է Լավրովի այս պատասխանը.



«Մենք, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եռյակի անդամ, հետաքրքրված ենք, որպեսզի օգնենք գտնել հանգուցալուծում եւ ապահովել շարժում դեպ ղարաբաղյան հակամարտության լուծում: Այստեղ մենք ձեզ հետ լիովին համաձայն ենք, որ այդ ուղղությամբ պետք է ձեռնարկել ակտիվ ջանքեր»:



[Ինչպես տեսնում ենք, Բաքվում ՌԴ արտաքին գործերի նախարարը որեւէ ակնարկ իսկ չի արել ԼՂ հարցում իր երկրի առանձնահատուկ շահագրգռվածության, նրա ինքնուրույն դերակատարության կամ կողմերի նկատմամբ ազդեցության մասին:](https://news.day.az/politics/952134.html) Լավրովը խոսել է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ երկրի արտգործնախարար՝ բավարարվելով միայն խիստ ընդհանուր ձեւակերպումներով:



Ադրբեջանում, մինչդեռ, Լավրովի այցի շուրջ ձեւավորվել է քարոզչա-տեղեկատվական այնպիսի ֆոն, որ կարծես ԼՂ կարգավորման գործընթացում տեղի է ունենում «վճռական բեկում»: Ադրբեջանական կողմը հատկապես ոգեւորված է, որ Լավրովը Բաքու է մեկնել Անթալիայից, որտեղ բանակցություններ է վարել Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարների հետ: Դա կապվում է նույնիսկ Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպման հետ: Ալիեւի հետ հանդիպմանը ՌԴ արտգործնախարարը փաստացի ցրել է այդ տպավորությունները: Իհարկե, պաշտոնական տեղեկատվությունից դժվար է եզրահանգել, թե ԼՂ հարցով ի՞նչ ծավալի քննարկումներ են եղել Ալիեւ-Լավրով հանդիպմանը: Բայց էական շեշտադրումներ արդեն իսկ հասկանալի են՝ Ռուսաստանը պատասխանատվություն չի վերցնում եւ չի ստանձնում առանձին միջնորդի դերակատարություն:



Խնդիրը մնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահություն-Հայաստան-Ադրբեջան քննարկումների ձեւաչափում: Իսկ դա նշանակում է կարգավորման տեւական բանակցություններ, որոնք կարող են նշանակալի լինել, եթե շփման գծում հրադադարը պահպանվի եւ ամրապնդվի վստահության միջոցառումներով: Մոտավորապես այսպիսի ուղերձ է փոխանցել ՌԴ արտգործնախարարը:



**Վահրամ Աթանեսյան**