Ի՞նչ տարբերություն, թե որ երկրում դեսպան կաշխատի

Ի՞նչ տարբերություն, թե որ երկրում դեսպան կաշխատի
Սերժ Սարգսյանի հրամանով երեկ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում արտակարգ եւ լիազոր դեսպան։ Այս նշանակումն անսպասելի էր, քանի որ մի քանի ամիս առաջ Հայաստանի Հանրապետությունը փորձել էր դեսպանի ագրեման ստանալ **Սերգեյ Մինասյանի** համար Վրաստանից։ Բայց Վրաստանի իշխանությունները չցանկացան ընդունել նրան, դեսպան նշանակվեց նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանը։ Մինասյանը մեզ ասաց, որ իր համար անսպասելի չէր իր նշանակվելը, բայց չցանկացավ մեկնաբանել, թե ինչու ոչ Վրաստանում։



- **Երբվանի՞ց էիք տեղյակ, որ Ռումինիայում եք նշանակվելու**։



- Երբ որ առաջարկեցին, որովհետեւ դեսպանի նշանակման գործընթացը բավականին երկարաժամկետ պրոցես է, որը պահանջում է ընդունող երկրի համաձայնություն, դրանից ելնելով՝ նաեւ այլ համապատասխան գործընթացներ։



- **Տեւական ժամանակ խոսվում էր, որ Դուք պետք է Վրաստանում դեսպան նշանակվեիք։ Նախ՝ ինչո՞ւ դա չստացվեց, եւ ինչպե՞ս ստացվեց, որ Ռումինիայում նշանակվեցիք**։



- Ես որեւէ ձեւով չեմ կարող մեկնաբանել այն լուրերը, որոնք եղել են մամուլում Ձեր ասած թեմայի շուրջ։ Իսկ ինչ վերաբերում է Ռումինիային, ապա ասեմ, որ ես երկար տարիներ զբաղվում եմ միջազգային հարաբերություններով՝ գիտական մակարդակով, հանդիսանում եմ միջազգային հարաբերությունների գիտությունների դոկտոր, եւ այդ առումով, ճիշտն ասած, առաջարկները՝ դիվանագիտական աշխատանքի անցնելու համար, ինձ համար այդքան էլ անսպասելի չեն։



- **Տարբերություն կա՞ր Ձեզ համար, թե որ երկրում կնշանակվեիք դեսպան, թե՞ մեկ է**։



- Հաշվի առնելով նաեւ այն սպեցիֆիկ իրավիճակը, որ կա այս պահին Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի միջեւ, փաստացի Ռումինիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ ամենաակտիվ երկրներից մեկը սեւծովյան տարածաշրջանում, հանդիսանում է Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության բավականին ակտիվ անդամ երկիր, իսկ ես, քանի որ երկար տարիներ զբաղվել եմ ե՛ւ եվրաինտեգրման հարցերով, ե՛ւ ՆԱՏՕ-ի տարածաշրջանային անվտանգության տարբեր հարցերով, բնականաբար՝ դա իմ գործը չէ, թե ինչքանով ես համապատասխան եմ, թե ոչ, բայց ինձ համար դա հասկանալի դաշտ է որոշ չափով։



- **Օրինակ, եթե Հարավարեւելյան Ասիայի կամ Հեռավոր Արեւելքի երկրներից որեւէ մեկում որոշեին նշանակել դեսպան, Ձեզ համար դարձյա՞լ ընդունելի կլիներ**։



- Գիտե՞ք, եթե մարդիկ անցնում են դիվանագիտական աշխատանքի, բնականաբար, պիտի պատրաստ լինեն նրան, որ նշանակումը կարող է լինել տարբեր երկրներում։ Վերջիվերջո, մեր այն դիվանագետները, որոնք երկար ժամանակ աշխատել են եվրոպական ուղղությամբ, ժամանակ է լինում, ելնելով այս կամ այն պատճառներից՝ անձնական, բյուրոկրատական տրամաբանությունից եւ այլն, որ նմանատիպ երկրներում են նշանակվում։ Կամ, ասենք, արաբիստները, որոնք երկար ժամանակ աշխատել են արաբական երկրներում, կարող են նշանակվել Վաշինգտոնում կամ եվրոպական երկրներում։



- **Իսկ Ռումինիայում ՀՀ արդեն նախկին դեսպան Համլետ Գասպարյանից տեղեկություն ունե՞ք, նա տեղափոխվում է ա՞յլ աշխատանքի**։



- Ես միայն գիտեմ, որ ինքն իսկապես հանդիսանում է մեր ամենափորձառու դիվանագետներից մեկը, ես համոզված եմ, որ հետագա իր դիվանագիտական աշխատանքը համապատասխան ընթացք կունենա։



- **Ձեր այս նշանակման մասին Դուք տեղեկացել էիք Վրաստանում նոր դեսպանի նշանակումից հետո՞, թե՞ ավելի վաղ**։



- Ես չեմ կարող ասել, քանի որ ես էդ թեմայով որեւէ ձեւով չեմ կարող մեկնաբանել։



- **Իսկ Վրաստանում Ձեր դեսպան չնշանակվելու փաստն ինչպե՞ս կմեկնաբանեք, որ Վրաստանի իշխանություններն այդպես էլ չընդունեցին Ձեզ**։



- Ես նմանատիպ ինֆորմացիա չունեմ։



- **Ի՞նչ ինֆորմացիա, այսինքն՝ որ Վրաստանի իշխանությունները չէի՞ն ցանկանում Ձեզ տեսնել իրենց մոտ դեսպան**։



- Ընդհանրապես, այդ հարցի հետ կապված ես նմանատիպ որեւէ ինֆորմացիա չունեմ։ Ես Ձեզ ասացի, որ այս թեմայով չեմ մեկնաբանում, հետեւաբար, որեւէ ձեւով, նաեւ առանձին ինչ-որ հարցերի այդ թեմայի շուրջ չեմ կարող պատասխանել։



- **Լավ, իսկ ե՞րբ կմեկնեք Ռումինիա**։



- Դա կախված է նրանից, թե նախորդ դեսպանն իր գործերը երբ կհանձնի, բնականաբար՝ նաեւ ընդունող երկրի կեցվածքից էլ կախված կլինի, նախագահի գրաֆիկից եւ այլն։



 



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**