Դատավորը սպանվածի մորը խորհուրդ տվեց դիմել ՀՔԾ

Դատավորը սպանվածի մորը խորհուրդ տվեց դիմել ՀՔԾ
Այսօր՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ 2014թ-ին Գյումրիում սպանված 25-ամյա երիտասարդ Արտյոմ Ադանալյանի մոր՝ Ռուզան Ադանալյանի բողոքի քննության 1-ին դատական նիստը: Նիստին ներկայացել է նաև դատախազ Վ.Դոլմազյանը, ում էլ վերաբերում էր կնոջ բողոքը:



Հիշեցնենք, որ սպանված երիտասարդի մայրը՝ Ռուզան Ադանալյանը, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում էր տվել այն մասին, որ որդու սպանության գործով Շիրակի մարզի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանի կողմից ամբողջ նախաքննության ընթացքում կատարվել են չարաշահումներ, խմբի կողմից կատարված սպանությունը թաքցվել է, մեղադրանք առաջադրվել է մեկ անձի՝ միայն Գյումրի քաղաքի Տեքստիլ թաղամասի բնակիչ Արթուր Մարտիրոսյանին, մինչդեռ Արտյոմին դանակի հարվածներ է հասցրել նաև նույն թաղամասի բնակիչ Հովհաննես Թոփչյանը: Դատախազ Րաֆֆի Ասլանյանը թաքցրել է իրեղեն ապացույցները և Թոփչյանի մասնակցությունը: Ներկա պահին նախկին դատախազի կատարած պաշտոնեական հանցագործությունները կրկին ի պաշտոնե պաշտպանության տակ է առել ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը: Ռուզան Ադանալյանը ՀՀ դատախազության Հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազ Վ.Դոլմազյանի կողմից գրություն էր ստացել այն մասին, որ հաղորդումն իր մեջ հանցագործության տարրեր չի պարունակում: Սպանված երիտասարդի մայրը նորից բողոք է ներկայացրել դատարան հենց Վ.Դոլմազյանի կողմից նշված օրենքը խախտելու, հանցագործության վերաբերյալ ընդամենը գրություն տրամադրելու դեմ:



Այսօրվա դատական նիստին տիկին Ռուզանին հատկապես վրդովվեցրել է դատախազի առարկությունները: «Ահա, թե ինչպես ներկայացավ, ասում է. «Ես գործի մանրամասներից տեղյակ չեմ: Սակայն Ռ.Ադանալյանի ցանկությունն է, որպեսզի մեկ այլ մարդու ևս մեղադրանք առաջադրվի…նրա բողոքը անհիմն է և այլն: Ներկա պահին գործը քննության է առնվում Շիրակի մարզի դատարանում, իսկ առհասարակ Ռուզան Ադանալյանը ուզում է լսել այն, ինչ ցանկանում է»»,- hraparak.am-ի հետ զրույցում պատմեց կինը: «Նշված առարկության վերաբերյալ ահա, թե ինչ կասեմ, եթե իսկապես դրա վերաբերյալ չկան ապացույցներ, և դա իմ կողմից ցանկություն է, փափագ, պարզապես լսել, որ որդուս սպանել է նաև մեկ այլ անձ, ապա ցանկանում եմ, որ նման բարոյազուկ դատախազների ցանկությունը ևս նույնը լինի իրենց որդիների համար: Ես խնդրում եմ չդիտարկել իմ կողմից որպես չարություն, սակայն դա միայն կարող է լինել իմ համարժեք պատասխանը վերջիններիս: Ինձ համար կոնկրետ սա հավասարազոր է այն փաստին, երբ անբարոյականին բռնում ես իր անբարոյականության մեջ, սակայն նա անառակին հատուկ վարքագծով հայտնում է, թե դա ինքը չէ…»,-նեղսրտած ասաց կինը



Չնայած դատախազի ելույթից հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանն անմիջապես հայտարարել է նիստը հետաձգելու մասին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորն իր բողոքում միջնորդություն է ներկայացրել դատարանին՝դատախազից պահանջելու դատարան ներկայացնել իր կողմից, իր բառերով գրված հաղորդման բնօրինակը, Ռուզան Ադանալյանին, այնուամենայնիվ, որոշ բաներ տարօրինակ են թվացել: «Տարօրինակ էր, որ դատավորը թույլ չտվեց դատախազի առարկությունների վերաբերյալ հայտնելու իմ դիրքորոշումը, անմիջապես գլխի շարժումներով ինձ ինչ -որ բան հասկացնելով փակեց բերանս: Նիստից հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատախազի ներկայությամբ ինձ հորդորեց հետևյալը. «Ձեզ խորհուրդ եմ տալիս գնալ ՀՔԾ և Ձեր կողմից նշված պաշտոնատար անձանց մասին մանրամասն տալ հաղորդում դրանց կատարած պաշտոնական հանցագործությունների վերաբերյալ»: Փաստորեն դատարանում քննության առնվող բողոքն ըստ էության չէր վերաբերում պաշտոնատար անձանց: Իսկ ամենազավեշտալին այն էր, որ իմ կողմից բողոքին կից ներկայացված փաստաթղթերի ցանկում առկա էր տրված հաղորդման կտրոնի պատճեն, սակայն դատախազ Վ.Դոլմազյանն հասկացել էր, թե ես ներկայացրել եմ հենց հաղորդման բովանդակության պատճեն, մինչդեռ հաղորդումը չէր կարող ինձ մոտ լինել: Եվ դատախազը խնդրեց դատարանից հետևյալը. «Հարգելի դատարան, խնդրում եմ թույլ տվեք ծանոթանամ Ռ.Ադանալյանի կողմից ներկայացված հաղորդմանը,որպեսզի կարողանամ հայտնել իմ դիրքորոշումը»: Փաստորեն այդքան ժամանակ դատախազ Վ.Դոլմազյանն իր առարկությունները ներկայացնում էր անհայտ հաղորդման մասին»,-ասաց սպանված երիտասարդի մայրը:



**Արևիկ Հակոբյան**