Մեկնարկվում է աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված հանրային իրազեկման հայ-ճապոնական ծրագիրը

Մեկնարկվում է աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված հանրային իրազեկման հայ-ճապոնական ծրագիրը
ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այսօր՝ նոյեբմերի 17-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Ուզբեկստանի գրասենյակի ղեկավար Ֆուշիմի Կացուտոշիին:



Հանդիպման ընթացքում քննարկվել են Ճապոնական կառավարության կողմից այս տարի հաստատված «Ճգնաժամային և աղետների ռիսկի կառավարման հանրային իրազեկման ցանց» ստեղծելու դրամաշնորհային հայտի շրջանակներում իրականացվող ծրագրի նախապատրաստական աշխատանքային հարցերը:



Ծրագրի հիմնական նպատակն է հանրային իրազեկման ճիշտ քաղաքականության և մեխանիզմների կիրառմամբ նպաստել երկրում աղետների ռիսկի նվազեցմանը: Նախատեսվում է հիմնել և և տեխնիկապես հագեցնել ուսումնական կենտրոն, որտեղ աղետների մասին ուսանելու և տարատեսակ աղետների ժամանակ անհրաժեշտ վարքականոններին ծանոթանալու հնարավորություն կունենան հանրության բոլոր թիրախային խմբերը: Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների՝ աղետներն ու արտակարգ իրավիճակները լուսաբանելու ուղղությամբ վերապատրաստվելու հնարավորությունը:



Հիշեցնենք, որ «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման» ծրագիրը մեկնարկելու է 2018 թ.-ի մայիսին: