Ժամանակի եւ ստատուս քվոյի ուղիղ համեմատականությունը

Ժամանակի եւ ստատուս քվոյի ուղիղ համեմատականությունը
Արդեն տեւական ընթացք է, ինչ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ի դեմս եռանախագահների, բավականին պասիվ է: Դա զգացվում է թե՛ մեր տարածաշրջան նրանց այցերի, թե՛ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների սակավությունից, թե՛ անգամ հատուկենտ այդ հանդիպումներից հետո արվող հայտարարությունների ոչինչ չպարունակող տեքստերից: Այլ խոսքով` եռանախագահները մի տեսակ անհավես են դարձել կամ ուղղակի հոգնել են կողմերին անընդհատ նույն բանն ասելուց ու նրանցից նույն բանը լսելուց: Բայց, արդյոք, ՄԽ վերջին շրջանի պասիվությունը, որ 2016թ. ապրիլին նաեւ հանգեցրեց պատերազմական գործողությունների, եռանախագահող երկրների հոգնածության արդյո՞ւնք է միայն: Դժվար թե:



Ի՞նչ հարաբերություններ ունեն ՄԽ եռանախագահ երկրներից երկուսը` ԱՄՆ-ն եւ Ռուսաստանն այսօր: Արդյոք այդ գերտերությունների երկկողմ հարաբերությունները չե՞ն կարող ազդել ՄԽ-ում նրանց հարաբերությունների վրա: Բնականաբար` ազդում են: Սիրիայում սկսված ռուս-ամերիկյան հակամարտությունը, որ իր գագաթնակետին հասավ նախ Ուկրաինայի դեպքերով եւ ապա ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի, իբր, միջամտության սկանդալներով եւ հիմա աստիճանաբար տեղափոխվում է Կորեական թերակղզի, անտարակույս, ազդում է նաեւ ՄԽ-ում երկրների պահվածքի վրա, այդ հարթակում որոշումների ընդունումը դարձնելով ավելի դժվար, հարցերի քննարկումը՝ ավելի ժամանակատար ու ձանձրալի: Դժվար է, գուցե, պատկերացնելը, բայց Պուտինի մեկ հայտարարությունը կամ Թրամփի մեկ գրառումը սոցցանցում կարող է միանգամից փոխել ՄԽ եռյակի օրակարգը: ՄԽ-ում Ֆրանսիայի պահվածքի վրա չե՞ն ազդում, արդյոք, ԵՄ խնդիրները` Brexit-ից մինչեւ Կատալոնիայի անկախության հանրաքվե, փախստականների խնդիր, տնտեսական լրջագույն դժվարություններ` կախված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանումից: Իհարկե, ազդում են: Ֆրանսիան, որքան էլ ենթակա Բրյուսելի քաղաքականությանը, միեւնույն է, առանձին երկիր է` սեփական խնդիրներով հանդերձ: ԵՄ անդամ լինելը ոչ մի երկրի, իսկ Ֆրանսիային՝ առավել եւս, չի ազատում Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, նաեւ զարգացող եվրոպական տնտեսություններին դիմակայելու եւ սեփական շուկաները չկորցնելու հոգսերից: Այսքանից հետո էլ ի՞նչ ՄԽ:



ՄԽ այս պասիվությունը թե՛ վնասել կարող է մեզ եւ թե՛, հակառակը, ժամանակ շահելու հնարավորություն ընձեռել: Նույն դիլեմայի առջեւ է նաեւ Ադրբեջանը: Երբ համեմատում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի պահվածքները, նկատելի է, որ ժամանակ շահելու հարցում ավելի շատ շահագրգռված ենք մենք: Ադրբեջանը, ընդհակառակը, շահագրգռված է, որ խնդիրը տեղափոխվի այլ հարթակներ, արծարծվի ամեն օր եւ ամեն տեղ: Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտությունը քննարկման առարկա է դարձնում ռուս-իրանական, ռուս-թուրքական բանակցություններում, ԱՊՀ-ում, Մոսկվայի, Վաշինգտոնի, ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի հետ իր հարաբերություններում: Մինչդեռ Հայաստանը, չմերժելով Ադրբեջանի հետ բանակցությունների որեւէ հնարավորություն, այդուհանդերձ, առանձնապես ակտիվություն չի ցուցաբերում ղարաբաղյան խնդրի` այլ հարթակներում քննարկելու, պրոցեսն այդկերպ արագացնելու առումով: Սա մյուս կողմից էլ նշանակում է, որ մեզ, գուցե, ձեռնտու է ՄԽ պասիվությունը: Մենք գիտենք հավերժ ձգվող հակամարտությունների օրինակներ, որոնցից ամենացայտունը, թերեւս, Կիպրոսն է: Այսօր այդ կղզու թուրքական եւ հունական հատվածների միջեւ ընթացող բանակցություններում թուրքական զորքերի դուրսբերման հարցն ամենավերջին տեղերում է հայտնվել: Եվ դրա պատճառը ժամանակն է: Թուրքիայի ներխուժումը Կիպրոս սկսվել է 1974 թվականի հուլիսի 20-ին եւ ավարտվել 1974 թվականի օգոստոսի 18-ին՝ Կիպրոսի պետական հեղաշրջմամբ: Մեր դեպքում պատերազմական գործողություններ սկսողն Ադրբեջանն է եղել, եւ այդ պատերազմն ավարտվել է 1994թ. զինադադարով ու ներկա ստատուս քվոյի ամրագրմամբ: Ադրբեջանի մեծագույն ցանկությունն է հայկական ուժերի կողմից ազատագրված տարածքները ներկայացնել որպես օկուպացված տարածքներ: Նրան այդ հարցում ձայնակցում է Թուրքիան` մի պետություն, որ ստեղծվել է բազմաթիվ ազգերի բնօրրանների վրա ու այսօր էլ օկուպացված է պահում Կիպրոսը: Իրենց խնդիրներով տարված` աշխարհի հզորները, ժամանակի հետ, կարծես համակերպվել են Թուրքիայի գոյության փաստի հետ, եւ, վստահաբար, նրանք համակերպվելու են նաեւ Ղարաբաղի ներկա ստատուս քվոյի հետ, որովհետեւ ապագայում էլ նրանք սեւեռված են լինելու իրենց եւ ոչ թե մեր խնդիրների վրա:



Ժամանակ շահել: Շատերն ասում են, թե դա հարցի լուծում չէ: Համամիտ չենք, իհարկե: Դիցուք` Ադրբեջանը մեզ երկու անգամ ապացուցել է, որ կարող է պատերազմ սկսել եւ զինադադար խնդրելով ու բանակցություններ սկսելով ժամանակ շահել ու խուսափել մեծ կորուստներից: Ձգվեր ապրիլյան պատերազմը` ինչո՞վ կավարտվեր այն Ադրբեջանի համար` այսօր ոչ ոք չի կարող ասել, սակայն փաստ է, որ Մոսկվայում Բաքվի խնդրանքով ձեռք բերված նոր զինադադարը փրկեց ադրբեջանական բանակի մնացորդները: Այո, մնացորդները, որովհետեւ այդ բանակն ընդունակ չէ երկարատեւ պատերազմի: Նրանց կրած սարսափելի կորուստները, որ հետեւանք էին միայն հայկական ուժերի առաջնագծին բախվելու, տասնապատիկ եւ հարյուրապատիկ ավելին էին լինելու, եթե ձգվեր այդ պատերազմը: Ի պատիվ Ալիեւի, պետք է ասել, որ նա շուտ հասկացավ դա:



Հայաստանը կրկին պատրաստվում է ասոցացման համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ: Հիշեք «Կովկասի գերուհին» հանրահայտ ֆիլմի այն հրաշալի կտորը, որտեղ Մհեր Մկրտչյանի հերոսը հայտարարում է. «Նա, ով մեզ խանգարում էր, նա էլ մեզ կօգնի»: 2013 թվականին մեզ խանգարողների պակաս չկար: Ժամանակ է անցել` 4 տարի: Այդ ընթացքում շատ բան է փոխվել աշխարհում: Նաեւ մեզ խանգարողն է հասկացել, որ Հայաստան-ԵՄ պայմանագիրը ոչ միայն չի վնասում իր շահերին, այլեւ նպաստում է Եվրոպայում իր խաթարված իմիջի վերականգնմանը, ինչպես նաեւ ԵԱՏՄ գաղափարի իմաստավորմանը: Հիրավի անիմաստ է խոսել Լիսաբոնից Վլադիվոստոկ առանցքի մասին եւ դրան հակադրել ԵԱՏՄ-ն: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու մեծաշուք բացումը, անշուշտ, ահազանգ էր Մոսկվայի համար: Կրեմլում, կարծում ենք, այսուհետ այլ կերպ կնայեն Լոնդոնից Պեկին առանցքներ գծելու հարցերին: Միջազգային ճանապարհը Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ գիծը չէ, որ քանոնով գծես: Այն կարող է նաեւ քեզ շրջանցել, ինչպես եղավ Բաքու-Կարս երկաթուղու պարագայում, եթե չես խաղում միջազգային օրենքներով: Բնականաբար, Թուրքիան եւ Ադրբեջանը կփորձեն օգտվել Ռուսաստանի շփոթված վիճակից` շահարկելով երկաթգծի քաղաքական գործոնը եւ Ռուսաստանին հրավիրելով մասնակցել այդ ավանտյուրային: Դա Ադրբեջանին եւ Թուրքիային տեսական շանս կարող է տալ Ղարաբաղի հարցը Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան ֆորմատով քննարկելու համար: Սակայն, ճնշելով Հայաստանին, Ռուսաստանն ստիպված կլինի ընդունել իր պարտությունը ոչ թե ԱՄՆ-ից կամ Չինաստանից, այլ Ադրբեջանից եւ Թուրքիայից` Հարավային Կովկասը թողնելով նրանց տնտեսական տիրապետության տակ:



Հայաստանի` դեպի Եվրոպա քայլերը, բաց սահմաններ ունենալու ձգտումը, Իրանի ողջ թափով ներգրավումը Հարավային Կովկասի տնտեսական ծրագրերում Հայաստանից ոչ պակաս ձեռնտու են նաեւ Ռուսաստանին` որպես հակակշիռներ այս տարածաշրջանում իր կրած կորուստների: Այնտեղ հրաշալի են հասկանում, որ եթե հարկ լինի փակել Ռուսաստանի ճանապարհը դեպի տաք ջրեր, ապա Էրդողանը չի հապաղի հերթական ռուսական օդանավը խոցել, ասենք, Ադրբեջանի երկնքում: Լոլիկի առեւտուրը միշտ էլ կարելի է վերականգնել, մինչդեռ պատմությունը հուշում է, որ դժվարը կորցրած տարածքներն ու ազդեցության գոտիները վերականգնելն է: Այդ հարցը լուծվում է միայն ժամանակի հետ, որի ընթացքում, սովորաբար, բոլորն են հաշտվում ստատուս քվոյի հետ: Ալյասկա, Սախալին, Կիպրոս, Աբխազիա, Հարավային Օսիա, Կոսովո, Ղրիմ… Արցախի Հանրապետություն… Օրինակները շատ են:



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**