ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Վիեննայում

ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Վիեննայում
Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն այս տարվա դեկտեմբերի 7-8-ին, Վիեննայում: Այս մասին հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիեւի հայտարարությունն այս առնչությամբ: Մասնավորապես Բաքվի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ասել է, որ Մոսկվայում այսօր Էլմար Մամեդյարովի եւ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների հանդիպման ընթացքում Բաքուն համաձայնել է հանդիպմանը: Նա նաեւ ասել է, որ Մամեդյարով-եռանախագահներ հանդիպումը անցել է դրական եւ կառուցողական, առարկայական քննարկումների մթնոլորտում, որոնցից Բաքուն գոհ է: Հետաքրքրականն այն է, որ մշտապես դժգոհություններ եւ վերապահումներ ունեցող Բաքվում այս անգամ գոհունակություն են հայտնել բանակցային սեղանին առկա բոլոր առաջարկների հետ կապված քննարկումներից: Նշենք, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը: