Հայաստանի զարգացման տնտեսական մոդելը իրեն սպառել է․ Վահագն Խաչատրյան

Հայաստանի զարգացման տնտեսական մոդելը իրեն սպառել է․ Վահագն Խաչատրյան
Այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն հայտարարել է, որ ՀՀ պետական պարտքը կառավարելի է. «Արդեն 2018 թվականին երևում է շրջադարձային կետ, երբ ՀՆԱ-ի մեջ պետական պարտքը կայունանում է, և մենք մեկ տոկոսով իջնում ենք: Դա բնավ չի նշանակում, որ մենք չենք շարունակելու զարգացման ծրագրերը, ուղղակի մենք դա անելու ենք չափավորված կերպով՝ համակցելով ընդհանուր կայունության հետ: Մենք մեր ներքին ծրագրերն ավելացրել ենք, որ ներքին ինվեստիցիաների վրա ուղղորդենք»:



Փոխվարչապետի խոսքով՝ 2018 թվականի բյուջեի նախագիծը՝ որպես քաղաքական փաստաթուղթ, շատ հստակ արտացոլում է, թե ինչու և ինչի համար են տրված առաջնահերթությունները: Ըստ նրա՝ բոլոր խնդիրները հստակորեն նախանշված են. «Բյուջեն իրատեսական է, ազնիվ ու շատ հստակ տալիս է այն առաջնահերթությունները, որը մեզ հնարավորություն կտա ոչ թե կարճաժամկետ լուծումներ գտնել, այլ երկարաժամկետ տնտեսական հիմքեր ստեղծել»:



Արդյոք Հայաստանի բյուջեն իրատեսակա՞ն է, և կարո՞ղ է երկարաժամկետ տնտեսական հիմքեր ստեղծել, փորձել ենք պարզել տնտեսագետներից։



Տնտեսագետ **Թաթուլ Մանասերյան**ը կարծում է, որ Հայաստանը ունի ներուժ նման բյուջե կատարելու համար․ «Եթե կառավարությունը նման բյուջե է պատրաստել և վստահ եմ, որ դա երկարաժամկետ զարգացման հիմքեր է տալու, մնում է հուսալ, որ դա իրականություն կդառնա, և շատ կարևոր է, որ բացի այդ ընդհանուր խոսքերից, կառավարությունը նաև պատասխանատվություն ստանձնի ժամկետներով, փուլերով և կոնկրետ անձերով։ Ովքե՞ր են պատասխանատվություն կրելու։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե Հայաստանի Հանրապետությունը ունի՞ հնարավորություններ նման բյուջե կատարելու, ապա կասեմ, որ Հայաստանը ունի ավելի հարուստ ռեսուրսներ՝ ավելի մեծ չափով եկամտային մասը ապահովելու, իսկ դրա համար նախ պետք է հետևողական աշխատանք՝ նախ ստվերը կրճատելու, տնտեսական աշխուժություն ստեղծելու երկրում, որպեսզի տնտեսական զարգացումից ստացած արդյունքների հաշվին և հարկելու հաշվին ունենանք ավելի հարուստ պետական գանձարան, և այդտեղից արդեն հնարավորություն ունենանք գիտության , պաշտպանության և այլ ոլորտներում գումարներ հատկացնելու։ Ես կարծում եմ,որ մենք ունենք բավարար տնտեսական ռեսուրսներ»։



Իսկ տնտեսագետ **Վահագն Խաչատրյան**ը կարծում է, որ Վաչէ Գաբրիելյանի հայտարարությունները բյուջեի վերաբերյալ իրատեսական չեն։ «Կարծում եմ փոխվարչապետը արտառոց ոչ մի բան չի ասել, դուք կարող եք իր և իր կոլեգաների հայտարարությունները վերցնել նախկին տարիների բյուջեի քննարկման ժամանակ։ Ինքս նայել եմ, պետական պաշտոնյաների՝ բյուջեի վերաբերյալ գնահատականների որևէ փոփոխություն չկա, բայց ցավոք սրտի պատկերը լրիվ այլ է լինում։ Ես կարող եմ ասել, որ այս հայտարարությունները իրատեսական չեն, դրանք իրականություն դառնալու որևէ հնարավորություն չունեն։ Նրանք ամենակարևոր խնդրի մասին չեն ուզում խոսել, որը կայանում է նրանում, որ այսօր Հայաստանի զարգացման տնտեսական մոդելը իրեն սպառել է և այդ մոդելը պետք է փոխվի, իսկ այս մոդելը փոխելու մեջ ամենակարևոր կոմպոնենտը քաղաքականն է, այդ քաղաքական փոփոխությունների մասին որևէ խոսք չկա»,- մեզ հետ զրուցում ասաց Վահագն Խաչատրյանը։



**Կորյուն Սիմոնյան**