Ո՞րն էր ՀՀԿ-ի պարտության իրական պատճառը Շիրակի մարզում

Ո՞րն էր ՀՀԿ-ի պարտության իրական պատճառը Շիրակի մարզում
Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքները ԿԸՀ-ն վերջնականապես ամփոփել է, եւ ընտրված համայնքապետերն ու ավագանու անդամներն արդեն իսկ իրենց լիազորությունների մեջ են: Շիրակի մարզը, որ այս ընտրություններում տարբերվեց ՀՀԿ-ականների պարտությամբ եւ ՀՅԴ-ի հաղթանակով, 3 խոշորացված համայնքի համայնքապետ ընտրեց:Հաշվի առնելով դաշնակցական մարզպետի փաստը՝ նրանց հաղթանակը Շիրակի մարզում կարծես օրինաչափ էր: Սակայն կարծիքներ ու տեսակետներն այլ են: Ոմանց համոզմամբ՝ ՀՀԿ-ի պարտությունը պայմանավորված էր սխալ ռազմավարությամբ, ինչպես նաև մարզում կուսակցության ներքին խժդժությունով: Մարմաշենում առաջադրված երկու ՀՀԿ-ական համայնքապետերն էլ՝ Աշոտ Եղոյանն ու Թորգոմ Սահակյանը պարտվեցին, քանի որ ՀՀԿ-ն պաշտպանում էր ոչ թե կուսակցության, այլ անհատի շահերը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ միմյանց դեմ կատաղի պայքար էին ծավալել երկու հանրապետական գյուղապետերը: ՀՀԿ-ն պաշտոնապես սատարում էր Քեթիի համայնքապետ Թորգոմ Սահակյանին, ինչը վիրավորել էր Մարմաշենի երկար տարիների համայնքապետ Աշոտ Եղոյանի ինքնասիրությունը:



ՀՀԿ մեր աղբյուրը վստահեցնում է, որ Ա. Եղոյանին խաղից դուրս հանելու մտադրությունը Շիրակի ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանինն էր: Ինչևէ, ՀՀԿ-ականների միջև ծավալված կատաղի պայքարի արդյունքում շահեց ՀՅԴ-ն: Նրանց առաջադրած թեկնածուն տարածաշրջանում բավականին հարգված գործարար Կարեն Արշակյանն էր: Արդյունավետ իրականացրած քարոզչությամբ Կարեն Արշակյանը հաղթանակ տարավ: Իսկ ահա Ախուրյան խոշորացված համայնքում, որը միավորում է 8 բնակավայր, հաղթանակ տարավ Ախուրյան գյուղը 21 տարի ղեկավարած ՀՅԴ-ական Արծրունի Իգիթյանը: Այստեղ ՀՀԿ-ի դիրքորոշումն առավել քան զարմանալի էր: Փոխարենը աջակցելու է իր թեկնածուին՝ Բասենի համայնքապետ ՀՀԿ-ական Համլետ Պետրոսյանին, պաշտոնապես աջակցեց կոալիցիոն գործընկերոջ թեկնածուին:



Ի դեպ, ասում են, սա նույնպես կուսակցության ներսում տարաձայնությունների պատճառ է դարձել: Մեզ հետ զրույցում արդեն իսկ համայնքապետ ընտրված Արծրուն Իգիթյանը չհերքեց այն, որ հանրապետականներն իրեն զգալի օգնել են:



**-Պարո՛ն Իգիթյան, ձեզ օգնելով իրենք պարտվեցին, ինչո՞ւ այդպես դասավորվեց:**



-Չէի ասի, որ Հանրապետականը պարտվել է, ամեն տեղ հաղթել են, մի տեղ էլ թող պարտվեն: Բացի այդ, դա խոսում է ազատ մրցակցության, արդար ընտրության մասին:



**-ՀՅԴ-ի հաղթանակը մարզում ինչո՞վ էր պայմանավորված:**



-Ճիշտ թեկնածուների ընտրությամբ:



Շիրակի մարզում միայն Անիի համայնքապետ ընտրվեց Մարալիկի ՀՀԿ-ական քաղաքապետ Արտակ Գևորգյանը: Այստեղ նույնպես, ըստ լավատեղյակ աղբյուրների, հանրապետականները միահամուռ չեն գործել: Նրանց մի մասը սատարել է Սառնաղբյուր գյուղից առաջադրված մի այլ թեկնածուի: Սակայն Արտակ Գևորգյանի քավոր՝ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Սամվել Նիկոյանի դիրքերն Անիի տարածաշրջանում ամուր էին: Նրա սանիկը հակառակորդից առաջ անցավ մոտ 2000ձայնով: Հետաքրքիրն այն է, որ ՀՀԿ մարզային կառույցը հայտարարել է , թե այս ընտրություններում իրենք հաղթեցին, քանի որ հաղթանակել է կոալիցիոն գործընկերը:



**Արևիկ Հակոբյան**