Հանգույցը լուծված է

Հանգույցը լուծված է
Մի քանի ամսից մեր երկիրը վերջնականապես կթեւակոխի խորհրդարանական կառավարման փուլ։ Կսկսեն գործել բոլոր այն ինստիտուտները, որոնք սահմանված են Սահմանադրությամբ եւ բնորոշ են պառլամենտական երկրին, կդադարեն գործել այն կառույցները, որոնք հատուկ էին կիսանախագահական կառավարմանը։ Մենք այժմ անցումային փուլում ենք, եւ նաեւ դրանով են պայմանավորված այն անորոշությունն ու շփոթը, որ տիրում են երկրում։ Քաղաքական դաշտը, հասարակությունը, ինչու չէ՝ նաեւ միջազգային հանրությունը սպասում է, թե ինչպիսի կառավարման համակարգ կձեւավորենք մենք, ինչով կտարբերվի այն նախկին համակարգից, ինչ առավելություններ կունենա, ինչ թերություններ։ Միանգամայն բնական է, որ այս ամիսներին է պարզ դառնալու՝ իսկապե՞ս նախկին համակարգի փոփոխությունը մի նպատակ ուներ՝ Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի հարատեւությունն ապահովել, թե՞ այն նաեւ կառավարման օպտիմալացում, երկրի դեմոկրատացման ու արդյունավետ զարգացմանն ուղղված փոփոխություններ է իր հետ բերելու։ Բնական է նաեւ, որ մեզանում անհատի, ուստիեւ ապագա դերակատարների ով լինելու հարցն է սուր դրված, եւ մենք շարունակ քննարկում ենք ՀՀ վարչապետի, փոխվարչապետների, նախագահի թեկնածությունները։ Ընդ որում՝ քննարկում են բոլորը՝ մեծից փոքր, քաղաքական գործչից մինչեւ տնային տնտեսուհի։ Իսկ հետաքրքրությունների առանցքում Սերժ Սարգսյա՞ն, թե՞ Կարեն Կարապետյան դիլեման է, որը, ըստ ամենայնի, արդեն իսկ կարելի է լուծված համարել։ Համենայնդեպս, վերջին շրջանի որոշ իրադարձություններ ու հայտարարություններ խոսում են այն մասին, որ հանգուցալուծումն արդեն առկա է։ Իսկ երեկ, ներդրումների այդքան երկար սպասված հայտարարությունն ու «Ռեդիսոնում» Կարեն Կարապետյանի բացակայությունն ավելի հստակեցրին իրավիճակը։



**Արմինե Օհանյան**