«Մոսկվայի հանդիպումը առաջ բերեցին մեկ պատճառով՝ հոկտեմբերի 12-ին այլ պատկեր էր լինելու»

«Մոսկվայի հանդիպումը առաջ բերեցին մեկ պատճառով՝ հոկտեմբերի 12-ին այլ պատկեր էր լինելու»

Հարցազրույց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ

- Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը պետք է լիներ հոկտեմբերի 12-ին, սակայն տեղափոխվեց, կայացավ այսօր։ Ի՞նչն է պատճառը, ձեր կարծիքով։

- Կարծում եմ, դա կապված է միայն մեկ գործոնի հետ՝ որ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակը անցավ հակահարվածների ու պատժում է թշնամուն։ Դա է պատճառը, որ Ալիևը արագացրեց բանակցությունը, քանի որ կարող է, մինչև ամսի 12-ը կորուստներն ավելի լուրջ լինեին։ Նա գործում է առաջ ընկնելով իրադարձություններից։ Հասկացավ, որ կարող է պարտություն կրել և ուզում է ֆիքսել շփման գծի այսօրվա վիճակը։

- Հնարավո՞ր է, որ Մինսկի խմբի երեկվա փակ հանդիպումը Ժնևում ինչ-որ դեր խաղացած լինի։

- Չէի ասի, անկեղծ ասած՝ ես Ժնևի հանդիպմանը ոչ մի արժեք չեմ տալիս։ Բայց Մոսկվայի հանդիպումը կարևոր էր, ու այն առաջ բերեցին մեկ պատճառով՝ հոկտեմբերի 12-ին այլ պատկեր էր լինելու։

- Այլ պատկեր սահմա՞նը կունենար։ Կարելի՞ է ասել, որ սահմանը հաստատված է, և նրանք ուզում են ֆիքսել այսօրվա վիճակը։

- Ոչ։ Իրենք շատ բան են ուզում։ Չեմ կարծում, որ այդպես է, քանի որ արտգործնախարար Զորայր Մնացականյանը պաշտոնապես հայտարարեց, որ այս հանդիպումը ունի միակ նպատակ՝ հումանիտար։ Դա շատ կարևոր ճշտում էր մեր կողմից, որ բոլորը իմանան․ գնում ենք զինադադար հաստատելու, մի քանի ժամ, մի օր, կամ չգիտեմ, որքան, մի նպատակով՝ որ զինվորների դիակները հավաքեն։ Կարծում եմ, այս ճշտումը շատ հարցերի պատասխան էր։ Բովանդակային հարցերին, ղարաբաղյան հարցի լուծմանը այդ հանդիպումը չի վերաբերում։

- Մի բան էլ՝ ինչո՞ւ են Պուտինն ու Մակրոնը իրար հետևից նույնանման հայտարարություններ են անում։ Մակրոնի խոսնակն այսօր կանխատեսեց, որ օրվա, կամ գիշերվա ընթացքում հրադադարը կհաստատվի։

- Համանախագահները ցույց են տալիս, որ իրենք ակտիվ են։ Դուք գիտեք, որ Ադրբեջանն ուզում է հանել Ֆրանիսային համանախագահողների կազմից։ Պաշտոնապես չեն հայտարարել դեռ, իհարկե։ Իսկ Ֆրանսիան ուզում է ու հաստատում է, որ ինքը կա։ Կարծում եմ, որ եթե միայն Ռուսաստանը հայտարարություն աներ՝ մեկ համանախագահը, արդեն բավարար կլիներ։ Բայց Ֆրանիսան ասում է՝ մենք այստեղ կանք, ադրբեջանցիք, խաղեր չտաք։