Վարչապետն ընդունել է Վրաստանի մրցակցային գործակալության նախագահին

Վարչապետն ընդունել է Վրաստանի մրցակցային գործակալության նախագահին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ նոյեմբերի 9-ին, ընդունել է Վրաստանի մրցակցային գործակալության նախագահ Նոդար Խադուրիին,- այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։ Վարչապետի խոսքով՝ հայ-վրացական բարեկամական հարաբերությունները կարելի է բնորոշել որպես բարձր մակարդակի ու դինամիկ զարգացող, և պետք է շարունակել բազմաոլորտ գործակցության էլ ավելի ընդլայնմանն ուղղված համատեղ ջանքերը, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի զարգացման ուղղությամբ: Կարեն Կարապետյանը ողջունել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և Վրաստանի մրցակցային գործակալության միջև այսօր Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, որի նպատակը մրցակցության քաղաքականության և մրցակցային օրենսդրության կիրառման ոլորտում երկու երկրների միջև փոխգործակցության խթանումն ու ամրապնդումն է,- նշվում է հաղորդագրության մեջ։ Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին ընդունելության համար՝ Վրաստանի մրցակցային գործակալության նախագահը նշել է, որ արդյունավետ քննարկումներ է ունեցել իր հայաստանցի գործընկերոջ հետ, և կողմերը համատեղ նախանշել են համագործակցության՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները: Հանդիպման ժամանակ վարչապետ Կարապետյանը կարևորել է կոնկրետ ապրանքային շուկաներում գնագոյացման առանձնահատկությունների վերհանումը և համապատասխան ուսումնասիրությունների անցկացումը: