Քաղաքական կարիկատուրշչիկների անհավատալի արկածները

Քաղաքական կարիկատուրշչիկների անհավատալի արկածները

Մենք միշտ ենք ասել, որ Հայաստանում կա քաղաքական հանճարների մի շերտ, որի շնորհիվ կարիկատուրայի ժանրն անպակաս է հայ քաղաքական մտքի անդաստանում: Մի առիթով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այս շերտը բնորոշող ոչ թե ածական, այլ մի ամբողջ գոյական դրեց շրջանառության մեջ` «վերլուծագանգ»: Հիշեցի՞ք: Բայց պատկերացրեք` ոչ ոք չփորձեց իր վրա վերցնել: Պատճառն էլ այն է, որ քաղաքական կարիկատուրայի ժանրում ստեղծագործելը չափազանց դյուրին է, եւ կարելի է օրական մի քանի իրարամերժ հոդված գրել հանրությանը հուզող եւ նույնիսկ չհուզող միեւնույն հարցի մասին: Գրում են արագ եւ, որպես կանոն, առանց մտածելու:



Ահավասիկ, նախօրեին վերլուծում էին ՀՅԴ ղեկավար մարմինների համատեղ ընդլայնված նիստի հաղորդագրությունը, որ հրապարակել էին գրեթե բոլոր կայքերը: Կարծում եմ` ավելորդ է նշելը, որ հաղորդագրությունը վերլուծողներից շատերն այնպես էին գրել, ասես իրենք ներկա են եղել նիստին: Ավելին, ասես իրենք շատ ավելի լավ գիտեն, թե իր խոսքում ինչ է ուզեցել ասել այդ նիստում ելույթ ունեցողը: Այդպես էլ, համոզված ուրիշի մտքերը կարդալու հարցում իրենց անսխալականության մեջ, եզրակացրել են, որ ՀՅԴ-ն հատուկ ժողով է արել, որպեսզի հարված հասցնի վարչապետին եւ կանաչ ճանապարհ հարթի Սերժ Սարգսյանի համար` դեպի վարչապետական աթոռ:



Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը մի տեսակ անհարմար է զգում այդ մասին վարչապետին ասել եւ ՀՅԴ-ին խնդրել է այսպիսի մի բան անել, որ Կարեն Կարապետյանը կամաց-կամաց իմանա 2018թ. ապրիլին իր անելիքը եւ «աջ քաշի»: Մեկ այլ գրբաց էլ գրել էր, թե կոալիցիոն կառավարության անդամ ՀՅԴ-ն, քննադատելով կառավարությանը, փորձում է խուսափել պատասխանատվությունից: Սա հետաքրքիր է մեկ այլ առումով: Ժամանակին Գագիկ Ծառուկյանը, լինելով կոալիցիոն կուսակցության ղեկավար, հայտարարեց, որ ՀՀԿ-ական նախարարներն իրենց տեղում չեն: Այն ժամանակ ոչ ոք չասաց, թե Ծառուկյանը խուսափում է կառավարության խայտառակ գործունեության պատասխանատվությունից: Բայց երբ, ի տարբերություն ԲՀԿ-ի, ՀՅԴ ղեկավար մարմինները գորգ են հրավիրում գործադիրում ներկայացված կուսակից նախարարներին ու մարզպետներին, քննարկում նրանց վստահված ոլորտներում տիրող իրավիճակը եւ նրանց ասում, որ փոփոխությունների տեմպերը չեն գոհացնում, որ սոցիալական խնդիրները չեն պակասել, որ տնտեսության զարգացման տեմպերը ցածր են սպասվածից, դա արդեն պատասխանատվությունից խուսափել է նշանակում, վարչապետին անկյուն քշել եւ այլն:



ՀՅԴ-ի պարագայում տարբերակված մոտեցումը նոր բան չէ: Այստեղ նրանք երկակի, եռակի, անգամ քառակի ստանդարտներ կարող են կիրառել, միայն թե կարողանան հերթական ցնդաբանությունը հասցնել հանրությանը: Ի՞նչ արժեր միայն նոր Սահմանադրության հետ կապված նրանց անդուլ տառապանքը, որով փորձեցին տպավորություն ստեղծել, թե ՀՅԴ-ն վատ ընդդիմություն է, քանի որ պաշտպանում է սահմանադրական փոփոխություններ կատարելու Սերժ Սարգսյանի որոշումը: Դե արի ու այսքանից հետո բացատրիր, որ սահմանադրական փոփոխությունները, մանավանդ, եթե դրանցով նախատեսվում է այնպիսի մեծ քաղաքական գործընթաց, ինչպիսին երկրի կառավարման կարգի փոփոխությունն է, հնարավոր չէ եւ սխալ է մեկնաբանել ընդդիմություն-իշխանություն հակադրությամբ կամ խաղով: Այս դեպքում ստիպված ես կողմնորոշվել միանգամայն այլ բաներով, օրինակ` երկրի զարգացման համար քո պատկերացրած լավագույն մոդելի առավելություններով: Ի վերջո, այնպես էլ չէր, որ ՀՅԴ-ն մեր նոր անկախության շրջանում, հանկարծ, եկավ այն համոզման, որ խորհրդարանական կառավարումն է լավագույն տարբերակը: Դեռ 18-20 թվականներին մենք այս համակարգն ենք ունեցել, իսկ նոր անկախության շրջանում ՀՅԴ-ն ամեն ինչ արել է նախագահի միահեծան իշխանության, լավ իմաստով, թուլացման եւ իշխանության մյուս օղակների իրավասություններն ընդլայնելու ուղղությամբ: Ճի՞շտ էր, արդյոք, Րաֆֆի Հովհաննիսյանը, որ հայտարարում էր խորհրդարանական կառավարման առավելությունների մասին, սակայն դեմ էր, որ փոփոխությունը կատարի Սերժ Սարգսյանը: Ոչ ոք Րաֆֆի Հովհաննիսյանին խորհրդարանական կառավարմանը «ոչ» քվեարկելու համար այսօր չի քննադատում, փոխարենը քննադատում են Դաշնակցությանը, որ «այո» ասաց իր սեփական համոզմունքներին:



Նորից գանք ՀՅԴ Բյուրոյի եւ ԳՄ-ի համատեղ ընդլայնված նիստին: Ասում են` ՀՅԴ-ն իր հաղորդագրությամբ հաջորդ կառավարության մեջ ներկա լինելու հայտ է ներկայացնում, տալիս է նոր իշխանության ձեւավորման գործընթացի մեկնարկը եւ այլն: Նույնիսկ գրել էին` ՀՅԴ-ն այսօրվանից է հնչեցնում զանգը, որ ժամանակ ունենա շահելու հանրության համակրանքը: Հետո հանկարծ հիշում են, որ՝ չէ, արա, առաջիկայում ընտրություններ չկան, եւ այս ծուղակից դուրս են սողոսկում իրենք իրենց հարց տալով` իսկ գուցե ՀՅԴ-ն այսկերպ ցույց է տալիս, որ կոալիցիայում ինքը ինքնուրո՞ւյն խաղացող է: Փարատելով այս կարգի բոլոր անհանգստությունները` նշենք, որ, ի տարբերություն 7 ամսական «ընդմիշտ ընդդիմադիրների», ՀՅԴ-ն երբեք ֆալշստարտ չի գրանցում, եւ ժամանակն է հասկանալու, որ կոալիցիան ինքնանպատակ մի բան չէ, որտեղ պետք է լավ ժամանակ անցկացնել ու թռնել: Իսկ 2018 թվականի ապրիլից հետո, մանավանդ, կոալիցիայում արդյունավետ աշխատել կարող են բացառապես ինքնուրույն քաղաքական ուժերը, այնպես, ինչպես ցույց տվեց ՀՅԴ-ն` գործադիրում ներկայացված իր ընկերներից հաշվետվություն պահանջելով: Այլապես ասում եք` զանգ, ստարտ, հարված վարչապետին, սիրում եմ-չեմ սիրում… Ծիծաղելի է:



ՀԳ. Մինչ մենք գրում էինք հոդվածը, կայքերում երեւաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունն այն մասին, որ Սերժ Սարգսյանն իր փորձով` թե քաղաքական եւ թե խրամատային, երկրի անվտանգության հարցերում անփոխարինելի է: Դե արի ու իրար այսքան սիրող երկու ՀՀԿ-ականներին հակադրիր միմյանց եւ փորձիր մեկին անկյուն քշել: Իսկ ո՞վ էր օրնիբուն գրում նրանց հակասությունների մասին: Այո, այո, մեր քաղաքական կարիկատուրշչիկները:



Էդիկ
ԱՆԴՐԵԱՍՅԱՆ