Ոչ սա, ոչ նա․ հայտնի է Փարաքարի միջնակարգ դպրոցի ժամանակավոր պաշտոնակատարը

Ոչ սա, ոչ նա․ հայտնի է Փարաքարի միջնակարգ դպրոցի ժամանակավոր պաշտոնակատարը

Երեկ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի միջնակարգ դպրոցի ծնողները բողոքի ցույց էին անում՝ փակելով Երեւան- Արմավիր մայրուղին։ Հիշեցնենք, որ դպրոցի աշակերտների ծնողները ցանկանում էին պարզաբանում ստանալ, թե ինչպես է ստացվել, որ Փարաքարի միջնակարգ եւ հիմնական դպրոցի վերամիավորման դեպքում, միջնակարգ դպրոցի տնօրեն Վարազդատ Հակոբյանն այլեւս չի աշխատելու, նրան փոխարինելու է Փարաքարի հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Մակարյանը։



Խնդրի վերաբերյալ այսօր հանդիպում է տեղի ունեցել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի եւ ծնողների միջեւ։ Հանդիպմանը Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ սուբյեկտիվ վերաբերմունք չունի դպրոցի տնօրեններից եւ ոչ մեկի նկատմամբ։ Առաջարկել է այl դպրոցից ժամանակավոր պաշտոնակատար նշանակել։



Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը մեզ հայտնեց, որ Փարաքարի միջնակարգ դպրոցի տնօրենի պարտականությունները ժամանակավոր ստանձնելու է Թաիրով համայնքի դպրոցի փոխտնօրենը։



Փարաքարի միջնակարգ եւ հիմնական դպրոցի տնօրեններ Վարազդատ Հակոբյանն եւ Կարինե Մակարյանը ազատվել են աշխատանքից։



Գայանե Սայադյանը մեզ հետ զրույցի ժամանակ գտնվում էր Փարաքարի միջնակարգ դպրոցում, հարցին՝ աշխատակազմը գո՞հ է կայացված որոշումից, տիկին Սայադյանը պատասխանեց․ «Չգիտեմ․․ հիմա դասաբաշխում ենք անում, խնդրեցին, որ համաչափ լինի դասաբաշխումը, 0-0 համաչափ արեցինք, մի քանիսինը մի քիչ ավել եղավ, հիմա էլ ասում են՝ ճիշտ ա իմը 19 ժամ էր, բայց նրանը 22 ժամ ա, ինչի՞ տենց եղավ։ Ինչ էլ անես «գոհ»-ը մի քիչ հարաբերական ա, կարծում եմ՝ մի քանի օրվա ընթացքում գոհ կլինեն»։



Փարաքարի համայնքապետ Սամվել Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք ներկայացրել ենք առաջարկ, որ հիմնական դպրոցի շենքը հանձնվի համայնքին․ «Մենք էդտեղ ուսումնարանի նման, «Թումո»-ի նման ինչ-որ մի բան բացենք։ Մենք էդպիսի նամակ ենք գրել մարզպետարան, Պետգույքին։ Իսկ էդտեղ «Երեւան Սիթի» բացել, կներեք, փողոցային խոսակցություններ են։ Մի քանի օր առաջ մենք գյուղում ասֆալտ էինք անում, ասում էին՝ ասֆալտը Սամվել Ալեքսանյանն ա անում, որ դպրոցը փակեն, տան իրեն»։



Աննա Պապիկյան