Տարիներ անց կառավարությունը դպրոցներից պահանջել է վերադարձնել գումարները

Տարիներ անց կառավարությունը դպրոցներից պահանջել է վերադարձնել գումարները

Մեր տեղեկություններով՝ կրթության եւ գիտության նախարարությունը հանրակրթական դպրոցներից պահանջում է վերադարձնել վերջին տարիներին տրամադրված գումարները՝ այն պատճառաբանությամբ, որ սխալ հաշվարկներ են կատարել։ Կրթության եւ գիտության նախարարությունից հետաքրքրվեցինք, թե ինչու են տարիներ անց պահանջում վերադարձնել տրամադրված գումարները։



Նախարարությունից մեզ ներկայացրել են պարզաբանում, թե ինչպես են ՀՀ վարչապետի այս տարվա սեպտեմբերի 1-ի հանձնարարականի համաձայն՝ Երեւանի քաղաքապետարանը, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզպետարանները կատարել գումարների պլանավորման եւ փաստացի ծախսերի ուսումնասիրություններ։ Խնդիրն այն է, որ նրանք հիշել եւ գզրոցներից հանել են կառավարության 2013թ․ հունիսի 27-ի եւ 2013թ․ հուլիսի 18-ի որոշումները։ Եվ ահա ուսումնասիրությունների արդյունքում կատարված վերահաշվարկներն էլ ներկայացրել են ֆինանսների նախարարություն։



Իսկ թե ինչ դեր են խաղացել կառավարության վերը նշված որոշումները՝ նույնպես հետաքրքիր պարզաբանում է տրվել։



2013թ․ հուլիսի 1-ից ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը, հայտնի է, որ սահմանվել է 45․0 հազար դրամ, իսկ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի համար նույն թվականի հուլիսի 7-ից ուժի մեջ է մտել նոր սակագին։ Դե, այսքանից հետո էլ ստեղծվել է անհարմար իրավիճակ ինչպես ուսումնական հաստատություններում, այնպես էլ համայնքային բյուջետային հիմնարկներում եւ համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում։ Չէ՞ որ, այդ հիմնարկներին լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման նպատակով 2013թ․ պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից հատկացված գումարները գերազանցել են փաստացի ծախսերը։ Վարչապետն էլ հանձնարարել է կառավարության 2013թ․ հունիսի 27-ի եւ նույն թվականի հուլիսի 18-ի որոշումներով հատկացված գումարների եւ փաստացի ծախսերի տարբերությունը վերադարձնել ՀՀ պետբյուջե։ ԿԳՆ-ին ենթակա ուսումնական հաստատություններն էլ վերադարձրել են հատկացված գումարների եւ փաստացի ծախսերի տարբերությունների չափով ֆինանսական միջոցները։