Իմունիտետի անկում

Իմունիտետի անկում

Մեր ազգի դիմադրողականությունը շատ է ընկել՝ պայքարի կամք, համառություն, նպատակասլացություն, ցավոք սրտի, շատ քիչ են ցուցաբերվում։ Մարդն ավելի հեշտ զիջում ու հանձնվում է, քան պայքարում, փորձում ապացուցել իր ճշմարտացիությունը։ Հենց այդ իմունիտետի անկումն է պատճառը, որ արտագաղթողների քարավանները չեն կրճատվում։ Առաջին իսկ դժվարությանը հանդիպելով՝ մեր համաքաղաքացիները ոչ թե փորձում են հաղթահարել դրանք, հեռացնել իրենց ճանապարհի խոչընդոտները, այլ իրենք են հեռանում խոչընդոտների ճանապարհից։ Ընտրական պրոցեսները, օրինակ, գնալով անհետաքրքիր են դառնում, քանզի ընտրությունն ավարտվում է քվեարկությունից օրեր առաջ, երբ զոռբայությամբ, փողով, կաշառելով ու ճնշումներով՝ թեկնածուներին ստիպում են հրաժարվել մրցակցությունից։ Երեկ, օրինակ, ընտրություններից ընդամենը 3 օր առաջ «զենքերը վայր դրեց» Սիսիանի միավորվող համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Համբարձումյանը, որի մեջքին «Ծառուկյան դաշինքն» էր կանգնած։ Սա այն եզակի տեղանքներից էր, որտեղ իրական մրցակցություն կար եւ գործող ՀՀԿ-ական քաղաքապետին հաղթելու շանսեր։ Ընտրատարածքների մեծ մասում իրականում չկա ընտրություն՝ կա՛մ մեկ թեկնածու է մնացել, կա՛մ ՀՀԿ-ն մրցում է ՀՀԿ-ի դեմ։ Նախկին քաղաքապետի փեսան թեկնածությունը հանելու հետ կապված՝ բավականին տարօրինակ հայտարարություն է տարածել․ «Գնահատելով Սիսիանի տարածաշրջանում նախընտրական քարոզչության ամբողջ ընթացքը, վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ թիմակիցներիս հետ երկարատեւ քննարկումներ իրականացնելուց հետո ես որոշում եմ կայացրել դադարեցնել իմ քարոզարշավը եւ դուրս գալ ընտրապայքարից»։ Սակայն թե ինչն է իրական պատճառը, պարզ չէ։ Իսկ քանի դեռ նման մութ գործարքները չեն բացահայտվում, դրանք շարունակելու են ուղեկցել մեզ։