Ե՞րբ կավելանան Իրանից գազի ներմուծման ծավալները

Ե՞րբ կավելանան Իրանից գազի ներմուծման ծավալները

Այսօր Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հետաքրքրվեց նոյեմբերի 24-ին ստորագրվելիք ՀՀ-ԵՄ համաձայնագրին՝ հետարարավելով, թե հնարավո՞ր է՝ խոչընդոտներ լինեն այդ հարցում։
Ի պատասխան՝ Քոչարյանը հայտարարեց, որ Հայաստանը որևէ խնդիր չի տեսնում նոյեմբերի 24-ին Եվրոպական Միության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը սոտորագրելու համար։
«Մենք որևէ խոչընդոտ չենք տեսնում, որպեսզի նոյեմբերի 24-ին այս համաձայնագիրը ստորագրվի: Այդ մասին նաև նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում կայացած քննարկմանը խոսել է նաև արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը»,-ընդգծեց Քոչարյանը:



Պատգամավորի մյուս հարցին՝ 2018թ. Հայաստանը պլանավորո՞ւմ է միջազգային նոր կառույցների անդամակցել, փոխնախարարն ասաց, որ ոչ․ «Մենք չենք պլանավորում 2018թ. որևէ նոր միջազգային կազմակերպության միանալ»:
Քննարկմանը անդրադարձ եղավ Իրանից գազի ներմուծման ծավալների հնարավոր մեծացմանը։ Քոչարյանն ասաց, որ Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրական կայանի շինարարության ավարտից հետո Հայաստանը հնարավորություն կունենա ավելացնել Իրանից գազի ներմուծման ծավալները:



«Երբ մենք ավարտենք այդ կայանի շինարարությունը, հնարավորություն կունենանք ավելացնել իրանական գազի ներմուծման ծավալները: Այս պահին այն խողովակը, որով մենք Իրանից գազ ենք ստանում, օգտագործվում է 20-25 տոկոսով: Մենք հիմա ի վիճակի չենք ավել օգտագործել, որովհետև կա պայմանավորվածություն՝ մենք Իրանին տալիս ենք էկլեկտրաէներգիա, նրանք մեզ դրա դիմաց՝ գազ: Այս պահին մեր հզորությունները բավարար չեն, որպեսզի նրանց ավելի շատ էլեկտրաէներգիա տանք, ինչի դիմաց կարող ենք գազի ներմուծման ծավալներն ավելացնել»,-ասաց նա։



Քոչարյանը նաև նկատեց, որ բարձրավոլտ էլեկտրական կայանի կառուցումը հնարավորություն կտա Իրան ավելի շատ էլեկտրաէներգիա մատակարարել, ինչի դիմաց Հայաստանն ավելի շատ գազ կստանա Իրանից:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ