Էներգետիկ խոշոր օբյեկտները՝ փող վատնելու, իսկ վերականգնվող էներգետիկան՝ սակագինն իջեցնելու գործիք

Էներգետիկ խոշոր օբյեկտները՝ փող վատնելու, իսկ վերականգնվող էներգետիկան՝ սակագինն իջեցնելու գործիք

Նկատե՞լ եք, որ այլընտրանքային էներգետիկան որպես գերակա ուղղություններից մեկը հռչակած մեր կառավարությունը չի շտապում այդպիսի օբյեկտներ կառուցել: Ընդհակառակը՝ մեր ղեկավարները ցանկանում են զարկ տալ միլիարդներ կամ, գոնե, հարյուրավոր միլիոն դոլարներ արժեցող ՋԷԿ-երի կամ ատոմակայանների կառուցմանը եւ դրանց վերանորոգմանը: Նրանց նույնիսկ չգայթակղեց ԱՄՆ առաջարկը՝ Հայաստանում վերականգնվող էներգետիկայի բնագավառում 8 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկարի մասին, որը բարձրաձայնեց դեսպան Ռիչարդ Միլզը: Այդ միլիարդներով ամերիկյան ընկերություններն արեւով, քամիով եւ չոլերով հարուստ Հայաստանում պետք է ղռերում կառուցեին բազմաթիվ ոչ խոշոր արեւային կամ քամու ուժով աշխատող էլեկտրակայաններ: Դրանով նրանք կապահովեին Հայաստանի կարիքները՝ նվազագույնի հասցնելով դրսից ներկրվող էներգակիրների օգտագործումը: Այդպիսի հեռանկարը մղձավանջ է թվում մեր ղեկավարներին, քանի որ կզրկի նրանց ահռելի գումարներ վատնելու եւ էլէներգիայի սակագինն անընդհատ բարձրացնելու հնարավորությունից: Հետեւե՞լ եք, թե քանի անգամ է պարզվել, որ մեր ՋԷԿ-երն ու ատոմակայանը տասնյակ միլիոնավոր դոլարների անհասկանալի պարտք են կուտակել: Եվ դա այն դեպքում, երբ էլէներգիայի վճարները համարյա հարյուր տոկոսով հավաքվել են: Նույնը տեղի է ունեցել ՀԷՑ-ի եւ ներմուծվող գազի սակագինը թաքցնելու պարագայում, ինչի պատճառով Հայաստանը զրկվել է իր շահութաբեր եւ ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող էներգետիկ օբյեկտներից:



Ի՞նչն է ավելի ձեռնտու



2002 թվականից սկսած՝ գրում եմ հոդվածներ տնտեսական թեմաներով: Այդ պատճառով էլ մասնակցել եմ էներգետիկային վերաբերող բազմաթիվ միջոցառումների, հետեւել այդ բնագավառի նորություններին եւ իրադարձություններին: Եվ հայաստանցի մասնագետներից անընդհատ լսել եմ, թե մեր երկրին անհրաժեշտ են էներգետիկական խոշոր հզորություններ, գերադասելի է՝ ատոմային: Իսկ այլընտրանքային էներգետիկան լուրջ եւ վստահելի բան չէ, այն չի կարող ապահովել մեր երկրի պահանջները: Այսպես ասած՝ «պարապ վախտի խաղալիք» է: Նաեւ՝ թանկ էլէներգիա է արտադրում: Դա հնացած, ժամկետանց կարծիք է, ինչն ապացուցում է Գերմանիայի օրինակը: Այդ երկիրը Ֆուկուսիմայի ԱԷԿ-ի աղետից հետո օրենք ընդունեց ատոմային էներգետիկայից հրաժարվելու մասին եւ զարգացնում է վերականգնվող էներգետիկան: Գերմանիան, ի տարբերություն իր արդյունաբերությունը ոչուփուչ արած Հայաստանի, ունի արդյունաբերական մեծ հզորություններ: Այսինքն, ի տարբերություն Հայաստանի, որի էլէներգիայի պահանջարկը տարեցտարի նվազում է, Գերմանիայինը, ընդհակառակը, տարեցտարի աճում է: Այս տարվա հունիսին էլէներգիայի իր դրվածքային հզորության շուրջ մեկ երրորդը նա ապահովել է հողմաղացների միջոցով: Դրանց հզորությունը մինչեւ տարեվերջ կավելանա եւս 9 տոկոսով, իսկ արտադրված էլէներգիան էլ ավելի կէժանանա: Ջեսփեր Սթանը հոկտեմբերի 26-ին Bloomberg.com-ում հրապարակել է հոդված, որն ունի սենսացիոն վերնագիր՝ «Հանգստյան օրերին գերմանացիներին հնարավոր է վճարեն նրանց ծախսած էլէներգիայի դիմաց»։



Ըստ հոդվածագրի, այո, հնարավոր է, որ էլէներգիա արտադրողները վճարեն բնակիչներին, այլ ոչ թե հակառակը: Այդպիսի բան արդեն իսկ եղել է անցած տարվա մայիսին, երբ հողմաղացների հզորությունը հասել է ռեկորդային 38,370 Մվտ-ի, բայց տեւել է ընդամենը մի քանի ժամ, որի ընթացքում ոչ թե սպառողներն էին վճարել ծախսած էլէներգիայի դիմաց, այլ արտադրողները՝ սպառողներին: Այդ՝ մեր իրականության համար անհավատալի իրավիճակը հիմա էլ, ըստ Ջեսփեր Սթանի, կարող էր կրկնվել, քանի որ անցած հանգստյան օրերին սպասվում էր քամու այնպիսի ուժգնացում, որը թույլ կտար հողմաղացներին արտադրել 39,900 Մվտ հզորություն: Իսկ դա Գերմանիային անհրաժեշտ հզորության կեսից ավելին է: Եվ քանի որ հանգստյան օրերին էլէներգիայի ծախսը պակասում է, երկիրը կունենար դրա գերարտադրություն, եւ սակագինը կդառնար մինուս նշանով՝ զրոյից փոքր: Հետեւաբար, արտադրողները կա՛մ պետք է անջատեին ավելորդ հզորությունները, ինչը, ըստ Ջեսփեր Սթանի, թանկ է, կա՛մ էլ իրենք պետք է վճարեին սպառողներին, որպեսզի վերջիններն ավելի շատ էլէներգիա ծախսեն: Եվ դա պետք է տեւեր ոչ թե մի քանի ժամ, ինչպես 2016-ին էր, այլ՝ մի ամբողջ օր: Այստեղ կարեւոր չէ, թե անցած կիրակի օրը քամին իրո՞ք ուժգնացավ այնքան, որ էլէներգիայի սակագինը դառնա բացասական նշանով: Կարեւորն այն է, որ այդպիսի բան հնարավոր չէ ԱԷԿ-ների եւ ՋԷԿ-երի պարագայում, քանի որ էլէներգիա արտադրելիս դրանք ծախսում են ներկրված էներգակիրներ, որոնք անվճար չեն, իսկ քամին ու արեւն անվճար են: Ավելին՝ այդ ներկրված էներգակիրները մեր սպառողներին են հասնում շատ ավելի թանկ գներով, քան մեր հարեւաններին: Նաեւ այդ պատճառով է կործանվել մեր տնտեսությունը, եւ Հայաստանը, ունենալով ցեմենտի երկու հզոր գործարան, այսօր ցեմենտ է ներկրում մեր հարեւան երկրներից, քանի որ Հայաստանում արտադրվածն ավելի թանկ է: Նույնը վերաբերում է ջերմոցներում աճեցրած բանջարեղենին եւ այլ ապրանքներին, որոնց արտադրության համար պահանջվում է գազ եւ էլէներգիա ծախսել:



Մոլորություններ ատոմակայանի մասին



Հայաստանցիներին հիմա ներշնչում են, թե ատոմակայանի արտադրած էլէներգիան էժան է: Մինչեւ վերջերս դա իրոք այդպես էր, քանի որ Մեծամորի ատոմակայանը կառուցվել էր սովետի օրոք, եւ անհրաժեշտություն չկար սակագնի մեջ ներառել դրա կառուցման համար ծախսված գումարները: Հիմա, երբ Հայաստանը 270 մլն․ դոլարի վարկ է վերցրել ՀԱԷԿ-ի կյանքը 10 տարով երկարաձգելու համար, դրա արտադրած էլէներգիան թանկացել է, քանի որ այդ վարկի վերադարձի ծախսը ներառվել է սակագնում: Եվ «Էլեկտրիկ Երեւան» շարժման բողոքը նաեւ դրա դեմ էր: Իսկ եթե որոշվի կառուցել նոր ատոմակայան, ապա դրա արտադրած էլէներգիան շատ ավելի թանկ կլինի: Քանի որ, ըստ էներգետիկայի նախարարության տարբեր տարիներին ասվածի, այն պետք է արժենա 5-7,5 մլրդ․ դոլար, որը եւս ներառվելու է էլէներգիայի սակագնի մեջ: Եվ այդ միլիարդները պետք է վերադարձնենք մենք՝ սպառողներս:



Ներշնչում են նույնիսկ բացարձակ սուտ, թե, իբր, կարող են կրկնվել «ցուրտ ու մութ» տարիները: Դա անհնար է, քանի որ Հայաստանն այսօր առանց ատոմակայանի աշխատանքի էլ ի վիճակի է բավարարել էլեկտրականության իր օրեցօր պակասող պահանջարկը՝ օգտագործելով իր մյուս էլեկտրակայանները: Բացի այդ, ի տարբերություն «ցուրտ ու մութ» տարիների, այսօր մենք ունենք ոչ թե մեկ, այլ երկու գազամուղ, որոնցից յուրաքանչյուրն առանձին վերցրած ի վիճակի է բավարարել Հայաստանի բոլոր կարիքները: Նշենք նաեւ, որ Իրան-Հայաստան գազամուղը չի անցնում երրորդ երկրի տարածքով՝ Իրանից ուղիղ մտնում է Հայաստան:



Մեկ այլ թյուր կարծիք էլ կա ատոմակայանի կարեւորության մասին: Իբր նա ունի գիտական նշանակություն: Այդպիսի բան չկա: Գիտական նշանակություն ուներ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի տարածքում գտնվող էլեկտրոնային արագացուցիչը, որն անկախության օրոք գործեց ընդամենը մի քանի ամիս՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրոք: Չի գործում, որովհետեւ հնացած լինելու պատճառով մեծ քանակությամբ էլէներգիա է ծախսում, որը Հայաստանում թանկ է:



Ինչու Կովկասի ԱԷԿ-ը կառուցվեց լեռնոտ Հայաստանում



ՀԱԷԿ-ի կառուցումը կապված է հենց այդ՝ վերը նշված վերջին թյուր կարծիքի հետ: Սովետի օրոք Մոսկվան որոշեց Անդրկովկասի որեւիցե հարթավայրային տեղանքում կառուցել ատոմակայան, քանի որ Ադրբեջանում եւ Վրաստանում կար էլէներգիայի պակաս: Նշենք, որ Հայաստանը նման կարիք չուներ՝ ինքն իրեն լրիվ ապահովում էր: Մոսկվայի այդ առաջարկն ուղարկվեց Հարավային Կովկասի երեք հանրապետությունների կառավարություններին, որպեսզի վերջինները ներկայացնեն իրենց առաջարկները: ՀԽՍՀ ղեկավարությունը որոշեց, որ քանի որ Հայաստանում արդեն իսկ կա արագացուցիչ, «պրեստիժնի» կլինի ունենալ նաեւ ատոմակայան: Շտապ կազմվել է հիմնավորումը, թե ամենալավ եւ ձեռնտու տեղն Արարատյան դաշտավայրում գտնվող Մեծամորն է, եւ ուղարկվել է Մոսկվա: Իսկ Ադրբեջանի եւ Վրաստանի ղեկավարությունները... ՀՐԱԺԱՐՎԵԼ են իրենց երկրներում կառուցել այդ վտանգավոր օբյեկտը: Հայաստանի ղեկավարները հասկացել են իրենց սխալը, բայց արդեն ուշ է եղել: Եվ մինչեւ 1989 թվականը Հայաստանը, վտանգելով իր բնակչությանը, ՀԱԷԿ-ում էլէներգիա է արտադրել ու մատակարարել մեր հարեւաններին...



Գրիգոր
ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ