Մեջտեղի գիծը լինենք եւ թույլ չտանք, որ արյունահեղություն լինի. Սամվել Բաբայան

Մեջտեղի գիծը լինենք եւ թույլ չտանք, որ արյունահեղություն լինի. Սամվել Բաբայան

«Մենք անպայման մասնակցելու ենք ընտրություններին, այսօր կլինի իմ կողմից հայտարարություն»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը:

Նրա խոսքով` եթե չենք ուզում այս սեւ ու սպիտակով գնանք ու երկիրն ընդհանրապես կործանենք, ապա դրա համար իրենք մտնում են գործընթացի մեջ. «Մեջտեղի գիծը լինենք եւ թույլ չտանք, որ արյունահեղություն լինի, բայց ամեն ինչ գնում է դրան: Կապ չունի ով է հաղթում, ով է պարտվում, դա բերելու է արյունահեղության»։

Հարցին, թե կա՞ որեւէ ուժ, որի հետ կբացառի համագործակցությունը, նա պատասխանեց. «Ես չեմ բացառում որևէ ուժի հետ համագործակցությունը: Ինչ վերաբերում է երեք նախագահների՝ ընտրական գործընթացներին մասնակցությանը, հասարակությունն է որոշելու՝ իրենց կառավարելու հնարավորություն տալո՞ւ է, թե՞ ոչ: Մենք անգամ չգիտենք՝ ինչ ուժեր են մտնելու խորհրդարան: Ամեն ինչ ժողովուրդն է որոշելու: Ես զարմանում եմ, որ ասում են՝ մենք հաղթելու ենք, էս ենք անելու: Ոչ մեկն էլ  չի հաղթելու, հաղթելու է ժողովուրդը, ում էլ իր ձայնը տա»։